Հասարակություն

Ամենօրյա վարժություններն ըստ գրացուցակի ավելի արդյունավետորեն են ամրացնում հոդերը

Ամենօրյա վարժություններն ըստ գրացուցակի ավելի արդյունավետորեն են ամրացնում հոդերը

Ֆիզիկական ակտիվությունն ավելի արդյունավետորեն է ամրացնում հոդերն ու ոսկորները, եթե այն անցկացվում է ամեն օր նույն ժամին։ Նման եզրակացության են հանգել Մանչեստրի համալսարանի գիտնականները։ 

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ անկանոն, անկանխատեսելի գործունեությունը հանգեցնում է ոսկորների և աճառի վնասմանը։ Եվ ընդհակառակը, նույն ժամին ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու սովորությունը նպաստել է մկանային- հենակետային համակարգի հետ օրգանզիմի ցիրկադային ռիթմերի սինխրոնիզացմանը։

Գիտնականները նշում են, որ առավոտյան վարժություններն ակտիվացնում են ուղեղի լուսազգայուն կենտրոնները՝ մարմնին ազդանշան տալով «արթնանալու» մասին և խթանելով մկանային-հենակետային համակարգը։ Հետազոտողների կարծիքով, ցիրկադային ցիկլերը նկատվում են ոչ միայն սրտում և ճարպային բջիջներում, այլև միջողնային սկավառակների և աճառի հյուսվածքներում։ Այդ ռիթմերի խախտումը կապված է հիվանդությունների բարձր ռիսկի հետ։

Հեղինակներն ընդգծում են, որ հետևողական վարժությունների ռեժիմի պահպանումը կարող է հատկապես օգտակար լինել տարեցների և արթրիտից տառապող բուժառուների համար, քանի որ հետևողական ֆիզիկական ակտիվությունը նպաստում է ոսկրերի կորստի դանդաղեցմանը և կոտրվածքների վտանգի նվազեցմանը։ Հետազոտողները մտադիր են հետագա փորձերի ժամանակ այդ արդյունքները փորձարկել մարդկանց վրա՝ հոդերի և աճառների առողջության համար վարժությունների օպտիմալ ժամանակացույցի վերաբերյալ առաջարկությունները կատարելագործելու համար։

01.12.2025

Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ

Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը գրել է․

Բռնությունը դատապարտելի է։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործումն անընդունելի է։ Մարդու իրավունքները ոտնահարող և բռնության կոչեր պարունակող ցանկացած հրապարակում, այդ թվում՝ մեկնաբանություն, անթույլատրելի է։

Սիրելի քաղաքացիներ, այս արարքներից յուրաքանչյուրն ըստ ՀՀ օրենսդրության պատժելի է։ Ցավոք, մեր հասարակությունն անմասն չէ իրավախախտումներից, և դա է պատճառը, որ այսօր հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, իսկ հարյուրավորների նկատմամբ կիրառված են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։
Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ, այդ թվում` հանցագործության մեջ մեղադրվողները: Լինենք չափավոր մեր արտահայտություններում ու վարքագծում։ 

Բռնությունը ցանկացած դրսևորմամբ դատապարտելի է, սակայն ցանկանում եմ խոսել այն երևույթի մասին, որի հետ գործ ունենք այսօր: Համացանցում այս տեսանյութը շարունակվում է ակտիվ կերպով տարածվել, թիրախավորելով դրանում երևացող բոլոր երեխաներին, ինչպես բռնարարք կատարող, այնպես էլ բռնության ենթարկվող երեխային: Թիրախավորվում են նաև նրանց ծնողները։

Մեր պետությունը իրավական պետություն է, ուստի բոլոր հանցավոր երևույթներին արձագանքը պետք է տեղի ունենա իրավական ճանապարհով: Իսկ իրավական ճանապարհը հայտնաբերելն է հանցագործության դեպքը, բացահայտել հանցագործություն կատարած անձանց, պատժել նրանց և վերասոցիալականացնել: Պետք է նշեմ, որ շուրջ երկու ամիսների վաղեմություն ունեցող այս դեպքը գտնվել է պետական մարմինների ուշադրության կենտրոնում և դա է պատճառը նաև, որ երեխաների նկատմամբ կիրառված է եղել ամենախիստ խափանման միջոցը, որը կալանքն է, որի կիրառումը ըստ մեր օրենսդրության և միջազգային չափանիշների, միայն իրականացվում է խիստ բացառիկ դեպքերում: Հավելեմ, որ բոլոր անչափահասների նկատմամբ այժմ կան կիրառված խափանման այլ միջոցներ:

