Քաղաքականություն
Հակաեկեղեցական շարժման ևս մեկ զոհ. Տեր Ասողիկը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ- 25 հունիսի, 2025
Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտե բերման է ենթարկվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ Քննչական կոմիտեում հայր Ասողիկի հարցաքննությունը շուրջ 6 ժամ է տևել, որից հետո միջնորդություն է ներկայացված նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Քննչական կոմիտեից առայժմ չեն մեկնաբանում,թե ինչի համար են բերման ենթարկել և հարցաքննել հոգևոր հորը և ինչ մեղադրանք են պատրաստվում առաջադրել։ Հոգևորականի շահերի պաշտպան Մարինե Ֆարմանյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ անգամ ինքը չի կարողնում իր պաշտպանյալի հետ կապ հաստատել և պարզել գործի բոլոր հանգամանքները։ Մեր հարցին, թե ինչ վարկածներ ունի և ինչի համար է հնարավոր համարում, որ Տեր հայրը կարող է բերման ենթարկված լինել, պաշտպանը պատասխանեց,- «Կարծում եմ ոչ մեկի համար անակնկալ չէր նման զարգացումը, եթե հաշվի առնենք, թե Տեր Ասողիկը ինչպես է պատասխանել ՀՀ վարչապետի որակումներին ու անթույլատրելի արտահայտություններին ուղղված Հայ Առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։
Հոգևորականը օրեր առաջ կոշտ մեկանաբանություն էր արել և հայտարարել, որ եկեղեցականները՝ ամենախոնարհ սպասավորից մինչև բարձրաստիճան, թույլ չեն տա գրոհել Մայր Աթոռ ու սուր բարձրացնել Վեհափառի դեմ։ «Հայոց Եկեղեցում հուդաներ չկան, որ վաճառվեն և Տիրոջ Օծյալի դեմ ամբոխի ուղեկցեն: Հայոց Եկեղեցում ամեն մի սպասավոր առաքյալ է՝ պատրաստ նահատակվելու»,- շեշտել էր Հայր Ասողիկը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը վերջերս կառավարության նիստի ժամանակ քննադատել էր եկեղեցիների վիճակը՝ անվանելով դրանք «չուլանացված և աղբով լի»։ Փաշինյանի հայտարարությանը բուռն արձագանքել էին Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Ավելի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ միջնորդությունը բավարարվել է և Տեր Ասողիկը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին տեղեկացանք հոգևորականի պաշտպան Մարինե Ֆարմանյանից, որը Տեր հայրի որդու՝ Սեյրան Կարապետյանի հետ գտնվում էր Քննչական կոմիտեի մոտ, որտեղից Հոգևորականին տեղափոխելու էին քրեակատարողական հիմնարկ։ Սեյրան Կարապետյանը հայտարարեց, որ իրավական բոլոր եղանակներով պայքարելու են տեղի ունեցող անարդարության դեմ և չեն նահանջելու, որքան էլ , որ ճնշումները կոշտ լինեն։
«Մեր եկեղեցու պղծման դեմ արտահայտված բոլոր հոգևորականներին ակնհայտորեն նույն ճակատագիրն է սպասվում, ինչ տեր Ասողիկին, ես կասկած չունեմ, որ առաջիկա օրերին մենք կլսենք նաև նրանց ձերբակալման մասին»,- ավելացրեց փաստաբան Մարինե Ֆարմանյանը։