Իրավունք

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

31.05.2025

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։

Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։

Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ո՛չ հեղափոխությունը, ո՛չ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։

Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է, և դա է նրան վախեցնում։

Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը, և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իր կողքին։

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխանակ պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»։