Իրադարձություններ

Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ. բացի իրավական խայտառակությունից, այս ամենն ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ․ Վարդևանյանը՝ պատգամավորների կալանավորման մասին

10.12.2021

Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ. բացի իրավական խայտառակությունից, այս ամենն ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ․ Վարդևանյանը՝ պատգամավորների կալանավորման մասին

Մենք փաստ ունենք, որ մեր ընկերները այսքան ամիս եղան կալանավորված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ պատգամավորների անձեռնամխելիության վերաբերյալ որոշմանը:

«Օգոստոսի 2-ի նիստին ես բառացիորեն երեք անգամ կարդացել եմ Սահմանադրության 96–րդ հոդվածը, ես ցավում եմ, որ ԱԺ–ում իշխանական խմբակցության մեկ պատգամավոր չեղավ, որ ասի՝ ես կարդացել եմ 96–րդ հոդվածը, և ինչու եք այդ մարդկանց պահում կալանավորված։ Մենք ունենք ժողովրդավարության, իրավական պետության ճգնաժամ, քանի որ Սահմանադրական դատարանը ամենավերջին միջոցներից մեկն է։ Բացի իրավական խայտառակությունից, այս ամենը ունի բարոյական մեծ խայտառակության բաղադրիչ։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է ոչ թե ինձ համար, ձեզ համար, այլ առաջին հերթին՝ պետական ծառայողների»,–ասաց նա։

Արամ Վարդևանյանը նշեց, որ նույն ՔԿՀ-ն չի կարող պահել պատգամավորներին: «Պահի, անունը ի՞նչ դնի»,-ասաց նա։

Նա նշեց, որ եթե կալանավորումները վերացնում ես, նորից մարդուն կալանավորելու համար նոր հիմքեր պետք է ունենաս և վստահեցրեց՝ դա երբեք չի լինի։

Հարցին՝ արդյոք քաղաքական միտում չի տեսնում ՍԴ-ի որոշման հարցում, պատգամավորն ասաց՝ ոչ։ «Գոյություն ունի մի քանի պարզ ճշմարտություն, որ որքան էլ ճնշեն Սահմանադրական դատարանին, անհնար է հակառակը ասել, եթե մի բանը սև է, ասելու են՝ սև է, սպիտակ է, ասելու են՝ սպիտակ է, իսկ եթե մի քանի գույներ կան, այդտեղ ճնշումը էֆեկտիվ է»,-ասաց նա և նշեց, որ թեև Սահմանադրական դատարանը կարող էր ավելի շուտ որոշում կայացներ, սակայն կարող էր նաև ավելի ուշ կայացներ։