Իրադարձություններ
Մենք շարունակելու ենք բռնազավթված տարածքների վերադարձի համար պայքարը․ Արցախի նախագահը ուղերձ է հղել Անկախության հանրաքվեի 30-րդ տարեդարձի առթիվ
10.12.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Արցախի Անկախության հանրաքվեի 30-ամյակի առթիվ․ «Հարգելի՛ հայրենակիցներ
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, ռազմական գործողությունների ու խաղաղ բնակավայրերի հրետակոծության պայմաններում մեր ժողովուրդը բարձր մակարդակով կազմակերպեց Անկախության հանրաքվեն և ուղենշեց այն ճանապարհը, որով պետք է հասնենք մեր նպատակների հանգրվանին: 2006թ.-ին ընդունված ԱՀ Սահմանադրությամբ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը այն արժեքներին ու գաղափարներին, որոնցով շաղախվել են մեր նորանկախ պետականության հիմքերը: Եվ այս երեսնամյա երթը որքան էլ դժվարին ու արնաշաղախ էր, սակայն կարողացել ենք համազգային ջանքերով կերտել ու որոշակիորեն ամրապնդել մեր պետականությունը՝ շարունակելով Արցախյան շարժման արժեքաբանական ընթացքը:
Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական ջանքերին, հակամարտող կողմերին ներկայացված հայտնի երեք սկզբունքներից ուժի չկիրառմանը և միջազգային իրավունքի հանրահայտ այլ սկզբունքներին, Ադրբեջանը Արցախի Հանրապետության և նրա խաղաղ բնակչության նկատմամբ քանիցս իրականացրեց ռազմական ագրեսիաներ, որոնցից 2020թ.-ի ագրեսիան ամենածանր փորձությունը դարձավ մեր պետականության ու ժողովրդի համար: Անկախ դրա հարուցած մարդկային, տարածքային, նյութական ու բարոյահոգեբանական մեծածավալ հետևանքներից՝ Արցախի Հանրապետությունը կանգուն է, իսկ անկախության ընտրված ճանապարհին մեր ժողովրդի կամքն ու տոկունությունը՝ անսասան: Դրա վառ ցուցիչներից են այս կարճ ժամկետում շուրջ 120,000 բնակչության առկայությունը, անվտանգային միջավայրի բարձր տոկոսով ապահովումը, պետական ինստիտուտների աշխատանքն ու զարգացման ջանքերը, ենթակառուցվածքների ու տնտեսության վերականգնումը: Հատկանշական է, որ պետական մարմինները ոչ միայն կատարում են իրենց կենսական լիազորությունները ԱՀ Սահմանադրության ու օրենսդրության հիման վրա, այլ նաև խորհրդանշականորեն հենց այսօր երկու խոշոր համայնքում տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ՝ որպես մեր պետականակերտման վճռականության փոքրիկ, բայց և կարևոր դրսևորումներ: