Քաղաքականություն

Մեր հաղթանակին մնացել է երեք օր

18.06.2021

Մեր հաղթանակին մնացել է երեք օր

Խորհրդարանական արտահերթ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ, Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ ընդդիմության կազմակերպած ամենաբազմամարդ հանրահավաքը, որին մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ՝ արտահայտելու իրենց դժգոհությունը գործող իշխանությունների վարած քաղաքականությունից։ Վճռական այս հավաքին մասնակցում էր նաև երկրորդ նախագահ և Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։Նրա խոսքով միասնական ջանքերով պետք է երկիրը դուրս բերենք ճգնաժամային վիճակից ու վերականգնենք տարածաշրջանում մեր դիրքն ու հեղինակությունը։ 

«Տարիներ շարունակ հայկական բանակը համարվել է ամենամարտունակը տարածաշրջանում,բայց այսօր մենք առերեսվում ենք հրեշավոր դավաճանության հետ, որը փոշիացրեց մեր հեղինակությունը, դիրքը ու 30 տարվա հաղթանակը»,- իր ելույթում նշեց Քոչարյանը։ 

Այսօրվա հանրահավաքի ժամանակ հնչեցին կարգախոսներ և ելույթներ ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների և հասարակական հայտնի դեմքերի կողմից։ 

Նախընտրական այս հանրահավաքին նախագահի հրավերով մասնակցում էին նաև Դոկանդո ֆեդերացիայի Արագածոտն մարզի մասնաճյուղի նախագահ Արայիկ Ավետիսյանը, ֆեդերացիայի պատվավոր անդամ Սարիբեկ Օվոյանը, որոնք իրենց հայուրավոր սաների հետ միասին աջակցությունն էին հայտնում ընդդիմությանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ 

«Մենք միայն հաղթանակներով, փառք ու պատվով ենք ուրվագծել մեր երկրի սահմանները, հպարտությամբ ենք բարձրացրել մեր դրոշն ու հուզմունքով լսել , ինչպես է աշխարհի տարբեր երկրներում հնչում մեր հիմնը, սակայն մեզ հիմա ստիպում են հաշտվել պարտության հետ, վարժվել զիջելուն ու նոր իրականությանը համակերպվելուն։ Մենք հայտարարում ենք, որ մենք պարտվող տեսակ չենք ու երբեք չենք ընդունի այն իշխանությանը, որը մեզ առաջնորդում է դեպի պարտություն ու խայտառակություն, ոտնահարում է մեր ազգային շահերը»,- հայտարարեց Արայիկ Ավետիսյանը ևս մեկ անգամ շեշտելով, որ այս ընտրություններում իրենք պիտի հաղթեն հանուն Հայաստանի ու հայ ժողովրդի ապագայի։ 

«Ընտրությունը միայն քվեաթերթիկը չէ, դա պատասխանատվություն է սեփական երկրի, ընտանիքի և ապագա սերունդների առաջ»,-նշեց ֆեդերացիայի Արագածոտնի նախագահը՝ կոչ անելով հանրահավաքի մասնակիցներին լինել պահանջատեր։

Կազմակերպիչների խոսքով՝ հունիսի 18-ի հանրահավաքը նպատակ ուներ ցույց տալ հասարակական դժգոհության իրական ծավալը և ընդդիմության անկոտրում կանքը։ 

Ելույթներից հետո նախագահ Քոչարյանը, Արայիկ Ավետիսյանը և  հավաքի հայտնի  այլ մասնակիցներ մոտեցան ու զրուցեցին հավաքին ներկա քաղաքացիների հետ ու պատասխանեցին նրանց մտահոգող հարցերին։ 

Հանրահավաքը խաղաղ բնույթ էր կրում, բայց անցկացվեց ուժեղացված ոստիկանական վերահսկողության պայմաններում, քանի որ  նախընտրական շրջանի ամենամասշտաբային հանրահավաքն էր այսօր և դա լուրջ անհանգստություն էր առաջացրել Փաշինյանի ու նրա մերձավորների շրջանում։