Քաղաքականություն
ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
28.06.2026
ՀԵՂԻՆԵ ԱՍԻՐՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆ
Զարմանալի էր, նախորդ օրը, երբ անընդհատ Ֆեյսբուքն էի «թերթում» ու լրատվական կայքերն էի բացում-փակում, ծնվեց այսօրվա գրվելիք հոդվածի գաղափարն ու վերնագիրը:
Ընդդիմության հաղթանակին հավատում էինք բոլորս՝ նույնիսկ գործող իշխանությունը: Այլապես գիշերվա կեսին նրանք մահախոսական կարդացողի դեմքերով հաղթանակ չէին հայտարարի։
Անկախ Հայաստանում քաղաքական կոռուպցիան եղել է էն գլխից: Բայց այն աննորմալ չափերի հասավ հենց գործող իշխանության օրոք: Այսինքն, այն իշխանության, որ հաստատվեց ժողովրդի ուսերի վրայով, թավշյա հեղափոխությամբ, իբր ժողովրդական աննախադեպ ոգևորությամբ : Ու դա կատարվեց առաջին հերթին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսի ներքո: Ու ինչպես մնացած բոլոր կարգախոսները կամ խոստումները՝ այդ մեկը ևս, ինչպես պարզվեց, գրված էր ավազի վրա: Ու այսօր, հետընտրական այս փուլում հանգիստ կարելի է պնդել քաղաքական կոռուպցիայի հաղթարշավի մասին, հստակ ասել, որ Նիկոլը ոչ միայն հագել է «Սերժի կոստյոմը», այլ իր սեփական ոճն է ստեղծել:
Քաղաքական կոռուպցիա արմատախիլ անել խոստացող Նիկոլ Փաշինյանը օրենսդրական բոլոր փոփոխություններն ուղղեց ընդդեմ մրցակիցների: Նիկոլական Հայաստանում այն, ինչ տեղի էր ունենում վերջին տարում ու հատկապես նախընտրական ժամանակահատվածում, ոչ թե պայքար էր կոռուպցիայի դեմ, այլ հենց կոռուպցիայի հաղթարշավ:
Առաջնագծում, բնականաբար քննչական կառույցներն էին, հատկապես՝ հակակոռուպցիոնը: Որի վրա էր դրված ընտրակաշառքների բաժանման կեղծ պօատմությհուններո սարքելով ընդդիմադիրներ ձերբակալելու «սուրբ» պարտականությունը: Ձերբակալվում էին ոչ միայն շարքային ակտիվիստներ, այլ տարածքային ընդդիմադիր շտաբների աշխատակիցներ՝ նախագահով հանդերձ: Եվ օրվա վերջում նրանց ազատ են արձակել՝ ասելով, թե շփոթվել են: Ոստիկանական և քննչական պեսպրեդելը հասել էր այն աստիճանի, որ կեղծ մեղադրանքով ձերբակալվել են տեղամասային հանձնաժողովների կազմից՝ ընդդիմադիր նախագահներ և քարտուղարներ: Իսկ երբ լրագրողները կամ իրավապաշտպանները հայտնաբերում էին իշխանության ներկայացուցիչ իրական ընտրակաշառողների, դրանց առումով բացարձակ ոչ մի գործողություն չէր կատարվել: Նման բան պատկերացնել անգամ հնարավոր չէր մերժված նախկինների օրոք:
Ահա այսպիսի ապագա է մեզ սպասվում նախորդ օրվա քվեարկությունից հետո: Եթե, իհարկե, վարչապետի աթոռից կառչած անձին հաջողվի պահպանել իշխանությունը: