Տնտեսություն

Հայաստանում կարգելվի բուժհաստատությունների որոշակի տարածքներում տեսախցիկների օգտագործումը

Հայաստանում կարգելվի բուժհաստատությունների որոշակի տարածքներում տեսախցիկների օգտագործումը

Տեսանկարահանող սարքերի օգտագործումը ֆունկցիոնալ եւ ախտորոշիչ սենյակներում, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների վիրահատարաններում, հիվանդասենյակներում, լոգասենյակներում եւ զուգարաններում խստիվ արգելվում է: Այս մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։

Նրա խոսքով՝ տեսախցիկների օգտագործման դեպքում բժշկական ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է նախազգուշական նշաններ տեղադրեն։

Նա նշեց, որ տեսախցիկների օգտագործման արդյունքում ստացված տվյալները կտրամադրվեն գործող օրենսդրությանը համապատասխան:

Սույն օրենքի ընդունման կարեւորությունը, հեղինակների հավաստմամբ, բխում է բժշկական ծառայությունների մատուցման ժամանակ բժշկական գաղտնիքի պահպանման, ինչպես նաեւ մարդու իրավունքների խախտումների հետ կապված խնդիրների բացառման անհրաժեշտությունից:

19.09.2023

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։

Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։

13.09.2023

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:

«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից:  Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության  համար նախատեսված սերմեր:

«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող  հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-հավաստիացրել է նախարարը:

Անդրադառնալով տեղական մսի  արտադրության հարցին՝ Հ. Սաֆարյանն հայտնել  է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:

«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- եզրափակել է գերատեսչության ղեկավարը:

20.01.2023

2022-ին ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրը գրեթե երկու անգամ ավելացել է

2022-ին ԵԱՏՄ հետ Հայաստանի առևտուրը գրեթե երկու անգամ ավելացել է

2022 թվականին ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առեւտուրը կազմել է 5 մլրդ 267 մլն դոլար։ Սա 92,7%-ով ավելի է, քան 2021 թվականին։ Այս մասին մարտի 13-ին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2022 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026) կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի ներկայացման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Միաժամանակ, ինչպես նշեց նախարարը, Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 2,5 մլրդ դոլար, ինչը 2,8 անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

«Ներմուծումը դադարել է 2,7 մլրդ դոլարի սահմաններում։ Սա 49 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին»,- ասաց Քերոբյանը։

Մասնավորապես, Ռուսաստանի հետ առեւտուրն աճել է գրեթե 92%-ով՝ կազմելով 5 մլրդ 33 մլն դոլար։ Բելառուսի հետ՝ 185,8 մլն դոլար (աճը՝ 2,2 անգամ)։

Միաժամանակ Ղազախստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմել է 41,9 մլն դոլար, ինչը 2,1 անգամ ավելի է 2021 թվականի ցուցանիշից։

Ղրղըզստանի հետ առեւտուրը կանգ է առել 6,5 մլն դոլարի մակարդակում, ինչը մոտ 3 անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշներից։

26.12.2022

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ:

Հանձնաժողովից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:

18.10.2022

Այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներկրվող ապրանքների արժեքն աճել է 10 անգամ

Այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից ներկրվող ապրանքների արժեքն աճել է 10 անգամ

Այս տարվա առաջին 5 ամիսներին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 76 մլն դոլարի ապրանք։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Մասնավորապես, հունվարին ներմուծվել է 7.9 մլն դոլարի, փետրվարին՝ 14,9 մլն դոլարի, մարտին՝ 18,2 մլն դոլարի, ապրիլին՝ 17,8 մլն դոլարի, և մայիսին 17,3 մլն դոլարի ապրանք։

Հատկանշական է, որ Թուրքիայից մեր երկիր 2021 թվականի ամբողջ տարվա ընթացքում ներմուծվել է 73 մլն դոլարի ապրանք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 7.6 մլն դոլարի ապրանք: Այսինքն աճը կազմել է 10 անգամ:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 1-ից ՀՀ կառավարությունը չեղարկել է թուքական ապրանքների ներկրման էմբարգոն։

Հայաստանը թուրքական ապրանքների ներկրման արգելք էր սահմանել 2020թ-ի դեկտեմբերին` այն բանից հետո, երբ Թուրքիան բացահայտ աջակցել էր Ադրբեջանին Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27–ին սկսած պատերազմում։

Մինչ այդ Հայաստանը Թուրքիայից ներմուծում էր տարեկան 250-270 մլն դոլարի ապրանք։

04.12.2021