Քաղաքականություն
Մերժված հայցեր, միջազգային դիմում և նոր քրեական հետապնդում
10 հուլիսի, 2025
Սաթենիկ Բալայանը արդեն մի քանի տարի իրավական ճանապարհով փորձում է հասնել արդարության իր հոր մահվան գործով։ Հայտնի գործարար Սուրեն Բալայանը մահացել է 2022 թվականի մայիսին տեղի ունեցած վրաերթի հետևանքով, որը ընտանիքը համարում է ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար, այլ դիտավորյալ սպանություն՝ կապված նրա բիզնես գործունեության, ավելի ճիշտ նրա բիզնեսի նկատմամբ վերահսկողություն ստանալու հետ։
Դեպքից հետո հարուցված քրեական գործի շրջանակում 2024 թվականի հունիսի 28-ին դատարանը մեղադրյալ Սերգեյ Մնացականյանին դատապարտեց մեկ տարվա պայմանական ազատազրկման և մեկ տարվա ժամկետով վարորդական իրավունքից զրկման, մինչդեռ այդ արարքի համար օրենքով 2-5 տարվա ազատազրկում է նախպատեսված։ Այս վճիռը մեծ դժգոհություն առաջացրեց Բալայանի ընտանիքի շրջանում՝ համարելով սահմանված պատիժը խիստ անհամաչափ։
Սաթենիկ Բալայանը շարունակել է պայքարը իրավական ճանապարհով՝ փորձելով հասնել գործի ամբողջական և արդարացի քննությանը։ Նա փաստաբանի միջոցով վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն 2024 թվականի նոյեմբերին վերաքննիչ դատարանը թողել է առաջին ատյանի վճիռը անփոփոխ։ Ընտանիքը շարունակում է պնդել, որ իրական հանգամանքները չեն բացահայտվել և որ գործը պատշաճ կերպով չի քննվել։
Վճռաբեկ դատարանը առհասարակ գործը վարույթ չի ընդունել։
«Ես հավատում էի, որ հեղափոխությամբ իշանության եկած Նիկոլ Փաշինյանը կվերացնի նախկին կոռումպացված պետական ու դատական համակարգերը, բայց ցավոք, ոչինչ չի փոխվել, միայն անունները»,-նկատում է Սաթենիկ Բալայանը։
2025-ի մարտին Բալայանի պաշտպանը հայցադիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ փորձելով միջազգային հարթակում բարձրացնել Սուրեն Բալայանի մահվան գործի հանգամանքները։
Սաթենիկի խոսքով՝ հենց այն պահից, երբ նա սկսեց հրապարակայնորեն խոսել իր հոր մահվան իրական հանգամանքների մասին և ՄԻԵԴ դիմում նախապատրաստել, իր նկատմամբ սկսվել են նոր ճնշումներ՝ կյանքի սպառնալիքներ , նաև իրավական հետապնդում։
Ներկայում Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, որով Սաթենիկ Բալայանին մեղադրանք է ներկայացվել սուտ մատնության և կեղծ տեղեկություններ տարածելու հատկանիշներով ։
«Այս բոլոր քայլերը նպատակ ունեն լռեցնել ինձ և թույլ չտալ, որ շարունակեմ բարձրաձայնել իմ հոր մահվան իրական հանգամանքների, ինչպես նաև նրա սպանությունը պատվիրատուների ու իրականացնեողների մասին։ Այս ամենի առանցքում եղել է Աշոտ Արսենյանը, որը իշխանությունների հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ կարողանում է ազդեցություն ունենալ այս գործի ընթացնքի վրա»,-շեշտում է 3 տարի առաջ վրաերթից մահացած Սուրեն Բալայանի դուստրը։
Սաթենիկ Բալայանը հայտարարում է, որ անգամ ճնշումների տակ ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունենալով, շարունակելու է իրավական և միջազգային բոլոր ճանապարհներով հասնել արդարության, ապացուցել, որ իր հայրը սպանվել է կոռումպացված իշխանությունների ու նրանց հետ փոխկապակցված քրեաօլիգարխիկ տարրերի կողմից։