Իրավունք

584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով

01.12.2025

584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած 584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով։ 

Հիշեցնենք, որ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտը տարիներ շարունակ գործել է՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, սակայն 2023թ․ հուլիսի 12-ին Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ են իրականացվել, որոնց արդյունքում ՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից կարող են ազատվել նաև  ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձինք՝ «բացառիկ գործոնների» առկայության դեպքում։ 

Օրենքով նաև սահմանափակումներ են ներառվել Քրեական օրենսգրքում որոշ հանցատեսակների նկատմամբ այս ինստիտուտի կիրառման հնարավորության առնչությամբ, օրինակ՝ ցեղասպանության, թրաֆիքինգի, լրտեսության և այլն։ Խնդրահարույց է, սակայն այն հանգամանքը, որ ցանկում ներառված չեն սպանության, սեռական  անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, պետական դավաճանությունը ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ հոդվածը, որն առավել ծանր է, քան թրաֆիքինգը։ Օրենսդրական այս փոփոխություններն, ի սկզբանե, միանշանակ չեն ընկալվել: Նախ` մասնագիտական համայնքի ներկայացուցիչներն արդարացված չեն համարել նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար այս ինստիտուտի կիրառումը` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Բացի այդ, առկա էր մտահոգություններ` կապված ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին հակասելու, երկակի մոտեցումների և կոռուպցիոն  բարձր ռիսկերի, ինչպես նաև` տուժող կողմի իրավունքների խախտման առնչությամբ, ընդհուպ` անպատժելիության մթնոլորտի զարգացման, հանցավորության աճի, այդ թվում` ինքնադատաստանների դեպքերի: Հարկ է հիշել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքները եվրոպայում․ անպատժելիության վերացման անհրաժեշտությունը» 1675 (2009) բանաձևը, որի համաձայն՝ մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար։ ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարը Եվրոպայի Խորհրդի և բոլոր պետական և միջազգային իրավապահ մարմինների առաջնահերթություններից է։ Անպատժելիությունը պետք է վերացվի ինչպես որպես անհատական արդարադատության խնդիր, այնպես էլ հետագայում մարդու իրավունքների խախտումների կանխման գործիք:

Այդուհանդերձ, վիճակագրական տվյալները փաստում են, որ գործուն զղջալու ինստիտուտն  առավելապես լայն տարածում է ստացել՝ հենց ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, պարզ չէ՝ 2,5 տարվա ընթացքում 584 անձի դեպքում ինչ բացառիկ գործոններ են եղել։ Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2022 թ երկրորդ կիսամյակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ գործուն զղջալու հիմքով, քրեական պատասխանատվությունից ազատվել է 30 անձ, որից 24-ը՝ ոչ մեծ ծանրության, 6-ը՝ միջին ծանրության հանցնանքներով, 2023 թվականին՝ 236 անձ, որից 63-ը՝ ոչ մեծ ծանրության, 52-ը՝ միջին ծանրության, 119-ը ՝ ծանր, 2-ը՝ առանձնապես ծանր հանցանքներով, 2024 թվականին՝ 779 անձ, որից 120-ը՝ ոչ մեծ ծանրության, 223-ը՝ միջին ծանրության, 431-ը՝ ծանր, 5-ը՝ առանձնապես ծանր հանցանքներով, 2025 թվականի առաջին կիսամյակում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 106 անձ, որից 26-ը՝ ոչ մեծ ծանրության, 53-ը՝ միջին, 27-ը՝ ծանր հանցանքներով։

Թե ծանր և առանձնապես ծանր հանցանքներով գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատված անձինք, հիմնականում,  ՔՕ  որ բաժնում ընդգրկված հանցանքների կատարման մեջ էին մեղադրվում՝ պարզ չէ, դատախազությունից մանրամասներից զերծ են մնացել։ 
Նշենք, որ 2024թ․ հունվարի դրությամբ՝ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն՝ բացառիկ մեծամասնությունը կազմում էր զինվորական կարգի դեմ ուղղված հանցանքների մեջ մեղադրվող անձինք, մասնավորապես, ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող և գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատված 184 անձից 182-ը մեղադրվում էին զինվորական կարգի դեմ ուղղված հանցանքների կատարման մեջ։