Քաղաքականություն

«Ձեռքներդ հեռու եկեղեցուց». Հայաստանի Եվրոպական կուսակցությունը միացել է բողոքի ակցիաներին

«Ձեռքներդ հեռու եկեղեցուց». Հայաստանի Եվրոպական կուսակցությունը միացել է բողոքի ակցիաներին

ԵՐԵՎԱՆ- Հուլիսի 2, 2025

Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանի և Միքայել Աջապահյանի, ինչպես նաև մյուս հոգևորականների ձերբակալությունների։ Բողոքի ակցիաներին ակտիվ մասնակցում է Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, որի անդամները հայտարարել են, որ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է և ուղղված է Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։

Բողոքի ակցիաները տեղի են ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի տարածքում, որտեղ հավաքվել են հարյուրավոր քաղաքացիներ, հավատացյալներ և ընդդիմադիր ակտիվիստներ։ Նրանք պահանջել են անհապաղ ազատ արձակել ձերբակալված հոգևորականներին և դադարեցնել ճնշումները եկեղեցու նկատմամբ։

ՀԵԿ ներկայացուցիչները իրենց ելույթներում նշել են, որ իշխանությունների գործողությունները վտանգում են խոսքի ազատությունը և հավատացյալ ժողովրդի կրոնական իրավունքները։

«Եկեղեցին հանդիսանում է մեր ազգային ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը , որի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացել է հաստատվել որպես առաջին քրիստոնյա ազգ ու իր պատմությունն ու մշակույթը հասցնել 21-րդ դար, ուստի եկեղեցու նկատմամբ ցանկացած ճնշում մենք համարում ենք մեր ազգի ոչնչացման փորձ»,- ընդգծեց իր խոսքում Հայաստանի Եվրոպական կուսակցության անդամ Արմեն Ամիրզադյանը։ Նշենք, որ Ամիրզադյանն իր կնոջ հետ աչքի են ընկել շարժմանն աջակցող ակտիվ նախաձեռնություններով՝ ֆինանսական,կազմակերպչական,ինչպես նաև հանրային իրազեկման աշխատանքով։

Քաղաքագետների կարծիքով ստեղծված իրավիճակը վկայում է Հայաստանի ներքաղաքական լարվածության աճի մասին, որտեղ եկեղեցու և քաղաքական ուժերի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։

Իրավապաշտպան կազմակերպություններն իրենց հերթին կոչ են արել իրականացնել անկախ և թափանցիկ հետաքննություն՝ պարզելու ինչպես ձերբակալությունների իրավաչափությունը, այնպես էլ բողոքի ակցիաների ընթացքում ուժի կիրառման դեպքերը։

Բողոքի ալիքը շարունակվում է, և իրավիճակի զարգացումը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։