Իրավունք

Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մարտի 1-ի գործով մեղադրյալի հարազատները դիմել են Հակակոռուպցիոն կոմիտե

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի հարազատները հակակոռուպցիոն կոմիտեում բարձրացրել են նրա դեմ սուտ ցուցմունք տված անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ինչպես հայտնի է՝ Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրել էին, որ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով ձերբակալվել ու կալանավորվել էր 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալի, նույն ինքը` շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը:

Արդյունքում՝ չորս տարվա քննությունից հետո, սակայն, իրավապահները որոշեցին գործը փակել։ Դատախազությունն անմեղ էր ճանաչել Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ոստիկանության շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին։ Նա միակն էր, ում մեղադրանք էր առաջադրվել կոնկրետ սպանության՝ ցույցերի ժամանակ Զաքար Հովհանիսյանին կյանքից զրկելու համար։

Բանն այն է, որ նրա դեմ կոնկրետ ոստիկանության աշխատակից էր ցուցմունք տվել, ու հարազատները, դիմելով հակակոռուպցիոն կոմիտե, պահանջել էին պատասխանատվության կանչել աշխատակցին, սակայն կոմիտեն հարազատների դիմումը մինչեւ օրս քննության առարկա չի դարձրել, ու առնվազն սուտ մատնության համար Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձի մասով գործողության չի դիմել»:

 

20.08.2024

Ակտիվիստ Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք

Ակտիվիստ Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Երվանդ Աղաբալյանի նկատմամբ դատարանը նշանակեց տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Բալայանը:

«Քննիչի միջնորդությունն այն աստիճան անհիմն էր, որ Հյուսիսային Կորեայի դատարանն անգամ այն չէր բավարարի։ Բայց դե մեր «ժողովրդավարական» երկրի դատավորներից Ջոն Հայրապետյանը, իրավական ու փաստական հիմքերի ակնհայտ բացակայության պայմաններում, որոշեց 1 և 3 տարեկան երեխաների հոր, թոշակառու ու հիվանդ ծնողների որդու և վերջապես բռնի տեղահանված ընտանիքի միակ կերակրողի նկատմամբ նշանակել տնային կալանք՝ զրկելով նրան ընտանիքը կերակրելու հնարավորությունից։ Ինչո՞ւ։

Որովհետև Երվանդը, ըստ նախաքննական մարմնի, ականատես լինելով ցուցարարներից մեկի ձեռքը պատռվելու տեսարանին, համարձակվել է պլաստմասե դատարկ շիշ նետել ոստիկանների ուղղությամբ։ Բացի այդ, դատավորն ու քննիչը պաշտոնապես ենթադրում են, որ Հայաստանում անհնազանդության ակցիաները հնարավոր է շարունակվեն, իսկ Երվանդն էլ, մասնակցելով դրանց, կատարի նոր հանցանք։

Այս նախադասության ու կայացված դատական ակտի մեջ այնքան իրավական խնդիր կա, որ այն որպես աղբյուր օգտագործելով՝ 3 դիսերտացիա կարելի է գրել՝ «ինչպիսինը չպետք է լինի դատական ակտը» թեմայով»,- գրել է պաշտպանը։

Հիշեցնենք՝ Երվանդ Աղաբաբյանը, կալանավորվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին՝ հունիսի 12-ին տեղի ունեցած դեպքերից հետո:

15.07.2024

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները

Իշխանությունն արդեն ԱԺ-ում է ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Եկեղեցուն ուղղված հայտարարությունը, որով նա Եկեղեցուն հարկելու հարց էր բարձրացնում․

«Իշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակ ունեցող Հայոց Ազգային Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներ` օգտագործելով «պատեհ առիթը»: Սկսած իշխանության գալու առաջին շրջանից Եկեղեցու` իբրև ինստիտուտի նկատմամբ դա անելու փաստերն ակնհայտ են`

