ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը գրել է․
Բռնությունը դատապարտելի է։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործումն անընդունելի է։ Մարդու իրավունքները ոտնահարող և բռնության կոչեր պարունակող ցանկացած հրապարակում, այդ թվում՝ մեկնաբանություն, անթույլատրելի է։
Սիրելի քաղաքացիներ, այս արարքներից յուրաքանչյուրն ըստ ՀՀ օրենսդրության պատժելի է։ Ցավոք, մեր հասարակությունն անմասն չէ իրավախախտումներից, և դա է պատճառը, որ այսօր հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, իսկ հարյուրավորների նկատմամբ կիրառված են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։
Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ, այդ թվում` հանցագործության մեջ մեղադրվողները: Լինենք չափավոր մեր արտահայտություններում ու վարքագծում։
Բռնությունը ցանկացած դրսևորմամբ դատապարտելի է, սակայն ցանկանում եմ խոսել այն երևույթի մասին, որի հետ գործ ունենք այսօր: Համացանցում այս տեսանյութը շարունակվում է ակտիվ կերպով տարածվել, թիրախավորելով դրանում երևացող բոլոր երեխաներին, ինչպես բռնարարք կատարող, այնպես էլ բռնության ենթարկվող երեխային: Թիրախավորվում են նաև նրանց ծնողները։
Մեր պետությունը իրավական պետություն է, ուստի բոլոր հանցավոր երևույթներին արձագանքը պետք է տեղի ունենա իրավական ճանապարհով: Իսկ իրավական ճանապարհը հայտնաբերելն է հանցագործության դեպքը, բացահայտել հանցագործություն կատարած անձանց, պատժել նրանց և վերասոցիալականացնել: Պետք է նշեմ, որ շուրջ երկու ամիսների վաղեմություն ունեցող այս դեպքը գտնվել է պետական մարմինների ուշադրության կենտրոնում և դա է պատճառը նաև, որ երեխաների նկատմամբ կիրառված է եղել ամենախիստ խափանման միջոցը, որը կալանքն է, որի կիրառումը ըստ մեր օրենսդրության և միջազգային չափանիշների, միայն իրականացվում է խիստ բացառիկ դեպքերում: Հավելեմ, որ բոլոր անչափահասների նկատմամբ այժմ կան կիրառված խափանման այլ միջոցներ: