Տնտեսություն

Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է

Աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկում Հայաստանը 58-րդն է

«Գլոբալ խաղաղության ինդեքսը» հրապարակել է 2025-ի աշխարհի երկրների խաղաղության ինդեքսը։

Պետությունների ցանկում ներառված է 163 երկիր։ Ըստ արդյունքների՝ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պետության ​​մակարդակով հակամարտությունները զգալիորեն ավելացել են։ Իսկ բազմաթիվ երկրներ էլ մեծացրել են իրենց ռազմականացումը, մինչդեռ որոշ երկրների հաջողվել է պահպանել խաղաղությունը։

2025-ի աշխարհի ամենախաղաղ երկրների ցանկը ստորև՝
I. Իսլանդիա
2. Իռլանդիա
3. Նոր Զելանդիա
4. Ավստրիա
5. Շվեյցարիա
6. Սինգապուր
7. Պորտուգալիա
8. Դանիա
9. Սլովենիա
10. Ֆինլանդիա

Ցանկի 58-րդ տեղում Հայաստանն է, 95-րդ տեղում՝ Ադրբեջանը, 109-րդ տեղում՝ Վրաստանը, 142-րդում՝ Իրանը, իսկ Թուրքիան զբաղեցրել է 146-րդ տեղը։

Թուրքիան 14 երկրներից մեկն է, որ ներառված է ավելի քան 5 արտաքին հակամարտության մեջ։ Այդ հակամարտությունների թվում առաջատար են հատկապես Սիրիան և Եթովպիան։

06.12.2025

Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ

Տնտեսական աճի դանդաղում, բարձր մակարդակի պակասուրդ

Տնտեսական աճը շարունակում է դանդաղման միտում ունենալ։ 2024-2025թթ. տնտեսական աճի տեմպերը զգալիորեն ավելի ցածր են նախորդ տարիներին գրանցված բարձր ցուցանիշներից, որոնք պայմանավորված էին արտաքին դրական գործոններով՝ մարդկանց և կապիտալի ներհոսքով, ինչպես նաև վերաարտահանմամբ։ ՀՀ կառավարության կանխատեսումների համաձայն՝ ՀՀ տնտեսական աճը կկայունանա 5.4%-ի շուրջ, ինչը նաև համահունչ է այլ կառույցների կանխատեսումների հետ։

Բյուջետային ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ. աճի տեմպի պայմաններում հնարավոր է լինում ապահովել կառավարության ծրագրով սահմանված 7.0% տնտեսական աճի թիրախը, քանի որ միջին աճը կլինի 7.2%։ Մինչդեռ պետք է հիշել, որ ըստ ՀՀ կառավարության ծրագրի` բարենպաստ արտաքին միջավայրի պայմաններում թիրախը կազմում է 9.0%, իսկ 2023-2024թթ. բարձր տնտեսական աճը (որի շնորհիվ է իրականում ձևավորվում 7.2% միջին աճը) պայմանավորված էր հենց ՀՀ-ի համար դրական զարգացումներով (մարդկանց և կապիտալի ներհոսք, վերաարտահանում և այլն)։ Հետևաբար, ձևավորված տնտեսական աճը կա՛մ պետք է դիտարկել 9.0% տնտեսական աճի թիրախին համապատասխանության տեսանկյունից, կա՛մ ՀՀ փաստացի տնտեսական աճի տեմպը պետք է ճշգրտել միանգամյա արտաքին գործոնների ազդեցություններից, որից հետո միայն համեմատել 7.0% տնտեսական աճի թիրախի հետ։ 

Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավումը կրկին ներառված է կանխատեսումներում՝ 2026թ. ակնկալվող 0.4 տոկոսային կետ աճով, սակայն դրա իրատեսականությունը հարցականի տակ է։ 2021–2024թթ. ընթացքում հարկեր/ՀՆԱ-ի փաստացի բարելավումը կազմել է ընդամենը 0.5 տոկոսային կետ, այն դեպքում, երբ այդ տարիների բյուջեներով ու ՄԺԾԾ-ը նույնատիպ աճեր էին կանխատեսում յուրաքանչյուր տարվա համար։ Նման հավակնոտ ցուցանիշները ներառվել են նաև 2025-2026թթ. կանխատեսումներում, որոնք չիրագործվելու մեծ ռիսկ են կրում։

04.12.2025

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14․56 մլրդ դոլար

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 14․56 մլրդ դոլար

2025թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 14․56 մլրդ դոլար, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 9․4 մլրդ դոլարով կամ 39․34%-ով։ 

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 4․97 մլրդ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 50․51%-ով կամ 5․1 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1․88 մլրդ դոլար, անկում՝ 9․21%։ Եռյակը եզրափակում է ԱՄԷ-ն՝ 1․4 մլրդ դոլար, անկում՝ 70․17%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 555․4 մլն դոլար, աճ՝ 6․68%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 341 մլն դոլար, անկում՝ 2․23%։ Վեցերորդը Իտալիան է՝ 329․2 մլն դոլար, աճ՝ 4․41%։ Յոթերորդը ԱՄՆ-ն է՝ 264․6 մլն դոլար, անկում՝ 18․13%։ Ութերորդ հորիզոնականում Իրաքն է՝ 248․4 մլն դոլար, աճ՝ 59․92%։ Իններորդն Վրաստանն է՝ 200․5 մլն դոլար, անկում՝ 16․95%։ Տասնյակը եզրափակում է Ֆրանսիան՝ 162․4 մլն դոլար, աճ՝ 43․15%։

28.11.2025

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը․ Կավելաշվիլի

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը․ Կավելաշվիլի

Աշխարհում լարված իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Ուրախ եմ Վրաստանում, պաշտոնական այցով հյուրընկալել բարեկամական և ռազմավարական գործընկեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության նախագահին։ Ինչպես գիտեք, այս տարի սա մեր երկրորդ հանդիպումն է։ Ապրիլի 29-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանի Հանրապետությունում։ Ցանկանում եմ օգտվել այսօրվա հնարավորությունից և ևս մեկ անգամ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել պարոն նախագահին ջերմ ընդունելության համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը` կարևորելով 2024 թվականին կնքված ռազմավարական գործընկերությունը։

«Ուրախ եմ նշել, որ 2025 թվականը հատկապես արդյունավետ էր մեր երկրների միջև կապերի խորացման առումով։ Ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռք բերված արդյունքները հստակ ցույց են տալիս մեր համագործակցության արդյունավետությունն ու մասշտաբները», - հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցությունը օրինակելի է։

«Վրաստանն ու Հայաստանը դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ ներդաշնակորեն գոյակցելով։ Երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր բարեկամության վրա հիմնված դարավոր հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել միայն աշխարհագրական մերձեցվածությամբ։ Այս գործընթացում չափազանց կարևոր են ընդհանուր արժեքներն ու տեսլականը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին. պետականության, ազգային ինքնության և մշակութային ինքնատիպության պաշտպանությունը, որը գլխավոր առաջնահերթություն է թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար և ամուր հիմք է ստեղծում էլ ավելի սերտ գործընկերության համար։ Մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Ակտիվ երկկողմ հարաբերությունների շրջանակներում Վրաստանն ու Հայաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծել է Միխեիլ Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։

«Այս համատեքստում հատկապես կարևոր է հայկական պետության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող անսասան աջակցությունը, որի համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեր երկրին, պարոն նախագահ, թե՛ իմ, թե՛ վրաց ժողովրդի անունից», - նշել է Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում Վրաստանը և Հայաստանը շարունակում են զարգացնել քաղաքական, տնտեսական և միջազգային կապերը։

«Հանդիպման ընթացքում ես նշեցի, որ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի հաշվառմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը շարունակում է մնալ ավելի ու ավելի կարևոր։ Հարկ է ընդգծել, որ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում մենք շարունակում ենք զարգացնել քաղաքական, տնտեսական և միջմարդկային կապերը», - ասել է Միխեիլ Կավելաշվիլին։

19.11.2025

Ֆրանսիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է՝ հասնելով 0.9%-ի

Ֆրանսիայում գնաճը հոկտեմբերին դանդաղել է՝ հասնելով 0.9%-ի

Ֆրանսիայում սպառողական գները, որոնք հաշվարկվում են Եվրոպական միության չափորոշիչներին համապատասխան, 2025 թվականի հոկտեմբերին աճել են 0.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Գնաճի տեմպը դանդաղել է՝ սեպտեմբերյան 1.1%-ի համեմատ։ Trading Economics-ի կողմից հարցված վերլուծաբանները միջինում սպասում էին, որ հոկտեմբերին գնաճը կպահպանվի սեպտեմբերյան մակարդակում։ Միևնույն ժամանակ, Bloomberg-ի կազմած կոնսենսուս-կանխատեսումը ենթադրում էր գնաճի դանդաղում մինչև 0.9%, ինչը և հաստատվել է։

Նախորդ ամսվա համեմատ՝ սպառողական գներն աճել են 0.1%-ով, ինչպես սպասվում էր։ Սեպտեմբերին այս ցուցանիշը նվազել էր 1.1%-ով։

Ֆրանսիական չափանիշներով հաշվարկված գները հոկտեմբերին աճել են 1%՝ տարեկան կտրվածքով, և 0.1%՝ ամսական։ Սեպտեմբերին այդ ցուցանիշները կազմել էին համապատասխանաբար 1.2% և 1%։

Էներգակիրների արժեքը ընթացիկ ամսում նվազել է 5.6%-ով (սեպտեմբերին՝ -4.4%)։

Սննդամթերքի գների աճի տեմպը դանդաղել է՝ 1.7%-ից մինչև 1.3%, ծառայությունների գները բարձրացել են 2.4%-ով, ինչպես նաև նախորդ ամիս։

Արդյունաբերական ապրանքների գները հոկտեմբերին նվազել են 0.5%-ով (սեպտեմբերին՝ -0.4%)։

31.10.2025

Բաթումում անշարժ գույքի շուկան աճել է գրեթե 70%-ով

Բաթումում անշարժ գույքի շուկան աճել է գրեթե 70%-ով

Ըստ Colliers Georgia ընկերության ուսումնասիրության՝ 2025 թվականի սեպտեմբերին Բաթումում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակն աճել է 35.9%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և կազմել է 1895 գործարք։

Շուկայի ընդհանուր ծավալն աճել է 68.3%-ով՝ հասնելով 116 միլիոն ԱՄՆ դոլարի։ Նորակառույցների հետ կապված գործարքներն աճել են 37.1%-ով, իսկ երկրորդային շուկայի բնակարանների վաճառքները՝ 18.2%-ով։ Աառաջնային շուկայում աճը կազմել է 58.2%, իսկ երկրորդային շուկայում՝ 13.8%։

2025 թվականի սեպտեմբերին Բաթումում նորակառույցներում բնակարանների միջին արժեքն աճել է 28.2%-ով՝ հասնելով 1327 ԱՄՆ դոլարի՝ 1 քմ-ի դիմաց։ Գների աճը հիմնականում պայմանավորված է առաջնային շուկայի զարգացմամբ, որտեղ ցուցանիշը բարձրացել է 55.1%-ով, մինչդեռ երկրորդային շուկայում աճը կազմել է միայն 8.7%:

Ընկերությունը պարզաբանում է, որ սեպտեմբերին իրականացված մեծ նախագծերից մեկում գրանցվել է մոտ 140 գործարք միաժամանակ, ինչը զգալի ազդեցություն է ունեցել միջին գնի ընդհանուր ցուցանիշի վրա։ Առանց այս գործարքները հաշվի առնելու՝ նոր նախագծերի գների աճը կկազմեր 17.6%։

Նշվում է նաև, որ առաջնային շուկայի որոշ գործարքներ գրանցվում են որոշակի ուշացմամբ, ինչի պատճառով ներկայիս գների աճի միտումը լիովին չի արտացոլում իրական դինամիկան։

30.10.2025

800 արցախցի կօգտվի աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

800 արցախցի կօգտվի աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից

Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում նախկին 430-ի փոխարեն 800 շահառու հնարավորություն կունենա օգտվել աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչից։

2025 թվականի հոկտեմբերի 9-ի դրությամբ ծրագրից օգտվել է 633 անձ․ ընդհանուր առմամբ պետական բյուջեից հատկացվել է 439 մլն դրամ։ Ըստ այդմ, աշխատանքային փորձի ձեռքբերման և աշխատանքի տեղավորման բաղադրիչի շրջանակում տրամադրվող ֆինանսական միջոցների չափը կավելացվի՝ հաշվի առնելով այդ ուղղության նկատմամբ առկա պահանջարկը․ այս նպատակով կիրականացվի միջոցառման տարեկան գումարների միջհոդվածային վերաբաշխում։

Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանված անձանց զբաղվածության ապահովման ծրագրի շրջանակում շահառուն հնարավորություն ունի օգտվել հետևյալ բաղադրիչներից՝

  • մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • մասնագիտական ուսուցում, աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում։

 

09.10.2025