  1. Երբ 2018թ. «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժումը նախաձեռնողները Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում Մայր Աթոռի դեմ քաղաքական ակցիաներ էին անում, ներկայացվող դիմումներին ի պատասխան իշխանությունը պատճառաբանում էր, թե այդ տարածքը հասարակական նշանակության է, և այդ ակցիաներն իրավաչափ են: Այսօր Խորհրդարանում հայտարարվում է, թե անընդունելի են գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կազմակերպած հավաքներն այդ նույն վայրում:
  1. 2018թ. իշխանության ակնհայտ թողտվությամբ բռնության գործադրմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դիվանատուն մի խումբ անձանց բռնի կերպով ներխուժումը:
  1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարձակումը, մեքենայի շրջափակումն ու քարերով սպառնալիքները:
  1. Անվտանգության նկատառումներով Ամենայն Հայոց Կաթողիկոսին սպասարկող մեքենայի ոստիկանական ուղեկցության վերացումը:
  1. Անթույլատրելի բառապաշարով եկեղեցու ու հոգևորականներին վարկաբեկող գնահատականներն ու արժանապատվությանը, հեղինակությանը հասցված վիրավորանքները:
  1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին «հարկման ենթարկելու սպառնալիքը», որին արդեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից արձագանքել են»,- գրել է Թաթոյանը։

21.05.2024

Հայաստանում հեռավար աշխատանքը նախատեսվում է կարգավորել օրենսդրական մակարդակով

Հայաստանում հեռավար աշխատանքը նախատեսվում է կարգավորել օրենսդրական մակարդակով

Հայաստանում հեռավար աշխատանքը պետք է կարգավորվի օրենսդրական մակարդակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ հեռավար աշխատանքն այսուհետ հնարավոր կլինի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածում։

«Այս պահին օրենքում կա հեռավար աշխատանքը կարգավորող կանոն, սակայն այն վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակներին»,- պարզաբանեց Սարգսյանը։

Նա ներկայացրել է նաեւ միջազգային վիճակագրություն. Օրինակ՝ ԱՄՆ աշխատաշուկայում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2023 թվականի փետրվարին աշխատակիցների մոտ 20%-ն արդեն աշխատում էր գրասենյակներից։ Միևնույն ժամանակ, մնացածը` մոտ 80%-ը, աշխատում են կամ ամբողջովին հեռակա կամ հիբրիդային: Նույն միտումը նկատվում է Եվրոպայում։

Նախագծով նախատեսվում է, որ հեռավար աշխատանքն իրականացվելու է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ։ Ճիշտ է, պայմանով, որ կոնկրետ այս աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նման ձևաչափով։ Աշխատանքային պարտավորությունների կատարման ընթացքում աշխատողը պարտավորվում է փոխադարձ համաձայնությամբ ապահովել դրանց պատշաճ կատարումը, ինչպես նաև նրա հասանելիությունը գործատուին: Աշխատողի կողմից վերը նշված պահանջները չկատարելը կդիտվի որպես աշխատանքային կարգապահության խախտում:

13.09.2023

Անվավեր է ճանաչվել ՓԲ խորհրդի կողմից կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան

Անվավեր է ճանաչվել ՓԲ խորհրդի կողմից կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի՝ Դանոսի հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբան Արամազդ Կիվիրյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին կայացված որոշումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արամազդ Կիվիրյանը:

«Ժամանակին, իրականացնում էի դատական ներկայացուցչություն մի շարք քաղաքացիական գործերով, որոնցով դատավարական հակառակորդի ներկայացուցիչը, այն ժամանակ փաստաբան, իսկ ներկայումս ՍԴ դատավոր նշանակված Սեդա Սաֆարյանն էր:

Պարզաբանեմ, որ մշտապես ներկայացրել եմ մի ընտանիքի շահերը, որի նախկին անդամներից մեկը, ում անունից հանդես էր գալիս Սեդա Սաֆարյանը, որոշել էր դատական հայցեր նախաձեռնել այդ ընտանիքի դեմ եւ բնականաբար շարունակել եմ պաշտպանել այդ ընտանիքի շահերը, ընդ որում, ունենալով նաեւ նախկին այդ ընտանիքի անդամի գրավոր համաձայնությունն առ այն, որ իրավասու եմ ներկայացնելու ցանկացած անձի շահերը, թեկուզեւ առկա լինի շահերի բախում:

Այդ նույն ժամանակահատվածում ՀՀ փաստաբանների պալատը սկսել էր արշավ մի շարք փաստաբանների, այդ թվում նաեւ իմ նկատմամբ: Հարուցվում էին տասնյակ կարգապահական վարույթներ, կայացվում էին կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ: Մոտավորապես այն նույն իրավիճակն էր, ինչ այսօր ԲԴԽ-ում:

