Քաղաքականություն
Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը․ Կավելաշվիլի
19.11.2025
Աշխարհում լարված իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
«Ուրախ եմ Վրաստանում, պաշտոնական այցով հյուրընկալել բարեկամական և ռազմավարական գործընկեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության նախագահին։ Ինչպես գիտեք, այս տարի սա մեր երկրորդ հանդիպումն է։ Ապրիլի 29-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանի Հանրապետությունում։ Ցանկանում եմ օգտվել այսօրվա հնարավորությունից և ևս մեկ անգամ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել պարոն նախագահին ջերմ ընդունելության համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը` կարևորելով 2024 թվականին կնքված ռազմավարական գործընկերությունը։
«Ուրախ եմ նշել, որ 2025 թվականը հատկապես արդյունավետ էր մեր երկրների միջև կապերի խորացման առումով։ Ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռք բերված արդյունքները հստակ ցույց են տալիս մեր համագործակցության արդյունավետությունն ու մասշտաբները», - հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին։
Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցությունը օրինակելի է։
«Վրաստանն ու Հայաստանը դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ ներդաշնակորեն գոյակցելով։ Երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր բարեկամության վրա հիմնված դարավոր հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել միայն աշխարհագրական մերձեցվածությամբ։ Այս գործընթացում չափազանց կարևոր են ընդհանուր արժեքներն ու տեսլականը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին. պետականության, ազգային ինքնության և մշակութային ինքնատիպության պաշտպանությունը, որը գլխավոր առաջնահերթություն է թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար և ամուր հիմք է ստեղծում էլ ավելի սերտ գործընկերության համար։ Մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Ակտիվ երկկողմ հարաբերությունների շրջանակներում Վրաստանն ու Հայաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծել է Միխեիլ Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։
«Այս համատեքստում հատկապես կարևոր է հայկական պետության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող անսասան աջակցությունը, որի համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեր երկրին, պարոն նախագահ, թե՛ իմ, թե՛ վրաց ժողովրդի անունից», - նշել է Կավելաշվիլին։
Վրաստանի նախագահի խոսքով՝ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում Վրաստանը և Հայաստանը շարունակում են զարգացնել քաղաքական, տնտեսական և միջազգային կապերը։
«Հանդիպման ընթացքում ես նշեցի, որ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի հաշվառմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը շարունակում է մնալ ավելի ու ավելի կարևոր։ Հարկ է ընդգծել, որ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում մենք շարունակում ենք զարգացնել քաղաքական, տնտեսական և միջմարդկային կապերը», - ասել է Միխեիլ Կավելաշվիլին։