Իրադարձություններ

Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը

Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը

Օգոստոսի 16-ին Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն այս առիթով հանդիսավոր հանրահավաք էր  կազմակերպել։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի  հոգևորական դասի, ռազմական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը տեղի է ունեցել «Օշականի հերոսների» հուշարձանի մոտ (Արմավիրի մարզ):

1827 թվականի օգոստոսի 29-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1826−1828 թթ.)  տեղի  ունեցավ Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև Աշտարակի ճակատամարտ անունով), որի ժամանակ գեներալ Ա.Կրասովսկու երեքհազարանոց միացյալ ջոկատը մարտի դուրս եկավ տասն անգամ գերազանցող իշխան Աբբաս-Միրզայի պարսկական բանակի դեմ: 1827 թվականի օգոստոսին պարսկական բանակը ներխուժել էր Արևելյան Հայաստան և միավորվելով Էրիվանի սարդար Հուսեյն խան Քաջարի զորքերի հետ՝ պաշարել Էջմիածնի վանքը։ Էջմիածնից 35 վերստ հեռավորության վրա գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական ռազմական ջոկատը նրան միացած հայ և վրացի կամավորների հետ միասին օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի թվային տասնապատիկ գերազանցությանը, կարողացավ ճեղքել հակառակորդի պաշտպանական բնագծերը, ինչից հետո նույն գիշերը պաշարումը վերացվեց։ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին (ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոսը), որն այդ ժամանակ գտնվում էր Էջմիածնում, ձեռքում պահելով վանական մասունքը՝ «Քրիստոսի արյունով ներկված հռոմեական նիզակը», աղոթում էր «ռուսական բանակի» հաղթանակի համար։  Ռուսական ջոկատը զանգերի և աղոթքի երգերի ներքո մտավ վանք։ Էջմիածնի արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին ողջույնի խոսքով դիմեց բոլորին. «Մի բուռ մեր ռուս եղբայրները կատաղի թշնամու երեսունհազարանոց բանակի միջով հասան մեզ։ Այս մի բուռն անմահ համբավ  ձեռք բերեց, իսկ գեներալ Կրասովսկու անունը հավերժ անմոռանալի կմնա Էջմիածնի տարեգրության մեջ»։

1833-1834 թթ. Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու նախաձեռնությամբ վանքի և տեղի բնակիչների միջոցներով Էջմիածնից 4 կիլոմետր հեռավորության վրա կառուցվեց 1827 թվականի օգոստոսի 29-ին ընկած զինվորների հուշարձանը։

2011 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ «1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած Մայր Աթոռ Էջմիածնի ռուս ռազմիկ-փրկիչներին նվիրված» հուշարձանի հանդիսավոր բացումը։

Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարի է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:

Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։

Հուլիսի 4-ից 8-ը փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հատկանշական է, որ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։  Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի հուլիսի 18-ին աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:

Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի․ «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերար անձինք, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպմանը։ 

Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբն է մեկնել Հալեպ

Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբն է մեկնել Հալեպ

Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ՝ իր առաքելությունն իրականացնելու: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 10-րդ խմբի հերթափոխը:

«Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների` 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև հուլիսի 4-ը մաքրել և իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք։ Բացի այդ, հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։

Բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թիվն անցել է 60-ից, կան կալանավորվածներ

Բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թիվն անցել է 60-ից, կան կալանավորվածներ

Այսօր աննախադեպ բազմամարդ բողոքի ակցիա է կազմակերպվել Կառավարության շենքի դիմաց։ Սեպտեմբերի 19 -ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ագրեսիայի հետևանքով շփման գծում նորից կան զոհվածներ, իսկ որոշ հատվածներում կապի հնարավոր չէ առհասարակ դուրս գալ և արդեն իսկ կա պաշտոնական հաստատում, որ տասնյակ զինծառայողների մասին, որոնք եղել են վերջին օրերի թեժ մարտերի դիրքերում, տեղեկություն չունեն։ Նշված հատվածներում ժամկետային և պայմանագրային ծառայություն իրականացնող զինծառայողների ծնողները քանի օր է չեն կարողանում կապի դուրս գալ և այժմ կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել , ինչպես անվտանգային հարցերը կազմակերպելու, այնպես էլ իրենց զավակների մասին տեղեկություն հայտնելու համար։

