Հասարակություն

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։

Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից։

Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․

  • դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
  • արագ ազատել ճանապարհը,
  • 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ, լրացնել մնացած տվյալները։

Այս գործառույթը միաժամանակ նվազեցնում է խցանումները, բարձրացնում է երթևեկության անվտանգությունը, խնայում է վարորդների ժամանակը։

30.09.2025

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական օբյեկտի ոչնչացման մասին

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական օբյեկտի ոչնչացման մասին

Իրանի «Բասիջ» կազմակերպության ղեկավար, բրիգադի գեներալ Ղոլամռեզա Սուլեյմանին հայտարարել է, որ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանը կարողացել է ոչնչացնել 21 իսրայելական ռազմավարական օբյեկտ, և ներկայումս կազմել է թիրախների ճշգրիտ ցանկ՝ մինչև մեկ մետրի ճշգրտությամբ, հաղորդում է Mehr-ը։

Գեներալ Սուլեյմանին նշել է, որ «թշնամին կազմակերպեց 12-օրյա պատերազմ՝ միաժամանակ ակտիվացնելով անջատողական խմբավորումները՝ ներսից և դրսից ճնշում գործադրելու Իսլամական Հանրապետության վրա, սակայն նրանց ծրագիրը ձախողվեց»։

«Այդ 12 օրերի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է սիոնիստական ռեժիմի 21 կենսական և ռազմավարական օբյեկտ, և՝ հիմնվելով նոր հրթիռների վրա, մենք կարողացանք ավարտել մեր թիրախների ցանկը՝ մինչև մեկ մետրի ճշգրտությամբ։ Այսօր մենք լիովին գիտենք նրանց թույլ կողմերը և տեղեկացված ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում օկուպացված տարածքների յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա», – ասել է նա։
Իրանցի գեներալը նախազգուշացրել է, որ եթե որևէ ագրեսիա կրկնվի, «Իրանը պատասխանատվության կենթարկի ոչ միայն սիոնիստներին, այլ նաև նրանց կողմնակիցներին»։

«Գնացեք և պարզեք, թե քանի երկիր է մասնակցել վերջին պատերազմում Իսրայելի պաշտպանությանը, և քանի հազար տոննա ռումբ ու պայթուցիկ նյութ են փոխանցել սիոնիստական ռեժիմին, որպեսզի նա դրանք գցի անպաշտպան ազգի վրա։ Բայց այս անգամ պայմանները այլ կլինեն», – հավելել է Սուլեյմանին։

01.09.2025

Որքա՞ն փող է պետք ՀՀ-ում երեխային դպրոց ուղարկելու համար

Որքա՞ն փող է պետք ՀՀ-ում երեխային դպրոց ուղարկելու համար

Հայաստանում երեխային դպրոց ուղարկելը նախորդ տարվա համեմատ թանկացել է 20%-ով։ Sputnik Արմենիան այցելել է մի շարք տոնավաճառներ և մատչելի խանութներ, որտեղից մեծ թվով քաղաքացիներ են գնումներ կատարում։

Հաշվարկները ցույց են տալիս, որ երեխային դպրոց ուղարկելու համար շուրջ 95 հազար դրամ է պետք 2024 թվականի 80 հազարի փոխարեն։ Այսինքն` ուսումնական տարվա մեկնարկից առաջ ընդհանուր ծախսերն աճելեն գրեթե 15 հազար դրամով (գրեթե 20%):

Դպրոցականի ամենակարևոր պարագաներից մեկը պայուսակն է, որը Երևանի տոնավաճառներում և խանութներում կարելի է գնել 6 000-18 000 դրամով:

Պայուսակից բացի, աշակերտին պետք են տետրեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչականալբոմ, գրչատուփ և այլ գրենական պիտույքներ: Կրտսեր և միջին դասարանների աշակերտներին անհրաժեշտ են նաև կոնկրետ առարկաների համար թեմատիկ տետրեր: Այս բոլորի միջինացված արժեքը 18․000 դրամ է։

Շուրջ 65 հազար դրամ էլ պետք է դպրոցական հագուստի համար։

31.08.2025

Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։

Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։

31.08.2025

Օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ

Օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ

Ներընդդիմադիր անպտուղ, նիկոլահաճո և զազրելի գզվռտոցը, ի հակառակ պետության դուռը չոքած բազում կենսական դարդերի, ոչ միայն չի դադարում, այլև օրեցօր առավել անմակարդակ և եղկելի է դառնում։

Երկրորդ նախագահի ճամբարում պալատական հեղաշրջման արդյունքում «ֆավորիտ» դարձած մի խումբ արդեն մի քանի ամիս է, ինչ կարողանում է իրենով լցնել Ռոբերտ Քոչարյանի թիմի քարոզչությունն ու օրակարգը՝ հետին պլան մղելով առավել ծանրակշիռ և խոհեմ գործիչների։

