Հասարակություն

Հայաստանում հեռավար աշխատանքը նախատեսվում է կարգավորել օրենսդրական մակարդակով

Հայաստանում հեռավար աշխատանքը նախատեսվում է կարգավորել օրենսդրական մակարդակով

Հայաստանում հեռավար աշխատանքը պետք է կարգավորվի օրենսդրական մակարդակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հեռավար աշխատանքն այսուհետ հնարավոր կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։

«Այս պահին օրենքում կա հեռավար աշխատանքը կարգավորող կանոն, սակայն այն վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակներին»,- պարզաբանեց Սարգսյանը։

Նա ներկայացրել է նաեւ միջազգային վիճակագրություն. Օրինակ՝ ԱՄՆ աշխատաշուկայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի փետրվարին աշխատակիցների մոտ 20%-ն արդեն աշխատում էր գրասենյակներից։ Միևնույն ժամանակ, մնացածը` մոտ 80%-ը, աշխատում են կամ ամբողջովին հեռակա կամ հիբրիդային: Նույն միտումը նկատվում է Եվրոպայում։

Նախագծով նախատեսվում է, որ հեռավար աշխատանքն իրականացվելու է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Ճիշտ է, պայմանով, որ կոնկրետ այս աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նման ձևաչափով։ Աշխատանքային պարտավորությունների կատարման ընթացքում աշխատողը պարտավորվում է փոխադարձ համաձայնությամբ ապահովել դրանց պատշաճ կատարումը, ինչպես նաև նրա հասանելիությունը գործատուին: Աշխատողի կողմից վերը նշված պահանջները չկատարելը կդիտվի որպես աշխատանքային կարգապահության խախտում:

13.09.2023

Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը և արտադրական ջրերը լցվում են Սևան

Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը և արտադրական ջրերը լցվում են Սևան

Սեւանի կանաչելու հիմնական պատճառը ջրի քիչ քանակությունն է, պակասությունը:

 Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Սեւանա լիճը ժամանակին ունեցել է 58 միլիարդ, իսկ հիմա երեւի 32-33 միլիարդ խորանադր մետր է, կանաչելու հիմնական խնդիրը սա է: Եւ մյուս խնդիրը, որը եւս պակաս կարեւոր չէ, այն  է, որ ամբողջ Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը եւ արտադրական ջրերը լցվում են Սեւանա լիճ։

Բնապահպանի կարծիքով՝ այս պատճառով Սեւանա լճի ջուրը այլեւս պիտանի չի լինի խմելու եւ ոռոգման նպատականերով եւ մեծ ազդեցություն այն կունենա լճի կենդանական աշխարհի վրա: Բնապահպանը փաստում է՝ տարիներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում լճում ջրի մակարդակը վերականգնելու համար:

«Հայաստանի Հանրապետության 25 տարվա քաղաքականությունը հետեւյալն է, որ միջին մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա կեղծ է, սուտ է, մակարդակը չի բարձրացվում, որ ժողովրդի մոտ լարվածություն չլինի: Իշխանությունները չեն ասում, որ միլիոնավոր միջոցներ են պետք մակարդակը բարձրացնելու համար եւ խաբում են, սա սրիկայություն է ուղղակի: Եթե մի համակարգը անընդհատ աղտոտվում է, չի վերականգնվում, սպառնում է լրիվ ծաղկում եւ ճահճացում, եւ ի վերջո, որպես այս տարածաշրջանում խմելու ջրի պաշար իր նշանակությունը կկորցնի»,- նշել է նա:

Սանասարյանի խոսքով՝ հաճախ Սեւանա լճից ջուր է բաց թողնվում այն ժամանակ, երբ որ առատ ջուր կա. «Այն, ինչ-որ ես իմ աչքով տեսել եմ Սեւանա լճի հետ կապված, դա սոսկալի բան է»:

Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ այս տարի եւս Սեւանա լիճը կկանաչի, սակայն այնուամենայնիվ նախատեսվում է լճից ջուր բաց թողնել:

11.07.2023

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ  ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողություններից: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

13 մարտի, 2023թ.

