Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունից անհետ կորածների հարազատներին կրկին չընդունեցին

Պաշտպանության նախարարությունից անհետ կորածների հարազատներին կրկին չընդունեցին

11 նոյեմբերի, 2021, Երևան

44-օրյա պատերազմի ավարտից ուղիղ մեկ տարի անց զոհված ու անհետ կորած հարյուրավոր զինծառայողների հարազատներ դեռ իրենց որդիներից, եղբայրներից ու ամուսիններից լուրի են սպասում։ Չնայած պաշտոնապես չի հաստատվել, սակայն, որոշ հարազատներ հավատում են՝ իրենց որդիները ողջ են ու գերեվարված։ Հարյուրավոր ծնողներ կրկին հավաքվել էին ՊՆ դիմաց և նախարարից պատասխան էն պահանջում։ Նրանց նպատակն է հասկանալ, թե ինչն է պետական այս անտարբերության պատճառը, այն դեպքում , երբ իրենց զավակների կյանքը զոհաբերվել է հանուն ՀՀ-ի։

«Մենք ներկայացրել ենք իրանց, որ կան փաստեր, բայց մինչև հիմա անտեսվում է դա: Մենք հասկանում ենք, որ եթե մի ծնողի իրանք աջակցեցին, պիտի պատրաստ լինեն բոլոր ծնողներին աջակցել»,-նշում էր անհետ կորած Զավեն Հակոբյանի մայրը։

«Մենք ՊՆ-ին ենք տվել մեր եղբայրներին, թող նախարարն էլ մեզ պատասխան տա:Երեք օր է ուզում ենք նախարարին տեսնել, բայց չի ընդունում»-հայտարարեց ակցիայի մասնակից Էդմոնդ Գևորգյանը, որը ևս պատերազմի մասնակից է և արդեն մի տարի է փնտրում է եղբորը:

Նոյեմբերի 9-ի ակցիայի ժամանակ իր ելույթում Էդմոն Գևորգյանը կոչ էր անում անուն առ անուն հիշել մեր հերոսներին։

«Մենք բոլորս ունենք կորցրած եղբայրներ, որդիներ, որոնք այս պատերազմում հերոսաբար պաշտպանել են իրենց հողը, տունն ու ընտանիքը։ Մենք չենք կարող նրանց մոռանալ ու պետությունը նույնպես չի կարող ուրանալ նրանց սխրանքը, նրանք պարտավորն են պատշաճ քայլեր ձեռնարկել,ստանձնել պատասխանատվություն տղաների ճակատագրի համար», - ընդգծում էր Գևորգյանը։

Ակացիայի մասնակիցներին ՊՆ աշխատակազմից այդ օրը ոչ ոք այդպես էլ չի ընդունել ու շատ չանցած ոստիկանությունը ցրել է բողոքի ակցիան։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ ներկայում զբաղվում է անհետ կորածների ծնողների իրավունքների պաշտպանությամբ, մեր հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ անհետ կորածներից շատերի ողջ լինելը չի հաստատվում պաշտոնապես, քանի որ պետությունը բավարար աշխատանք չի կատարում այդ ուղղությամբ, որևէ հետաքրքրություն չի դրսևորում այս խնդրի ուղղությամբ։ Կառավարություն պարզապես փակված է համարում այդ հարցը և անտեսում է այս մարդկանց իրավունքները, ցավը, վիշտը ու բացահայտ արհամարհում է։Սահակյանը վստահ է, որ գերիների թիվը պաշտոնականից ավելի մեծ է, բայց ցավալին այն է, որ դա ոչ միայն չի հաստատում ադրբեջանական կողմը, այլև մեր պետությունը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ իր ցուցումով շատերը դիմել են կարմիր Խաչ, որտեղ հաստատվել է մի շարք զինծառայողների ողջ և գերության մեջ գտնվելու փաստը,ուստի հարազատների հետ հետևողական են լինելու, որպեսզի հասնեն արդարության։

Ազատուհի Գասպարյան