Նախկինում քաղաքական խոսույթով, լավ մարդկային բազայով, խաղացողների պատկառելի նստարանով այս ճամբարն այժմ գերադասում է իշխանությունների դեմ խոստացված համառ պայքարը փոխարինել Երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ գարշահոտ և նիկոլաբույր հակաքարոզչությամբ՝ վատնելով ընդդիմության առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները, շեղելով հանրային ուշադրությունն առավել առաջնահերթ խնդիրներից, խորացնելով հասարակության հիասթափությունը բոլոր քաղաքական գործիչներից և այսպիսով, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր լցնելով Փաշինյանի քաղաքական հաշվարկների վրա։

Սույն պահվածքը ոչ միայն բարոյականության, այլև բանականության հետ աղերս չունի։

Մի կողմից՝ երկրում մոլեգնող տեռորը, գեոպոլիտիկ աճուրդում վերահաս մուրճի վերջին հարվածը, ազգային ինստիտուտների կազմալուծմանն ուղղված հերթական արարը պիտի որ տեղ չթողնեին այլ օրակարգերի համար։

Մյուս կողմից՝ քաղաքական դաշտի վերադասավորումները, նոր և ազդեցիկ կենտրոնների ձևավորումը և այս ճամբարի՝ ընդդիմության առաջատարի դեղին շապիկն ամեն գնով պահելու իդեա-ֆիքսը պիտի որ ուղղեին իրենց էներգիան և ռեսուրսները սեփական մրցունակությունն ավելացնելու ուղղությամբ։

Այլևս Պոլիշինելի գաղտնիք է այն փաստը, որ Երկրորդ նախագահի տեսանելի առաջնահերթությունը քաղաքական դաշտում ունեցած կապիտալի պահպանումն է և դրա սահուն փոխանցումը ժառանգորդին։

Այնինչ թե՛ իր կողմից լեգիտիմացված հակահանրապետական դիվերսիաները, թե՛ վերոնկարագրված ներքաղաքական զարգացումները վտանգում են այս երկու ռազմավարական նպատակների իրագործումը։

Եթե այսպես շարունակվի, «brain-drain»-ը և ռեսուրսների արտահոսքն այս ճամբարից դեպի ավելի մրցունակ կենտրոններ՝ թվում է այլևս անխուսափելի։ Պատկերավոր ասած, եթե նախկինում ավելի շատ ՀՅԴ-ն ուներ Երկրորդ նախագահի կարիքը, ապա այժմ այդ քաղաքական վեկտորը մտնում է ռևերսիվ փուլ։

Ի տարբերություն մեզ, ակնհայտորեն նախընտրական տրամաբանության մեջ մտած մեր գործընկերներին այս ամենը պետք է որ ավելի անհանգստացնի, քան Երրորդ նախագահի և ՀՀԿ-ի դեմ անբացատրելի և հիվանդագին մոլեռանդությամբ իրականացվող հակաքարոզը։

«Միասին աշխատելու» փոխարեն՝ «սկենք միասին» գործելաոճը թելադրելու փորձերը մեզ համար մերժելի են։ Հայտնի է, որ ջրահեղձ լինողն իր անկանոն շարժումներով և խուճապով՝ փրկության հասած մարդուն երբեմն փորձում է տանել իր հետ։

Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ։

Ընտրությունը ձերն է, բայց շատ ժամանակ չունենք։

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

02.08.2025

Միքայել Սրբազանը նամակ է փոխանցել կալանավայրից

Միքայել Սրբազանը նամակ է փոխանցել կալանավայրից

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միքայել Սրբազանի խոսքը կալանավայրից:

«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ…

Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:

Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է !!!

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
31.07.2025թ., ապօրինի կալանավորման 35-րդ օր»

Արա Զոհրաբյանը ներկայացրել է նաև Կանոսսա բառի բացատրությունը

Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշվում է որպես վայր, որտեղ տեղի ունեցավ հայտնի «Կանոսսայի հանդիպումը» 1077 թվականին։

Այս հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի և Հռենոսի կայսր Հենրիխ IV-ի միջև, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին դարերի պատմության մեջ։

Հենրիխ IV-ը ապաշխարել է, հագել է քուրձ և ոտաբոբիկ հասել է Կանոսսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը:

Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվել է ընդունել Հենրիխին։ Ըստ տեղեկությունների Հենրիխը երեք օր սպասել է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով:

Ի վերջո, պապը նրան ընդունում է: Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի առջև և խնդրում է նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին և կոչ է անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը։

31.07.2025