Իրադարձություններ

Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը

Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը

Օգոստոսի 16-ին Հայաստանում նշվեց Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձը։

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչությունն այս առիթով հանդիսավոր հանրահավաք էր  կազմակերպել։ Արարողությանը մասնակցել են Հայաստանի և Ռուսաստանի  հոգևորական դասի, ռազմական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանրահավաքը տեղի է ունեցել «Օշականի հերոսների» հուշարձանի մոտ (Արմավիրի մարզ):

1827 թվականի օգոստոսի 29-ին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1826−1828 թթ.)  տեղի  ունեցավ Օշականի ճակատամարտը (հայտնի է նաև Աշտարակի ճակատամարտ անունով), որի ժամանակ գեներալ Ա.Կրասովսկու երեքհազարանոց միացյալ ջոկատը մարտի դուրս եկավ տասն անգամ գերազանցող իշխան Աբբաս-Միրզայի պարսկական բանակի դեմ: 1827 թվականի օգոստոսին պարսկական բանակը ներխուժել էր Արևելյան Հայաստան և միավորվելով Էրիվանի սարդար Հուսեյն խան Քաջարի զորքերի հետ՝ պաշարել Էջմիածնի վանքը։ Էջմիածնից 35 վերստ հեռավորության վրա գտնվող գեներալ Կրասովսկու ռուսական ռազմական ջոկատը նրան միացած հայ և վրացի կամավորների հետ միասին օգնության հասավ պաշարված վանքին և, չնայած պարսկական բանակի թվային տասնապատիկ գերազանցությանը, կարողացավ ճեղքել հակառակորդի պաշտպանական բնագծերը, ինչից հետո նույն գիշերը պաշարումը վերացվեց։ Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին (ապագա Ամենայն Հայոց Կաթողիկոսը), որն այդ ժամանակ գտնվում էր Էջմիածնում, ձեռքում պահելով վանական մասունքը՝ «Քրիստոսի արյունով ներկված հռոմեական նիզակը», աղոթում էր «ռուսական բանակի» հաղթանակի համար։  Ռուսական ջոկատը զանգերի և աղոթքի երգերի ներքո մտավ վանք։ Էջմիածնի արքեպիսկոպոս Ներսես Աշտարակեցին ողջույնի խոսքով դիմեց բոլորին. «Մի բուռ մեր ռուս եղբայրները կատաղի թշնամու երեսունհազարանոց բանակի միջով հասան մեզ։ Այս մի բուռն անմահ համբավ  ձեռք բերեց, իսկ գեներալ Կրասովսկու անունը հավերժ անմոռանալի կմնա Էջմիածնի տարեգրության մեջ»։

1833-1834 թթ. Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի և Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցու նախաձեռնությամբ վանքի և տեղի բնակիչների միջոցներով Էջմիածնից 4 կիլոմետր հեռավորության վրա կառուցվեց 1827 թվականի օգոստոսի 29-ին ընկած զինվորների հուշարձանը։

2011 թվականի ապրիլի 19-ին տեղի ունեցավ «1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած Մայր Աթոռ Էջմիածնի ռուս ռազմիկ-փրկիչներին նվիրված» հուշարձանի հանդիսավոր բացումը։

17.08.2024

Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը

Հուլիսի 4-ին Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարի է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում:

Փառատոնի շրջանակներում՝ հուլիսի 4-ից 18-ը կազմակերպվել է հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր։ Համերգներն անցկացվում են Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․ Ստամբոլցյանի անվ․ երգեհոնի դահլիճում։ Վարպետության դասերին մասնակցում են շուրջ 40 շնորհալի պատանի երաժիշտներ Հայաստանից, ինչպես նաև երաժշտությամբ զբաղվող կապանցի երեխաներ։ Լավագույն ուսանողները փառատոնի ավարտին ստանալու են դրամական պարգևներ և կրթաթոշակներ Miaseen.org և MG Concerts կազմակերպությունների կողմից։

Այս տարի մասնակցող պրոֆեսիոնալ երաժիշտների նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնին իրենց կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես են գալիս փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Հայկ Ղազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը, Նարեկ Ավագյանը, Տիգրան Սուչյանը և այլոք։

Հուլիսի 4-ից 8-ը փառատոնը հյուրընկալել է 18-րդ դարի «Ստրադիվարի» և «Գվարների դել Ջեզու» հինգ ջութակների բացառիկ ցուցահանդեսը, որը Կապան էր բերել ջութակի աշխարհահռչակ վարպետ Ֆլորիան Լեոնարդը։ Հատկանշական է, որ Հայաստանում նման ցուցահանդես կազմակերպվել էր առաջին անգամ։  Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կամփոփվի հուլիսի 18-ին աշխարհահռչակ հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» խմբի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով:

Ըստ Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանի․ «Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»։

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի աջակիցներն են Կապանի համայնքապետարանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական ընդհանուր բարեգործական միությունը, «Կարաս գինիներ» ընկերությունը, Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանը, VIWA շվեյցարական կազմակերպությունը, Սյունիքի մարզպետարանը, Հայաստանում Բելգիայի Թագավորության դեսպանությունը, Amaras Art Alliance-ը, «Համազգային» կազմակերպության Վաշինգտոնի մասնաճյուղը, ու մի շարք բարերար անձինք, որոնք աջակցել են փառատոնի կազմակերպմանը։ 

10.07.2024

Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբն է մեկնել Հալեպ

Հայ բժիշկների և ականազերծողների հերթական խումբն է մեկնել Հալեպ

Ականազերծողներից և բժիշկներից բաղկացած հերթական խումբը մեկնել է Հալեպ՝ իր առաքելությունն իրականացնելու: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 18-ին կայացել է Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն իրականցանող 10-րդ խմբի հերթափոխը:

«Համաձայն հակաականային գործողությունների միջազգային չափորոշիչների` 10-րդ խմբի սակրավորները, անցնելով ուսումնական նախավարժանք, կսկսեն դաշտային աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սիրիայում առաքելություն իրականացնող ականազերծողները մինչև հուլիսի 4-ը մաքրել և իշխանություներին են հանձնել ականազերծված ավելի քան մեկ միլիոն հարյուր տասնվեց հազար քառակուսի մետր տարածք։ Բացի այդ, հայտնաբերել են ավելի քան 900 զինամթերք և ենթազինամթերք, այդ թվում՝ հակատանկային և հակահետևակային ականներ, հրետանային արկերի և ավիառումբի մնացորդներ, ուղղորդված ականներ և ինքնաշեն պայթուցիկ առարկաններ։ Բժշկական խումբը բուժօգնություն է ցուցաբերել 45 հազարից ավելի տեղաբնակների։

10.05.2024

Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ

Հայտնաբերվել են օդն աղտոտող բեռնատարների վարորդներ

Փետրվար-մարտ ամիսներին Երևան քաղաքում և հարակից մարզերում  Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացված փոշու արտանետումները նվազեցնելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր` ավազի, խճի, հողային զանգվածների, նաև շինարարական աղբ տեղափոխող  տարբեր մակնիշի 17 բեռնատար։

Կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, իրականացվել բացատրական աշխատանքներ։

Մթնոլորտային օդի պահպանության նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։

Իրազեկում՝ ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 150.000 ՀՀ դրամի չափով։

Նույն խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական  անձանց նկատմամբ` 100.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` 300.000 ՀՀ դրամի չափով։

13.03.2023