ք. Ստեփանակերտ»։

15.03.2023

Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ

Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ

Փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազի, խճի, հողային զանգվածների, նաև շինարարական աղբ տեղափոխող  տարբեր մակնիշի 17 բեռնատար։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, իրականացվել բացատրական աշխատանքներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով։

13.03.2023

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:

«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից:  Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության  համար նախատեսված սերմեր:

«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող  հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-հավաստիացրել է նախարարը:

Անդրադառնալով տեղական մսի  արտադրության հարցին՝ Հ. Սաֆարյանն հայտնել  է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:

«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- եզրափակել է գերատեսչության ղեկավարը:

20.01.2023

Դեմքերը փակած ադրբեջանցիները մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենա

Դեմքերը փակած ադրբեջանցիները մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենա

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի, հոգեբանական անձեռնմխելիության կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։

Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

19.01.2023

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսին

Հայաստանը կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի ցուցահանդեսին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանը 2022 թվականի հոկտեմբերի 19-23-ը առանձին տաղավարով կմասնակցի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված օտարալեզու հայ գրականություն, ինչպես նաև համագործակցային մի շարք ծրագրեր:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում ազգային տաղավար ունենալու նպատակն է, որ գրական գործակալները և հրատարակիչները կարողանան իրենց հանդիպումներն անցկացնել հայաստանյան տաղավարում, ներկայացնել իրենց հրատարակությունները, գրողներին, գնել և վաճառել ստեղծագործությունների գույքային իրավունքներ:

Ֆրանկֆուրտի հայկական տաղավարում, ինչպես նաև մյուս ազգային տաղավարների և օտարերկրյա հրատարակչությունների ներկայացուցիչներին կներկայացվի «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ծրագրի նպատակը հայ գրականությունը մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելն է: Այն նպաստում է նաև մեր մշակույթի և երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը: «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ վերջին 4 տարում արտերկրում լույս է տեսել (և ընթացքում է) 67 գիրք՝ 20-ից ավելի լեզուներով:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության նպատակներ են՝ գրատարածման բնագավառում միջազգային համագործակցությունը, արտերկրում հայ գրականության հանրահռչակումը, գրական դաշտի բոլոր օղակների զարգացումը, գրական արտադրանքի միջոցով գրական մշակութային ժառանգության պահպանումը, զարգացումը և տարածումը, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման համար պայմանների ստեղծումը:

Հայկական պատվիրակության կազմում Ֆրանկֆուրտ կմեկնեն «Արի», «Առաջին» գրական գործակալությունները, «Անտարես», «Բուկինիստ», «Նյումեգ», «ԵՊՀ», «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», «Վերնատուն», «Էդիթ պրինտ», «Ջի Էս Էմ» հրատարակչությունները, «Զանգակ» գրատունը:

Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի ազգային տաղավարի հասցեն է՝ հոլ 4.0, տաղավար C90:

Նշենք, որ Ֆրանկֆուրտի՝ աշխարհի ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է քսան տարուց ավելի: Հինգ օրում այդ միջոցառմանը մասնակցում են ավելի քան 7 հազար ցուցադրողներ՝ աշխարհի 100 երկրից:

27.10.2022

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական

Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական

Փետրվարի վերջից Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է շատ բարեկամական։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

«Դեսպանատունը մեր քաղաքացիների նկատմամբ ագրեսիվ դրսեւորումներ չի արձանագրել, այդ թվում՝ էթնիկական հողի վրա։ Նշենք, որ  ի տարբերություն մի շարք երկրների, այդ թվում՝ հարեւան Վրաստանի՝ Հայաստանում ռուսաստանցիների նկատմամբ հայերի վերաբերմունքը մնում է բարեկամական»,-ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ 

Միեւնույն ժամանակ, նրանք դժվարացել են նշել վերաբնակեցվածների ճշգրիտ թիվը՝ նշելով, որ ձմռան վերջին կամ վաղ գարնանը այստեղ եկածներից շատերը վերադարձել են Ռուսաստան կամ գնացել այլ երկրներ։ 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս տարվա հունվարից օգոստոս ամիսներին Հայաստան ժամանած ավելի քան 1 միլիոն  զբոսաշրջիկների 45 տոկոսը ռուսաստանցիներ են։

25.10.2022