Այսօրվա ակցիային էին միացել նաև 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում անհետ կորածների ծնողները և պահանջում էին պատասխանատվություն դրսևորել հայրենիքի պաշտպանների և զուտ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ։ Հավաքվածներից շատերն արդեն վախենում են , որ իրենց նույն ճակատագիրն է սպասվում, ինչ անհետ կորածների ծնողներին, որոնք մինչև հիմա պայքարում եմ իրենց որդիների համար։ Հանրահավաքին ներկա էր նաև իրավաբան Գոհար Մկրտչյանը, որը հիշեցնենք ներկայացնում է անհետ կորած զինծառայողների հարազատների շահերը, ինչպես նաև նրան էին միացել գործըներներ մյուս նախարարություններից։

«Նայեք թե ինչպես է ոստիկանության հատուկ ստորաբաժանումը պահպանում կառավարության շենքը , եթե մեր երկրի սահմաններն էլ այսպիսի պաշտպանություն ունենային, մենք այս վիճակում չէինք լինի»,-նկատեց Գոհար Մկրտչյանը մեզ հետ հարցազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ հավաքված մարդիկ իշխանություն չեն ուզում, իրենք եկել են, պարզապես ուզում են պատասխանատվություն իրենց զինվորների հանդեպ։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ կառավարության և գլխավոր դատախազության դիմաց անցկացված ակցիայի մասնակիցներին ոստիկանությունը բիրտ ուժ կիրառելով ցրել էր, շատերին բերման էր ենթարկել։ «Այդ մարդկանց անձնական վիշտը քիչ է, հիմա էլ ստիպված են բախվել իրավապահների անօրինականությունների հետ։ 23 հոգի որդեկորույս ծնող նախորդ մեր ակցիաների ժամանակ անօրինական ձերբակալվել էր ու օրեր անցկացրել ոստիկանության բաժանմունքներում, ընդհանուր վեց տասնյակ մարդու մեղադրանք է առաջադրվել, ևս 37 անձ կալանավորված է մինչև երկու ամիս ժամկետով»,- տեղեկացրեց Մկրտչյանը։ Իրավաբանի խոսքով ինքը նաև այդ հարցով է զբաղվում և հետամուտ է լինելու, որ ոստիկանության գործողություններին իրավական գնահատական տրվի։ «Այլապես մենք հետագայում նորանոր բռնության փաստերի հետ ենք գործ ունենալու»,- շեշտեց նա ։

Հեղ՝ Ալիսա Նավասարդյան

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺԵՐԻՆ ՊԱՀՈՒՄ ԵՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ

Այսօր Ոստիկանության Քանաքեռ Զեյթուն բաժնի շենքի դիմաց Ի պաշտպանություն Վահան Կոստանդյանի բողոքի ակցիա են կազմակերպել նրա համախոհները։ Նրանց խոսքով Կաստանդյանը երեք օր առաջ՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին մասնակցել է Երեւանում անցկացված մեծ հանրահավաքին, որով ընդդիմադիր ուժերը պահանջում էին իշխանություններից զերծ մնալ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու գաղափարից, հակառակ դեպքում մտադիր են բոլոր օրինակական ճանապարհներով հասնել վարչապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Ոստիկանությունը իբրև թե զանգվածային անկարգություն կանխելու նպատակով բիրտ ուժ էր կիրառել հանրահավաքի ակտիվ մասնակիցների նկատմամբ և շատերին բերման ենթարկել։

Բերման ենթարկվածների թվում է եղել նաև Վահան Կոստանդյանը իր կուսակցության խորհրդի անդամ Սամվել Ազիզյանի հետ միասին, որոնց ստիպողաբար տեղափոխել են Ոստիկանության Քանաքեռ Զեյթունի բաժին։

Կոստանդյանի համախոհները վստահեցնում են , որ երկու օր նրանից որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ, կապի հնարավորություն բացարձակապես չկա և նույնիսկ փաստաբանի այցելության հնարավորություն չի տրվել։ Նրանց խոսքով հայտնի չէ արդյոք նրանց որևէ մեղադրանք է առաջադրվել, թե ոչ և ինչ հիմքով են արդեն երկու օր նրանց պահում կալանքի տակ։

