Հասարակություն

Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք

Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հանրապետության տոնի առիթով

Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում ի հայրենիս և ի սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում Հանրապետության տոնի առիթով։

Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թ․ մայիսյան հերոսամարտերի, մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը։ Դարերի ընդմիջումից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը՝ արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսիլքով։

Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք և շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։

Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ՝ հավատալու մեր ուժերին, միավորվելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ. ամեն։

28.05.2025

Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան

Ինչու Հայաստանը այլևս չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ղեկավարությունը. Վարդան Օսկանյան

ՀՀ ԱԳ նախկին նախարար  Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հայերի մեծամասնությունը միավորված է մեկ համոզման շուրջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, և որքան շուտ՝ այնքան լավ։ Տարբերությունները վերաբերում են միայն այդ հեռացման ուղուն՝ խորհրդարանական անվստահություն, զանգվածային բողոքի ակցիաներ, արտահերթ ընտրություններ, թե սպասել 2026-ի նախատեսված ընտրություններին։ Սակայն լայն տարածում ունի նաև թերահավատությունը, որ այս մեխանիզմներից որևէ մեկը կգործի:

Բայց մի բան անբեկանելի է՝ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նույնիսկ մեկ օր ավել մնալ Փաշինյանի ղեկավարության ներքո։

Երկիրը կանգնած է իր ժամանակակից պատմության ամենավտանգավոր հանգրվաններից մեկում։ Ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության, ժողովրդավարական կառավարման, տնտեսական կայունության և ազգային համերաշխության ոլորտները զգալիորեն խաթարված և թուլացած են Փաշինյանի իշխանության տարիներին: Այն, ինչ 2018-ին սկսվեց հույսի և վերափոխման խոստումներով՝ թափանցիկություն, արդարություն, վերածնունդ, այսօր վերածվել է ինքնագործունեության, անընդունակության և ռազմավարական ձախողումների ժամանակաշրջանի։

Այսօր ակնհայտ է՝ Փաշինյանը ոչ միայն չի կարողացել դիմակայել առկա մարտահրավերներին, այլև փոշիացրել է ձեռքբերված նվաճումներն ու խորացրել երկրի խոցելիությունը։ Հայաստանի ապագայի համար նա պետք է հեռանա։ Ժամանակն է ձևավորել նոր ուղի։

Փաշինյանի ձախողման հիմքում արտաքին և անվտանգության քաղաքականության աղետալի կառավարումն է։ Տարածաշրջանում, որտեղ ռազմավարական խորությունն անհրաժեշտություն է, նա ղեկավարել է առանց փորձի, տեսլականի կամ կարգապահության։ Նրա մոտեցումը Ադրբեջանին՝ հակասական հռետորաբանությամբ և միակողմանի զիջումներով, խրախուսել է Բաքվին և մեկուսացրել Երևանին։ Նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Լեռնային Ղարաբաղը, ավելի քան 120,000 հայեր տեղահանվեցին, և դարավոր համայնք վերացվեց։ Սրանք պատերազմի անխուսափելի հետևանքներ չէին։ Սրանք վատ և ձախող ղեկավարության ուղիղ արդյունք էին, որը անպատրաստ էր դիմագրավել աշխարհաքաղաքական իրականությանը։

30.04.2025

Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն

Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն

ՀՀ ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն անդրադարձել է այս օրերին քննարկման առարկա դարձած Մեղրիի թեմային եւ  ֆեյսբուքյան գրառում կատարել:

Մեղրիի մասին փաստերով.

1, Հեյդար Ալիևը համաձայն էր, որ Արցախը միանար Հայաստանին Մեղրիի հետ փոխանակման դիմաց
2, Հայկական կողմը չի համաձայնվել Մեղրին Արցախով փոխանակելուն
3, Հայկական փայլուն դիվանագիտության արդյունքում բանակցային սեղանին հայտնվել է կարգավորման առաջարկ, որով Ադրբեջանին ընդամենը վերգետնյա ճանապարհ(էստակադա) էր տրամադրվելու Մեղրիով
4, Արցախը դառնալու էր միջազգայնորեն ճանաչված Հայաստանի մաս, Լաչինի միջանցքով հանդերձ
5, Չնայած նախնական համաձայնության Ադրբեջանը վերջին պահին հրաժարվել է այս տարբերակից
6, Այսօր՝ Արցախի կորստից հետո, Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ տալու շուրջ, դիմացը չստանալով ոչինչ
7, Փաշինյանի իշխանության ժամանակ Արցախը կորսվել է, Ադրբեջանը Հայաստանից օկուպացրել է Մեղրիից ավելի մեծ տարածք և չի էլ պատրաստվում հետ վերադարձնել

