Քաղաքականություն
ԱՌՆԵՏԱՎԱԶՔԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ
09.04.2026
ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն սարսափ է ապրում այն մտքից, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում կարող է չվերարտադրվել, եւ դրա համար բոլոր հնարավոր ու անհնարին քայլերին դիմում է: «Պեռաշկի ու կուկուռուզ» է ուտում, պետբյուջեի հաշվին բարեգործություն է անում եւ թոշակներ բարձրացնում, ավտոբուսը նստած՝ դեպի մարզեր է գնում, կանանց ծանր պայուսակներն է տեղափոխում եւ, ամենակարևորը` հայհոյում ու վարկաբեկում է իր մրցակիցներին:
Եթե նախորդ ընտրություններում նրա թիրախը նախկին իշխանություններն էին` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա այս անգամ հերթը հասել է Սամվել Կարապետյանին, որն իշխանության մեջ չի եղել, թալանի մեջ չեն կարող մեղադրել, Արցախը հանձնելու մեջ՝ նույնպես: Փաշինյանը գիտակցում է, որ այս փուլում իր հիմնական քաղաքական հակառակորդը, գլխավոր մրցակիցը Սամվել Կարապետյանն է, որի վարկանիշը բարձրանում է, եւ այն մտքից, որ նա կարող է իրեն հաղթել, ընկնում է ցնցումների մեջ: Փաշինյանի ամենօրյա ֆեյսբուքյան լայվերը վկայում են այն մասին, որ անգամ իշխանական շրջանակները չեն հավատում այն սոցհարցումներին, որոնց համաձայն` առաջին տեղում են և ունեն 50+1 տոկոս քվե: Նրա նյարդերը ակնհայտ լարված են ու դրա համար նա բարեկրթության բոլոր նորմերը խախտել է:
Ես ինձ թույլ եմ տալիս բոլորիս անունից հայտարարել, որ ոչ մի քաղաքակիրթ մարդ իրավունք չունի դիմացինին բոմժ անվանելու, առավել ևս վարչապետը իր քաղաքացուն, անկախ նրանցից , թե ինչ քաղաքական հայացքներ ունի տվյալ մարդը: «Ուղիղ հարց ունեմ կառավարությունը զավթած անձին. ի՞նչ իրավունք ունես որեւէ մեկի մասին այդպես խոսելու: Ո՞վ ես դու»։
Նիկոլ Փաշինյանը փորձում է իրեն Աստծո տեղը դնել, սակայն ինքը մի սովորական շարքային անգրագետ է, որ չի էլ կարող Կարապետյանի հետ համեմատվել: Ո՞վ է քեզ տվել նման իրավունք՝ խոսելու Կարապետյանի մասին այդ բառապաշարով, փրփուրներից ես կախվում, քանի որ գիտես՝ վերջդ եկել է»: