Տնտեսություն

Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է

29.09.2025

Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-օգոստոս ամիսներին։

Արտահանման ոլորտում պատկերը մնում է մտահոգիչ։ Արտահանման անկման տեմպը մի քանի ամիս շարունակ մեղմվելուց հետո, օգոստոսին կրկին վատթարացել է՝ հասնելով 40.8%-ի։ Հունվար-օգոստոս ամիսների արտահանման անկումը կազմել է 48.8%։ Անկման այս մեծ չափերը հիմնականում պայմանավորված են վերաարտահանման ծավալների նվազմամբ, և դրա մեծ մասը ճշգրտելու դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2.5% (ըստ հունվար-հուլիս ամիսների տվյալների), ինչը ցույց է տալիս, որ արտահանման պոտենցիալն էականորեն նվազել է։

Տնային տնտեսություններին տրվող վարկերի աճի տեմպը շարունակում է էականորեն գերազանցել նրանց եկամուտների աճին։ Վարկերի ընդհանուր ծավալի աճը առավելապես պայմանավորված է սպառողական և հիպոթեքային վարկերի աճերով՝ համապատասխանաբար 31.1% և 26.3%: Հատկանշական է, որ բնակչության եկամուտները (աշխատավարձերը, դրամական փոխանցումները, իրական ՀՆԱ-ն և այլն) չեն աճում համապատասխան չափով։ Այս առումով եկամուտների համեմատ վարկերի զգալի տարբերությամբ առաջանցիկ աճը ֆինանսական կայունության տեսանկյունից միջնաժամկետում կարող է ռիսկեր առաջացնել։