Առնվազն տարօրինակ և անազնիվ է, երբ գաղտնազերծում են որոշ պաշտոնյաների ընկալումները բանակցային սկզբնական փուլից, բայց չի գաղտնազերծվում բուն փաստաթուղթը, որն առաջացել է այդ բանակցությունների արդյունքում և որում հստակ ֆիքսված է, որ Մեղրին չէր փոխանակվելու: Եզրակացությունները յուրաքանչյուրի համար պետք է որ ակնհայտ լինեն:

Սրանք փաստեր են, իսկ իշխանությունների և այլ ուժերի կողմից գեներացվող աղմուկն այս ամենի շուրջ պարզապես նպատակ է հետապնդում նորից մոլորեցնել հասարակությանը հերթական միակողմանի զիջումների գնալուց առաջ:

30.01.2025

Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր կստեղծվի

Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիր կստեղծվի

Կառավարությունը նախատեսում է հաստատել «Հայաստանում մասնավոր թատրոնների աջակցության ծրագիրը», որը նպատակ ունի խթանելու մասնավոր թատրոնների գործունեությունը՝ ստեղծելով հավասար մրցակցային պայմաններ և նպաստելով ստեղծագործական միջավայրի զարգացմանը։ Նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական հարթակում։

Ծրագիրը մշակվել է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի պահանջների հիման վրա և համահունչ է Հայաստանի կառավարության 2021-2026 թթ. ծրագրի նպատակներին՝ ստեղծագործական կարողությունների իրացման բարենպաստ միջավայրի ապահովման և անկախ ստեղծագործողների գործունեության խթանման ուղղությամբ։ Ծրագրի նպատակն է աջակցել մասնավոր թատրոններին՝ ապահովելով նրանց բովանդակային և կազմակերպչական աճ։

Ծրագրի միջոցով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել, ապահովել թատերական ենթակառուցվածքներ՝ բեմական տարածքներ, փորձատեղեր և այլ անհրաժեշտ ռեսուրսներ, թատերախմբերին ներգրավել պետության կողմից իրականացվող ծրագրերին, տրամադրել մրցութային դրամաշնորհների և «Բաժանորդային ծրագրի» հասանելիություն։

Շահառուներ կարող են հանդիսանալ իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են նորարարական և փորձարարական թատերական գործունեությամբ։
Թատրոնները կարող են դիմել տարեկան մեկ անգամ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն։ Աջակցությունը կտրվի մինչև 3 տարի ժամկետով։
Շահառուները պարտավորվում են ապահովել ներկայացումների որակը, հանդիսատեսի թվաքանակը, ինչպես նաև ներգրավվել միջազգային փառատոներում։
Տրամադրված տարածքները կարող են վարձակալվել կամ տրամադրվել անհատույց՝ պայմանագրային հիմունքներով։
2025 թվականին ծրագիրը կիրականացվի ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներով՝ առանց բյուջետային ծախսերի ավելացման։ 2026-ից սկսած՝ նախատեսվում է այն ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրում։ Հատուկ ուշադրություն կդարձվի թատերական ներկայացումների հասանելիությանն ու սոցիալապես անապահով խմբերի ներգրավմանը։

Պարբերական մոնիթորինգ կիրականացվի ծրագրի արդյունքները գնահատելու նպատակով՝ ներառյալ հանդիսատեսի թվաքանակը, ներկայացումների որակը և թատերախմբերի ֆինանսական արդյունավետությունը։
Ծրագրի կիրարկմամբ կձևավորվի ժամանակակից և նորարարական թատերական միջավայր, կխթանվեն թատերախմբերի գործունեությունը և հայկական թատերարվեստի հանրահռչակումը։ Բացի այդ, կբարձրացվի մշակութային արդյունքի ճանաչելիությունը, ինչպես նաև թատերական բիզնեսի ոլորտում կառավարման մոդելների արդիականացման հնարավորություն կստեղծվի։
Այս ծրագիրը հիմնված է միջազգային փորձի ուսումնասիրության վրա, որը ցույց է տվել, որ մասնավոր թատրոնների աջակցությունը նպաստում է թատերական արվեստի բազմազանության զարգացմանը և հանդիսատեսի ներգրավմանն ավելի լայն շրջանակներում։

