Քաղաքականություն
«Սա քաղաքական դատաստան է ազգի ինքնության դեմ». Գարիկ Բաղդասարյան
Սեպտեմբեր 10, 2025
Հայ առաքելական եկեղեցու ու Սբ. Էջմիածնի նկատմամբ սկսված արշավը սպառնում է լուրջ քաղաքական ու հասարակական ճգնաժամ ստեղծել Հայաստանում ու արտերկրում։ Արտերկրի հայությունը ևս վրդովված է եկեղեցու ու հոգևորականների նկատմամբ պետության հալածանքներից։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում, չի տողավորվում իրավական կամ տրամաբանության շրջանակներում։Այսօր տեղի ունեցողը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է Հայ Առաքելական Եկեղեցու ու նրա հետևորդների դեմ։
Իշխանությունները ապացուցում են, որ չունեն սրբություններ ու բարոյական արգելքներ»,-մեզ հետ զրույցը նման կտրուկ որակումներով սկսեց Հայաստան դաշինքի անդամ, Սրբազան պայքարի աջակից Գարիկ Բաղդասարյանը, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, սակայն շարունակում է պայքարը Հայաստանում տիրող ապօրինությունների, քաղաքական հետապնդումների դեմ և հատկապես եկեղեցու ու հոգևորականների ապօրինի կալանավորման դեմ։
Բաղդասարյանի դիտարկմամբ իրավական համակարգը վերածվել է քաղաքական հետապնդման գործիքի՝ զուտ իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող մեխանիզմի։
Նա մտաբերում է Հայաստանում իր հետ տեղի ունեցած դեպքերը,հետապնդումն ու ճնշումները, երբ պետական մարմինների կողմից թիրախավորվել էր իր քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության ու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մերձավորներից լինելու համար։ Գարիկ Բաղդասարյանը շեշտում է, որ իրավապահ համակարգնէ նրան փակուղու առաջ կանգեցրել ու դարձել իր ու իր ընտանիքի համար ուղղակի կյանքի սպառնալիք, ինչի հետևանքով մնացել բացարձակ անպաշտպան։
«Սա է մեր երկրի ղեկավարության նկարագիրը, և պատահական չէ, որ հիմա հարվածը հասցվում է հենց Եկեղեցուն, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, եկեղեցին մեր ինքնությունն է, մեր պետականության հիմքն է, մեր քաղաքակրթական առանցքը, իսկ ով սատարում է եկեղեցուն, իշխանությունները համարում են վտանգավոր տարրեր, որոնց պետք ձերբակալել ու վերացնել»,-վրդովվում է է Բաղդասարյանը՝ վերհիշելով Էջմիածնում տեղի ունեցող բռնությունները՝ հոգևորականների ու եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ։
Հայաստան դաշինքի անդամի կարծիքով հիմա ժամանակն է վերջնականապես վերաիմաստավորել ուր են տանում մեր երկիրը այսօրվա իշխանությունները և առաջիկա ընտրություններում ճիշտ կողնորոշվել՝ այլևս հնարավորություն չտալ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու։
«Երբ պետությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, նշանակում է՝ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդին, պատմությանը, սեփական արմատներին և ինքնությանը։Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կործանում»,-ընդգծում է Բաղդասարյանը։
Գարիկ Բաղդասարյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել և աջակցել մեր եկեղեցուն ու պատասխանատվություն ստանձնել մեր պետության հանդեպ, քանի որ, իր ձևակերպմամբ, հիմա արդեն ոչ միայն առաջիկա ընտրություններում հաղթելու, այլ մեր ինքնության, պետության և ազգի գոյության հարցն է։