Եվ ահա,  պարտվելով բոլոր դատական գործերով եւ օգտվելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ճնշումներ գործադրելու ցանկությունից, Սեդա Սաֆարյանը որոշել էր իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հաղորդում (այսուհետ՝ Կլյաուզա կամ Դանոս) ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատ, որտեղ բնականաբար օգտվելով առիթից, երկար սպասել չտվեց ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշման կայացումը:

Պալատի կողմից կայացված որոշումը բողոքարկվել էր դատական կարգով, այնուհետեւ, ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված դիրքորոշման հիման վրա, առ այն, որ նմանատիպ գործերը ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության կարգով, գործի քննությունը տեղափոխվել էր ՀՀ վարչական դատարան:

09.07.2023

ՌԴ-ում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը

ՌԴ-ում կայացել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հանդիպումը

Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ գերատեսչության մամուլի ծառայությունը։

Այսօր Սանկտ Պետերբուրգում, ողջունելով օտարերկրյա հյուրերին եռակողմ ձևաչափով հերթական հանդիպմանը, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է, որ դրա անցկացումը Տաուրիդյան պալատում, որտեղ անցած դարերի ընթացքում բազմաթիվ ճակատագրական որոշումներ են կայացվել, հաջողության համար տալիս է բոլոր հնարավորությունները։

Միջոցառումը 2021 թվականից ի վեր նմանատիպ ձևաչափով անցկացվող հինգերորդ հանդիպումն էր։ Ռուս-հայկական-ադրբեջանական նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, որի ընթացքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դատախազությունների ղեկավարները քննարկել են համագործակցության հեռանկարները։

Բարձր գնահատելով մասնագիտական ​​երկխոսությունը շարունակելու փոխադարձ պատրաստակամությունը՝ Իգոր Կրասնովը շնորհակալություն հայտնեց երկու կողմերին հետագա համագործակցության հաստատման կառուցողական մոտեցման համար։

«Ինչպես գիտեք, մեկ ամիս առաջ տեղի ունեցավ մեր պետությունների ղեկավարների հերթական հանդիպումը։ Հանդիպմանն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են փոխընդունելի լուծումներ մշակել սահմանամերձ շրջանի կենսաապահովման կարգավորման հետ կապված մի շարք արդիական հարցերի շուրջ,- ընդգծել է Իգոր Կրասնովը։ - Այս առումով չափազանց կարևոր եմ համարում, որ մենք շարունակենք մշտական ​​կապեր պահպանել, հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին՝ տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման, ադրբեջանա-հայկական հարաբերությունների կայունացման խնդիրներն իրականացնելու համար»։ 

Ռուսաստանի վերահսկողական գործակալության ղեկավարը նշել է, որ նման իրադարձությունները նույնիսկ ամենադժվար խնդիրները լուծելու քաղաքակիրթ ճանապարհի վառ օրինակ են, նպաստում են օրինականության և կարգուկանոնի վերականգնման, խաղաղ բնակչության կյանքի նորմալացման և անվտանգության նոր սպառնալիքների առաջացման կանխելու նպատակներին: «Այդ կապակցությամբ ես առաջարկում եմ ավելի համաժամանակացնել մեր գործողությունները՝ օգտագործելով մարդու իրավունքների դատախազական ողջ ներուժը՝ կենտրոնանալով առաջին հերթին քաղաքացիների շահերի վրա»,- ասել է Իգոր Կրասնովը։

Ռուսաստանի գլխավոր դատախազն ընդգծել է. «Անձամբ ես և իմ բոլոր ենթակաները, այդ թվում՝ սահմանային գոտում տեղակայված զինվորական դատախազները, կշարունակենք ցուցաբերել անհրաժեշտ օգնություն՝ ադրբեջանական և հայկական կողմերի միջև կառուցողական փոխգործակցություն ապահովելու համար։ Միաժամանակ որպես գլխավոր խնդիր եմ տեսնում լարվածության աճի կանխումը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք ստեղծել անվտանգ պայմաններ տարածաշրջանի ներդաշնակ զարգացման համար և արժանապատիվ կյանք բոլոր նրանց համար, ովքեր ապրում են դրանում»։

17.06.2023

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ  ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողություններից: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

13 մարտի, 2023թ.

ք. Ստեփանակերտ»։

15.03.2023