Իրադարձություններ
Հայփոստ Մեդը սկանդալի կիզակետում է. բացահայտում է նախկին ղեկավարը
Հոկտեմբեր 22, 2024
Անկախ փորձագետները փաստում են, որ քաղցկեղի, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների բուժման համար նշանակվող բազմաթիվ դեղեր Հայաստանում գրանցված չեն, ուստի չեն կարող օրինական կերպով վաճառվել։ Բայց այդ դեղորայքն ազատ վաճառվում է դեղատներում կամ սեւ շուկայում։Եվ քանի որ գրանցված չեն, պետական ոչ մի կառույց չի ստուգում դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը։ Տարիներ շարունակ բժիշկներն ահազանգում են, որ այդ դեղերը կենսական անհրաժեշտություն են պացիենտների համար եւ պետք է գրանցվեն ու պատշաճ ստուգում անցնեն՝ բացառելու համար կեղծ դեղերի շրջանառությունը, սակայն պետությունը չի կարողանում լուծել հարցը։
Արտավազ Մազլումյանը պատմում է, որ 2024 հուլիսին անցկացված գույքագրման ընթացքում հայտնաբերել է, որ ՀայՓոստ Մեդի միջոցով փաստացի շրջանառվում են ապօրինի, չգրանված դեղեր։ Նա դրանց ցանկը ներկայացրել է Հայփոստ Մեդի ղեկավարությանը և հայտնել, որ գույքագրված դեղերից 3-ը, ըստ դեղգործակալության ցուցակի, գրանցված չեն, բայց փաստացի վաճառվում են ՊԵԿ դրոշմապիտակով և վաճառքը տեղի է ունեցել օրինական հարկային դաշտում։ Եվս 12 չգրանցված դեղամիջոցի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն, ինչը աբսուրդ է։
«Առողջապահության նախարարության, Տեսչական մարմնի և ՊԵԿ-ի գործողությունները ցույց են տալիս, որ դեղերի շուկայում վերահսկողությունը թերի է, կառույցները գործնականում չեն աշխատում և իրենց անգործությամբ թույլ են տալիս, որ չստուգված դեղերն ազատ վաճառվեն»,-ընդգծում է Արտավազ Մազլումյանը։
Դեղերի գրանցման գործընթացը երկար է տևում և թանկ արժե,ինչի պատճառով որոշ արտադրողներ չեն դիմում դեղերը գրանցելու համար։ Մյուս կողմից, բժիշկները, արդյունավետ բուժման նպատակով նշանակում են անհրաժեշտ դեղերը՝ անկախ դրանց գրանցված լինելու հանգամանքից։ Եթե դեղը ահանջված է, այն վաղ թե ուշ հայտնվում է շրջանառության մեջ և որպես կանոն զարտուղի ճանապարհներով՝ մաքսանենգ ներմուծում, չգրանցված վաճառք, անօրինական ցանցեր։
«Կարող եմ ասել, որ անօրինական ճանապարհներով դեղերը մտնում են երկիր հենց պետական հովանավորությամբ և շրջանառվում սև շուկայում»,-շեշտում է Մազլումյանը՝ ավելացնելով, որ Հայփոստ Մեդը փաստացի դարձել է սև շուկայի մասնակիցներից մեկը։
Խնդրի մասին բարձրաձայնումը և հետևողական քայլերը չգրանցված դեղերի շրջանառությունը կասեցնելու ուղղությամբ, Արտավազ Մազլումյանի համար լուրջ խնդիրներ են ստեղծել, որի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից՝ պարտավորեցնելով 5 տարի պահպանել ներքին ինֆորմացիան ՀայՓոստ Մեդի վերաբերյալ։
Օրերս մենք դիմել էինք ՊԵԿ և խնդրել, որ պարզաբանումներ տան չգրանցված դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության խնդիրների և դրանց փաստացի վաճառքի վերաբերյալ։
ՊԵԿ-ից հայտնել են, որ թեմատիկ հարկային ստուգում կանեն և արդյունքների մասին կտեղեկացնեն։ Թե ինչ ժամկետում՝ հայտնի չէ