Տնտեսություն

Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ

04.12.2025

Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ

Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է այլ կառույցների կանխատեսումների հետ։

Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։ 

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը կրկին ներառված է կանխատեսումներում՝ 2026թ. ակնկալվող 0.4 տոկոսային կետ աճով, սակայն դրա իրատեսականությունը հարցականի տակ է։ 2021–2024թթ. ընթացքում հարկեր/ՀՆԱ-ի փաստացի բարելավումը կազմել է ընդամենը 0.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ այդ տարիների բյուջեներով ու ՄԺԾԾ-ը նույնատիպ աճեր էին կանխատեսում յուրաքանչյուր տարվա համար։ Նման հավակնոտ ցուցանիշները ներառվել են նաև 2025-2026թթ. կանխատեսումներում, որոնք չիրագործվելու մեծ ռիսկ են կրում։