20.12.2024

«Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է

«Գոյ» թատրոնի աշխատակիցների նստացույցը շարունակվում է

«Գոյ» թատրոնի դերասանները նոյեմբերի 7-ից նստացույց են անում թատրոնի մուտքի մոտ։

Շուրջ 11 օր տևած նստացույցի ժամանակ «Գոյ» թատրոնի ստեղծագործական անձնակազմը «Գոյի» կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանի գլխավորությամբ դիմել են տարբեր կառույցների՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակից սկսած։

Նրանց պահանջն է՝ «ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք` միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»։

Հիշեցնենք՝ կառավարության որոշմամբ՝ «Գոյ» թատրոնը միավորվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին, սակայն «Գոյ» թատրոնի դերասանական ու ստեղծագործական կազմը դեմ է այդ միավորմանը, իրենք ուզում են որպես առանձին թատրոն հանդես գալ, չեն ուզում գնալ ու աշխատել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում։ Նրանք միավորման վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկում են դատարանում։

«Գոյ»-ի պահանջն է՝ «Գոյ» թատրոնը լինի որպես անկախ թատրոն, այսինքն՝ իրենց տարածքում ունենան ստեղծագործելու իրավունք։

18.11.2024

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր

Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանը Իտալիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Իտալիայի Ազգային ճանապարհների միության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ժամանակ ներկայացվել է Իտալիայի ճանապարհային ցանցի կառավարման համակարգը, քննարկվել են թունելների կառուցման, շահագործման հիմնահարցերը, ճանապարհային անվտանգության բարելավմանն ուղված միջոցառումները, ինչպես նաև Իտալիայում գործող թվային կառավարման առաջադեմ գործիքները, Smart Roads համակարգի առանձնահատկությունները։

Նախարարը տեղում ծանոթացել է Azienda Nazionale Autonoma delle Strade (ANAS) կազմակերպությունում գործող ճանապարհների թվային կառավարման համակարգի աշխատանքներին, համակարգի առավելություններին և առանձնահատկություններին։

ANAS կազմակերպության կողմից Իտալիայում կառավարվում է 2034 թունել, 32 516 կմ ճանապարհ, 18602 կամուրջ։

Այցի շրջանակներում Հայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է ճանապարհային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հուշագիր։

Այն ստորագրել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Իտալիայի ազգային ճանապարհների միության (Anas) գործադիր տնօրեն Ալդո Իսին։ Հուշագրով սահմանվում է կողմերի միջև համագործակցություն՝ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված լավագույն փորձի, ճանապարհային ոլորտի նորարարությունների, նոր տեխնոլոգիաների մասին տեղեկատվության փոխանակման, ճանապարհային անվտանգության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև երկու երկրների մասնագետների վերապատրաստում, պարբերական ճանաչողական այցեր, որոնք կնպաստեն ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը։

15.10.2024

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտի արձանի ցուցադրությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Անահիտի արձանի ցուցադրությունը

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ից մինչեւ 00։00-ն, Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության բացման արարողությունը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվեն հեղինակավոր Բրիտանական թանգարանից տեղափոխված Անահիտ աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխը և ձեռքը։

Մշակույթի զարգացման հիմնադրամից հայտնում են, որ ցուցադրության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուից կներկայացվի նաև ավելի քան վեց տասնյակ ցուցանմուշ՝ ամփոփելով Մայր աստվածության գաղափարը նեոլիթյան ժամանակաշրջանից մինչև մեր օրեր։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի երկարատև համագործակցության արդյունքում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ,  գլխավոր հովանավորն է «Կերոն» զարգացման հիմնադրամը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին պտղաբերության, մայրության աստվածուհի Անահիտի արձանը մոտ վեց ամսով Բրիտանիայից Հայաստան է տեղափոխվել: ՀՀ պատմության թանգարանը փաստաթղթային փաթեթ է նախապատրաստել Բրիտանական թանգարանի հետ, որտեղ պահվել են դիցուհու բրոնզե գլուխն ու ձախ ձեռքը: Անահիտի բրոնզաձույլ արձանը երբեք Հայաստանում չի ցուցադրվել։  Դիմաքանդակից մնացած գլուխն ու ձախ ձեռքը Հայաստանում կցուցադրվի շուրջ 6 ամիս, կլինի Հայաստանի պատմության թանգարանում՝ «Մայր Աստվածություն. Անահիտից մինչև Մարիամ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում:

 

18.09.2024