Քաղաքականություն
«ՍՐՏԻԿՆԵՐԴ» ու «ՊԱՉԻԿՆԵՐԴ» անպատասխան են, Նիկոլ
19.06.2026
ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Ինչքան էլ ընտրական խախտումների վերաբերյալ գործեր հարուցվեն ընդդիմադիր դաշտի հանդեպ, ինչ էլ արվի, միևնույն է հանրային մթնոլորտում մի ծանր նստվածք կա՝ իշխանությունը կեղծել է ընտրությունը։ Կեղծիքների ձևերի մասին չեմ խոսելու, որովհետև հանրային աչքը տեսնում է, որ ձև չկա, որը չի քննարկվել կամ որի մասին կասկած չի հնչել։ Խոսելու եմ
Հաղթանակը մարդուն սովորաբար հանգստացնում է։ Հաղթանակը մեղմացնում է, բարիացնում, բուժում նույնիսկ ամենածանր վերքերը։ Հաղթանակած մարդը չի կռվում իր ստվերի հետ, չի փնտրում ամեն քայլափոխի թշնամիներ, չի փորձում ամեն օր ապացուցել, որ հաղթել է։ Նա պարզապես ապրում է իր հաղթանակի մեջ։ Այդ դեպքում ինչո՞ւ Փաշինյանը չի տոնում իր հռչակած հաղթանակը։ Հենց այստեղ է հոգեբանական հանգույցը։ Իշխանությունն ինքն իր ներսում գիտի, որ սա հաղթանակ չէ։ Սա այն դեպքն է, երբ հաղթանակը պարտությունից էլ ծանր է։
Այսօր Նիկոլ Փաշինյանի վարքագծում հենց այդ տրամաբանությունն է երևում։ Քաղաքական գնահատական չեմ տալիս, սա զուտ հոգեբանական դիտարկում է։ Հետընտրական բոլոր խայտառակությունները՝ ձերբակալությունները, սպառնալիքները, աղմկոտ հայտարարությունները, ավելի շատ հիշեցնում են ոչ թե հաղթողի, այլ ներքին տվայտանքի մեջ գտնվող մարդու արձագանքներ։ Պարտված մարդն է միայն սկսում կռվել ոչ միայն հակառակորդի, այլև իրականության դեմ։
Այդ ժամանակ այլևս ոչինչ չի մնում ասելու, քան այն, որ իրեն դեմ քվեարկած մարդիկ կաշառված են եղել։ Սա արդեն քաղաքական փաստարկ չէ։ Իր ձեռքի տակ եղած ամբողջ վարչական, իրավական և ուժային ռեսուրսներով փորձում է մարդկանց համոզել, որ հակառակ կողմն է կեղծել ընտրությունը։ Ու սա ասում է մարդը, որը ներկայացնում է պետությունը, իշխանությունը և օրենքը։
Որքա՜ն թույլ ու անօգնական պիտի զգաս քեզ, որ տիրապետելով պետական ամբողջ մեքենային՝ շարունակ վախենաս մրցակցից։ Որքա՜ն անապահով պիտի լինի քո հաղթանակը, որ ամեն օր ստիպված լինես այն նորից ու նորից ապացուցել։