29.11.2025

Որտեղից է առաջանում սովորական մատերիայի զանգվածը

Որտեղից է առաջանում սովորական մատերիայի զանգվածը

Պրոտոնները և նեյտրոնները՝ ատոմային միջուկների հիմնական «շինանյութերը», հարյուրավոր անգամ ավելի ծանր են, քան այն երեք քվարկների զանգվածների գումարը, որոնցից նրանք կազմված են։ 2012 թվականին հայտնաբերված Հիգսի մեխանիզմը պատասխանատու է նուկլոնների զանգվածի ընդամենը 1–2%–ի համար։ Մնացած 98%–ը առաջանում էր «ոչ մի տեղից», և մինչև վերջերս ոչ ոք չէր կարողանում ճշգրիտ նկարագրել, թե կոնկրետ ինչպես։

Պատասխանը գտնվեց Քվանտային Քրոմոդինամիկայում։ Ջեֆերսոնի անվան Ազգային արագացուցչային լաբորատորիայի (Jefferson Lab, ԱՄՆ) ֆիզիկոսների միջազգային թիմը Symmetry հանդեսում հրապարակել է մի աշխատություն, որը համարվում է ադրոնների՝ ուժեղ փոխազդեցությանը մասնակցող մասնիկների զանգվածի ծնունդի մինչ օրս ամենաամբողջական բացատրությունը։ Ըստ Քվանտային Քրոմոդինամիկայի (ՔՔԴ), պրոտոնի զանգվածը գրեթե ամբողջությամբ էներգիա է, որը պարփակված է քվարկների և գլյուոնների դաշտերում։ Պրոտոնի ներսում գլյուոններն ունակ են փոխազդելու իրենք իրենց հետ՝ ստեղծելով անհավանական բարդ և հեռավորության հետ փոփոխվող դինամիկա։ Փոքր հեռավորությունների վրա (պրոտոնի չափի կարգի) քվարկները դադարում են լինել «մերկ» և շրջապատվում են վիրտուալ մասնիկների ամպով՝ դառնալով «հագնված»։ Հենց այս վիճակում է, որ յուրաքանչյուր քվարկ ձեռք է բերում մոտ 400 ՄէՎ դինամիկ զանգված, իսկ երեք այդպիսի «հագնված» քվարկներ, փոխազդելով միմյանց հետ, տալիս են գրեթե 1 ԳէՎ (938 ՄէՎ) զանգվածով պրոտոն։ Սա է հենց սովորական նյութի զանգվածի այդ 98%–ը։

1990-ականներից սկսած Jefferson Lab-ը CEBAF արագացուցչի վրա տվյալներ էր հավաքում պրոտոնի կառուցվածքի և նրա գրգռված վիճակների մասին։ Օգտագործելով Շվինգերի շարունակական մոտեցման մեթոդը, գիտնականներն առաջին անգամ կարողացան համադրել ՔՔԴ–ի տեսական հաշվարկները իրական փորձարարական դիտարկումների հետ ամբողջ հեռավորությունների տիրույթում։ Արդյունքը միանշանակ է. հենց քվարկների «հագնվելը» և ուժեղ փոխազդեցության դինամիկան են ամբողջությամբ բացատրում պրոտոնի և մյուս ադրոնների զանգվածը։

Հին 6 ԳէՎ ծրագրի տվյալները ծածկում էին այն գոտին, որտեղ զանգվածի մոտ 30%–ն է ծնվում։ Ներկայիս 12 ԳէՎ ծրագիրն արդեն հասել է կեսին։ Ավելի էներգիայով փնջերով ապագա փորձերը թույլ կտան «տեսնել» ամբողջ տիրույթը և վերջնականապես փակել հարցը։

«Երբ մենք ունենանք ամբողջական պատկերը, մենք իսկապես կհասկանանք, թե ինչպես գրեթե անզանգված քվարկներից է ծնվում տեսանելի Տիեզերքի գրեթե ամբողջ զանգվածը», — ընդգծել է հետազոտության հեղինակներից Վիկտոր Մոկեևը։

20.11.2025

800 արցախցի կօգտվի աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

800 արցախցի կօգտվի աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։

2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։ Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը․ այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում շահառուն հնարավորություն ունի օգտվել հետևյալ բաղադրիչներից՝

  • մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

 

09.10.2025

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։

Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից։

Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․

  • դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
  • արագ ազատել ճանապարհը,
  • 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ, լրացնել մնացած տվյալները։

Այս գործառույթը միաժամանակ նվազեցնում է խցանումները, բարձրացնում է երթևեկության անվտանգությունը, խնայում է վարորդների ժամանակը։

30.09.2025