Քաղաքականություն

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

13.09.2023

Հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հանդիպել է ԻՀ գյուղատնտեսության նախարար Աբբաս Ալ-Մալիքիի հետ։

Հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերություններում առկա է զարգացման մեծ ներուժ, որը հարկավոր է լիարժեքորեն իրացնել։ Այնուհետև կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձին անդրադարձ է կատարվել երկու երկրների գյուղատնտեսության ոլորտում կիրառվող պետական աջակցության գործիքակազմին։

Իրաքի գյուղատնտեսության նախարարն առաջարկել է դիտարկել հայկական ընկերությունների մասնակցությունը Իրաքում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին և տոնավաճառներին՝ տեղական շուկայում Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվություն փոխանակել գյուղատնտեսության ոլորտում գործող ծրագրերի վերաբերյալ։