Հասարակություն
Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը և արտադրական ջրերը լցվում են Սևան
11.07.2023
Սեւանի կանաչելու հիմնական պատճառը ջրի քիչ քանակությունն է, պակասությունը:
Կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի խոսքով՝ Սեւանա լիճը ժամանակին ունեցել է 58 միլիարդ, իսկ հիմա երեւի 32-33 միլիարդ խորանադր մետր է, կանաչելու հիմնական խնդիրը սա է: Եւ մյուս խնդիրը, որը եւս պակաս կարեւոր չէ, այն է, որ ամբողջ Գեղարքունիքի մարզի կոյուղաջրերը եւ արտադրական ջրերը լցվում են Սեւանա լիճ։
Բնապահպանի կարծիքով՝ այս պատճառով Սեւանա լճի ջուրը այլեւս պիտանի չի լինի խմելու եւ ոռոգման նպատականերով եւ մեծ ազդեցություն այն կունենա լճի կենդանական աշխարհի վրա: Բնապահպանը փաստում է՝ տարիներ շարունակ ոչինչ չի ձեռնարկվում լճում ջրի մակարդակը վերականգնելու համար:
«Հայաստանի Հանրապետության 25 տարվա քաղաքականությունը հետեւյալն է, որ միջին մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա կեղծ է, սուտ է, մակարդակը չի բարձրացվում, որ ժողովրդի մոտ լարվածություն չլինի: Իշխանությունները չեն ասում, որ միլիոնավոր միջոցներ են պետք մակարդակը բարձրացնելու համար եւ խաբում են, սա սրիկայություն է ուղղակի: Եթե մի համակարգը անընդհատ աղտոտվում է, չի վերականգնվում, սպառնում է լրիվ ծաղկում եւ ճահճացում, եւ ի վերջո, որպես այս տարածաշրջանում խմելու ջրի պաշար իր նշանակությունը կկորցնի»,- նշել է նա:
Սանասարյանի խոսքով՝ հաճախ Սեւանա լճից ջուր է բաց թողնվում այն ժամանակ, երբ որ առատ ջուր կա. «Այն, ինչ-որ ես իմ աչքով տեսել եմ Սեւանա լճի հետ կապված, դա սոսկալի բան է»:
Նշենք, որ օրեր առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարել էր, որ այս տարի եւս Սեւանա լիճը կկանաչի, սակայն այնուամենայնիվ նախատեսվում է լճից ջուր բաց թողնել: