Տնտեսություն
ՔՊ-ականներին՝ «նաղդ» միլիոններ, թոշակառուներին` «նիսյա» խոստումներ
19.01.2026
Քաղաքացիների վճարած հարկերի հաշվին տարեմուտին պետական պաշտոնյաներին ճոխ պարգևավճարներ բաժանող իշխանությունները 10 կամ 20 հազար դրամով թոշակները բարձրացնելը շռայլություն են համարում թոշակառուների համար։ Իրենց կարելի է միլիոններ ստանալ, իսկ 10 կամ 20 հազար դրամն ավելորդ են համարում թոշակառուի համար։
Ազգային ժողովի պատգամավորներին 3 մլն դրամ պարգևավճար տալու վրա էինք զարմանում, պարզվում է, կառավարությունում շատ ավելի շռայլ ու առատաձեռն են գտնվել իրենք իրենց նկատմամբ։ Տեղեկությունները հաստատվում են, որ տարեմուտին նախարարներին ընդհուպ 7-9 մլն դրամ պարգևավճար են վճարել։ Խոսքը 18-23 հազար դոլարի մասին է։
Այդ նույն տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի տարեվերջյան հավելավճարը կազմել է գրեթե 12 մլն դրամ։ Ու եթե այդպես է, նշանակում է՝ նա պետական բյուջեից ստացել է ավելի քան 31 հազար դոլար, մինչդեռ՝ անիմաստ է համարում թոշակառուին 10 հազար դրամ ավել թոշակ տալը։
Պակաս պարգևավճարներ չեն ստացել նաև մյուս բարձրաստիճան ու միջին դասի պաշտոնյաները։ Կրկին խոսքը միլիոնավոր դրամների մասին է։