Հավաքվածները պահանջում են, որ Վահան կոստանդյանն ու Սամվել Ազիզյանն անհապաղ ազատ արձակվեն, այլապես մտադիր են գնալ նաև Դատախազության առաջ բողոքի ակցիա անցկացնել և հայտնել, որ ոստիկանությունն առանց օրինական հիմքի Կոստանդյանին պահում է բաժնում։

Հավաքվածները կասկած չունեն, որ սա ուղղակի հաշվեհարդար է։ «Իշխանությունները վաղուց են Կոստանդյանին թիրախավորել և առիթ են փնտրում նրան ու նրա կուսակիցներին պատասխանատվության ենթարկելու և այդպիսով լռեցնելու համար»,-պնդում էին հավաքվածները։

Վահան Կոստանդյանին և Սամվել Ազիզյանին այսօր իրենց համակիրների բողոքի ակցիայի շնորհիվ ազատ են արձակվել Ոստիկանության բաժնից, սակայն «Միասնական Հայաստանի» անդամները կասկած չունեն, որ կազմակերպության ղեկավար կամի ներկայացուցիչները նման փաստի առաջ դեռ էլի են կանգնելու։

Արամուսում պատրաստ են աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին

Արամուսում պատրաստ են աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին

Արամուս, Հայաստան - Նոյեմբեր 6, 2023

2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո, երբ հազարավոր հայեր հարկադրաբար լքեցին իրենց տները Արցախում, Կոտայքի մարզի Արամուս համայնքում մեկնարկեց կամավորական օգնության նախաձեռնություն՝ տեղահանված ընտանիքներին աջակցելու նպատակով։

Նախաձեռնության կազմակերպիչ Վահագն Կիրակոսյանը, իր ընտանիքի հետ միասին ձեռնամուխ եղավ դրամահավաքի և անհրաժեշտ պարագաների հավաքագրման աշխատանքներին։ Նպատակն էր հնարավորինս արագ արձագանքել ստեղծված հումանիտար իրավիճակին և աջակցել Հայաստան տեղտարրական անհրաժեշտության իրերի, սննդի ու դեղորայքի։

Արդեն մի քանի իր է Արամուսի Մշակույթի կենտրոնում  հավաքագրվում են հագուստ, վերմակներ, մանկական պարագաներ, ինչպես նաև կենցաղային իրեր ու սնունդ։ Տեղի բնակիչները արձագանքել են կոչին և իրենց հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերել։

«Մարդիկ գալիս էին ամեն օր՝ բերելով այն, ինչ կարող են։ Ոմանք բերում էին սնունդ, մյուսները՝ տաք հագուստ կամ կենցաղային տեխնիկա։ Կարևոր էր, որ ոչ ոք անտարբեր չմնաց, ի տարբերություն պետական մարմինների, որ առայժմ ոչինչ չեն ձեռնարկում մեր հայրենակիցներին աջակցելու համար»,-նկատում է նախաձեռնության հեղինակ Վահագն Կիրակոսյանը։ 

Բացի նյութական օգնությունից, նախաձեռնության անդամները փորձել են նաև ժամանակավոր բնակարաններ գտնել տեղահանված ընտանիքների համար։ 

Արամուսում անցկացված հավաքագրված օգնության առաջին խմբաքանակները արդեն բաշխվել են ինչպես համայնքում, այնպես էլ Երևանում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին։

Նախաձեռնությունը տեղական մակարդակում գնահատվում է որպես քաղաքացիական համերաշխության օրինակ։ Վահագն Կիրակոսյանի խոսքով , իրենց նպատակը եղել է ոչ միայն նյութական աջակցություն ցուցաբերելը, այլև բարոյական աջակցություն տրամադրելը՝ ցույց տալով, որ տեղահանված ընտանիքները միայնակ չեն և որ համատեղ ուժերով կարող ենք հաղթահարել ցանկացած դժվարություն, անգամ , երբ կառավարությունը բացարձակ անգործություն է դրսևորում։