Քաղաքականություն
Հեղինե Ասիրյանը կգլխավորի «ARMnews»-ի նոր հեղինակային քաղաքական շարքը
18.02.2026
Այսօր ցանկանում ենք մեր լսարանին ներկայացնել «ARMnews»-ի լրատվական-վերլուծական նոր հարթակի հեղինակին՝ հասարակական և քաղաքական ակտիվիստ, բլոգեր Հեղինե Ասիրյանին։
Վերջին տարիներին Հեղինեն հանրությանը հայտնի է դարձել իր ակտիվ հասարակական գործունեությամբ և սոցիալական ցանցերում հրապարակվող համարձակ հրապարակումներով, քաղաքական վերլուծություններով ու կոշտ քննադատություններով։ Նրա բլոգը ձևավորվել էր որպես հարթակ, որտեղ բաց քննարկվում էին Հայաստանի ներքաղաքական զարգացումները, պետական կառավարման խնդիրները, Արցախի հարցը, մարդու իրավունքների թեմաները և հասարակությանը հուզող բազմաթիվ այլ հարցեր։
Սակայն, իշխանություններին ուղղված նրա հրապարակային քննադատությունից հետո, Հեղինեի հանրային բլոգը արգելափակվեց, ինչի հետևանքով նրա հազարավոր հետևորդներ զրկվեցին իրականությանը իսկական գույներով տեսնելու բացառիկ հանարավորությունից։
Մենք համոզված ենք, որ ժողովրդավարության կարևորագույն արժեքներից մեկը բազմակարծությունն է, իսկ լրագրության առաքելությունը՝ տարբեր տեսակետների համար հարթակ ապահովելը։ Հենց այդ համոզմունքից ելնելով՝ «ARMnews»-ը Հեղինե Ասիրյանին առաջարկել է համագործակցություն և հեղինակային սյունակ վարելու հնարավորություն։
Այսուհետ մեր կայքում պարբերաբար կհրապարակվեն նրա հեղինակային հոդվածները, քաղաքական մեկնաբանությունները՝ Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերների, ժողովրդավարական գործընթացների, սփյուռքի և հանրային նշանակության այլ թեմաների վերաբերյալ։
Խմբագրությունը կարևոր է համարում ընդգծել, որ հասարակության առողջ զարգացման համար անհրաժեշտ է ապահովել ազատ միջավայր, որտեղ տարբեր կարծիքներ կարող են հնչել առանց վախի, ճնշումների կամ գրաքննության։
Մենք ուրախ ենք ողջունել Հեղինե Ասիրյանին ARMnews-ում և վստահ ենք, որ նրա փորձը, սկզբունքային դիրքորոշումն ու վերլուծությունները հետաքրքիր և արժեքավոր կլինեն մեր ընթերցողների համար։