Տնտեսություն

Սեպտեմբերին ԱՄՆ-ում գնաճային սպասումները հասել են վերջին հինգ ամսվա առավելագույնին

08.10.2025

Սեպտեմբերին ԱՄՆ-ում գնաճային սպասումները հասել են վերջին հինգ ամսվա առավելագույնին

ԱՄՆ-ում գնաճային սպասումները առաջիկա տարվա համար սեպտեմբերին աճել են մինչև 3.4%՝ օգոստոսի 3.2%-ից: Այս մասին են վկայում Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի անցկացրած հարցման արդյունքները։

Սա վերջին հինգ ամսվա ամենաբարձր ցուցանիշն է։

Սննդամթերքի գնաճը սպասվում է 5.8% մակարդակում՝ նախորդ ամսվա 5.5%-ի փոխարեն, ինչը ռեկորդային է՝ 2023 թվականի մարտից ի վեր։ Սպառողները կանխատեսում են, որ առաջիկա տարում բենզինի գները կաճեն 4.2%-ով՝ օգոստոսյան 3.9%-ի փոխարեն։ Բնակարանների գների աճի սպասումները չորրորդ ամիսն անընդմեջ պահպանվել են 3% մակարդակում։ Գնաճային սպասումներն առաջիկա երեք տարվա համար անցյալ ամսին մնացել են 3% մակարդակում, իսկ հինգ տարվա համար աճել են մինչև 3%՝ նախորդ 2.9%-ից։

Հարցման արդյունքների համաձայն՝ առաջիկա տարում գործազրկության աճի հավանականության գնահատականը բարձրացել է 2 տոկոսային կետով՝ հասնելով 41.1%-ի, իսկ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը նվազել է 0.1 տոկոսային կետով՝ հասնելով 2021 թվականի ապրիլից ի վեր ամենացածր մակարդակին՝ 2.4%-ի։