Իրադարձություններ
«Այս իշխանությունը լեգիտիմ չէ». Հակոբ Նիկողոսյան
07.07.2021
Ընդդիմադիր ուժերի համոզմամբ Հունիսի 20 -ի ընտրություններում Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ վերարընտրվեց։ Արտահերթ ընտրությունները կոչված էին լուծելու Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը ու իշխանությունների լեգիտիմության հարցը, սակայն վերլուծաբանների համոզմամբ ճգնաժամն ավելի խորացավ։
« Հայաստան» դաշինքի անդամ Հակոբ Նիկողոսյանն ընտրություններին հետևել է որպես իր ներկայացրած քաղաքական ուժի կողմից վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղ են գտել ընտրակեղծիքների բոլոր հայտնի սխեմաները, որոնց համար փաշինյանական կառավարությունը քննադատում էր նախկիններին։
«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նիկոլականները քաղաքացիներին ուղղորդում քվեարկել իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու հայտնի չէր ինչ է կատարվում քվեատուփերի հետ»,- մտաբերում է Նիկողոսյանը։ Ընդդիմության ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ մինչև հիմա ընտրական ցուցակներում առկա են մահացած կամ վաղուց ՀՀ տարածքում չբնակվող քաղաքացիների անուններ, որոնք հասկանալի է, որ տնօրինվում են իշխանությունների հայեցողությամբ և քվեարկվում նրանց օգտին ։
Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ վերևներից հրահանգ կար բռնություններ, սպառնալիքներ կիրառելու ու ամեն կերպ լռեցնելու։
Հակոբ Նիկողոսյանը ևս ընտրությունների օրը թիրախոավորվել է։ Նրան կանչել է ՔՊ նախընտրական շտաբի պետ Ռոմանոս Պետրոսյանը ու սպառնացել է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել հետը, եթե շարունակի միջամտել իրենց գործերին։
Իր նկատած խախտումների մասին բարձաձայնելու համար, Հակոբ նիկողոսյանին ոստիկանությունը ուժով բերման է ենթարկել բաժին ու սպառնալիքներից հետո, վարչական տուգանքի ենթարկել։
«Ես նույնիսկ իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունեցա, քանի որ ակնհայտորեն իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում ոստիկանական ու ԱԱԾ ուժերին՝ ճնշելու, վախացնելու ու լռեցնելու համար»,-նկատում է Նիկողոսյանը։
«Հայաստան» դաշինքի անդամի հավաստմամբ, ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե իբր դեմոկրատական, արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել և իշխանությունը պահպանել է իր մանդատը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ «Դա ընդամենը քարոզչություն է, կեղծիք, որի հետևանքները դեռ մեր ժողովուրդը կտեսնի, եթե չշարունակենք պայքարել այս իշխանության դեմ»,- եզրահանգում է Նիկողոսյանը: