Իրավունք

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը.

Գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ ԱԱԾ մեկուսարանում այսօր տեսակցեցի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ցավոք, տեսակցությունները փակ են նույն խցում գտնվող Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ:
Սրբազան հայրերը հետևելով վերջին շրջանում կատարվող իրադարձություններին՝ շարունակում են վստահ լինել, որ մեր ինքնության, այդ թվում՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը դատապարտված է ձախողման:

Վարչակարգի պարագլուխն անցնելով բոլոր սահմանները և վերազանցելով իր լիազորությունները՝ հիմա էլ ԱԱԾ-ի միջոցով է փորձում ստիպել հոգևորականներին, որպեսզի Պատարագի ժամանակ զեղչեն Վեհափառի անունը:

Այսպիսի ճղճիմ և հակաօրինական քայլերը բնորոշ են լեգիտիմությունն ու հանրային վստահությունը կորցրած, այլևս միայն ուժային կառույցներին ապավինող ռեժիմներին:

Բագրատ Սրբազանն իր շնորհակալությունը հայտնեց «Հաղթելով ինքներս մեզ» գրքի ներկայացման բոլոր մասնակիցներին: Իր հեղինակած գրքում Սրբազանը մատնանշում է մեր հիմնախնդիրներն ու դրանց լուծման բանալիները:

Նշեմ նաև, որ Եպիսկոպոսաց ժողովի նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, դատարանը քննելու է Բագրատ Սրբազանի մասնակցության և խափանման միջոցի փոփոխման հարցը:

Ազատությու՛ն մեր հոգևոր հայրերին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին:

06.12.2025

Թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անձի կողմից անօգնական վիճակում գտնվողին թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Հ.-ն տեղյակ լինելով Լ.Շ.-ի անօգնական վիճակում լինելու, այն է՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու մասին, տևական ժամանակ՝ վերջին շուրջ 10 տարվա ընթացքում, շարունակաբար շահագործել է նրան:

Մասնավորապես՝ Գ.Հ.-ն Լ.Շ.-ին հանել է վերջինիս բնակարանից և տեղավորել դրա՝ կենցաղային ավելի վատ պայմաններ ունեցող կից կառուցված շինությունում՝ ապահովելով ապրուստի նվազագույն պայմաններ, իսկ նույն բնակարանը դարձրել ու օգտագործել որպես հավանոց և իր անձնական իրերի պահեստարան՝ մուտքի վրա դնելով առանձին փական և բանալին պահելով իր մոտ:

Բացի այդ, Գ.Հ.-ն Լ.Շ.-ին անհատույց աշխատեցրել է իր տնամերձ հողամասն ու այգին մշակելու, տուժողի բնակարանում պահվող հավերին խնամելու աշխատանքներում, նրանից վերցրել պետական աջակցության համապատասխան ծրագրերով հատկացվող կենսաթոշակն ու հաշմանդամության նպաստը, իսկ տուժողը ստիպված է եղել իր ապրուստն ապահովելու նպատակով զբաղվել մուրացկանությամբ և կացարանը ջեռուցելու նպատակով աղբ հավաքել:

Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

02.12.2025

584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով

584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով

Ծանր և առանձնապես ծանր հանցագործություն կատարած 584 անձ ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ գործուն զղջալու հիմքով։ 

Հիշեցնենք, որ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտը տարիներ շարունակ գործել է՝ ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների դեպքում, սակայն 2023թ․ հուլիսի 12-ին Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում փոփոխություններ և լրացումներ են իրականացվել, որոնց արդյունքում ՝ գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից կարող են ազատվել նաև  ծանր և առանձնապես ծանր հանցանք կատարելու մեջ մեղադրվող անձինք՝ «բացառիկ գործոնների» առկայության դեպքում։ 

Օրենքով նաև սահմանափակումներ են ներառվել Քրեական օրենսգրքում որոշ հանցատեսակների նկատմամբ այս ինստիտուտի կիրառման հնարավորության առնչությամբ, օրինակ՝ ցեղասպանության, թրաֆիքինգի, լրտեսության և այլն։ Խնդրահարույց է, սակայն այն հանգամանքը, որ ցանկում ներառված չեն սպանության, սեռական  անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները, պետական դավաճանությունը ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի վերաբերյալ հոդվածը, որն առավել ծանր է, քան թրաֆիքինգը։ Օրենսդրական այս փոփոխություններն, ի սկզբանե, միանշանակ չեն ընկալվել: Նախ` մասնագիտական համայնքի ներկայացուցիչներն արդարացված չեն համարել նախաքննական մարմինների և դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար այս ինստիտուտի կիրառումը` ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Բացի այդ, առկա էր մտահոգություններ` կապված ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին հակասելու, երկակի մոտեցումների և կոռուպցիոն  բարձր ռիսկերի, ինչպես նաև` տուժող կողմի իրավունքների խախտման առնչությամբ, ընդհուպ` անպատժելիության մթնոլորտի զարգացման, հանցավորության աճի, այդ թվում` ինքնադատաստանների դեպքերի: Հարկ է հիշել՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ «Մարդու իրավունքները եվրոպայում․ անպատժելիության վերացման անհրաժեշտությունը» 1675 (2009) բանաձևը, որի համաձայն՝ մարդու իրավունքների լուրջ խախտումներ թույլ տված բոլոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար։ ԵԽԽՎ-ն արձանագրել է, որ մարդու իրավունքների լուրջ խախտումների համար անպատժելիության դեմ պայքարը Եվրոպայի Խորհրդի և բոլոր պետական և միջազգային իրավապահ մարմինների առաջնահերթություններից է։ Անպատժելիությունը պետք է վերացվի ինչպես որպես անհատական արդարադատության խնդիր, այնպես էլ հետագայում մարդու իրավունքների խախտումների կանխման գործիք:

Այդուհանդերձ, վիճակագրական տվյալները փաստում են, որ գործուն զղջալու ինստիտուտն  առավելապես լայն տարածում է ստացել՝ հենց ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, պարզ չէ՝ 2,5 տարվա ընթացքում 584 անձի դեպքում ինչ բացառիկ գործոններ են եղել։ Այսպես, ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2022 թ երկրորդ կիսամյակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ գործուն զղջալու հիմքով, քրեական պատասխանատվությունից ազատվել է 30 անձ, որից 24-ը՝ ոչ մեծ ծանրության, 6-ը՝ միջին ծանրության հանցնանքներով, 2023 թվականին՝ 236 անձ, որից 63-ը՝ ոչ մեծ ծանրության, 52-ը՝ միջին ծանրության, 119-ը ՝ ծանր, 2-ը՝ առանձնապես ծանր հանցանքներով, 2024 թվականին՝ 779 անձ, որից 120-ը՝ ոչ մեծ ծանրության, 223-ը՝ միջին ծանրության, 431-ը՝ ծանր, 5-ը՝ առանձնապես ծանր հանցանքներով, 2025 թվականի առաջին կիսամյակում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվել է 106 անձ, որից 26-ը՝ ոչ մեծ ծանրության, 53-ը՝ միջին, 27-ը՝ ծանր հանցանքներով։

Թե ծանր և առանձնապես ծանր հանցանքներով գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատված անձինք, հիմնականում,  ՔՕ  որ բաժնում ընդգրկված հանցանքների կատարման մեջ էին մեղադրվում՝ պարզ չէ, դատախազությունից մանրամասներից զերծ են մնացել։ 
Նշենք, որ 2024թ․ հունվարի դրությամբ՝ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների համաձայն՝ բացառիկ մեծամասնությունը կազմում էր զինվորական կարգի դեմ ուղղված հանցանքների մեջ մեղադրվող անձինք, մասնավորապես, ծանր և առանձնապես ծանր հանցանքների մեջ մեղադրվող և գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատված 184 անձից 182-ը մեղադրվում էին զինվորական կարգի դեմ ուղղված հանցանքների կատարման մեջ։

01.12.2025

Ալավերդիում կատարված սպանությունը բացահայտվել է

Ալավերդիում կատարված սպանությունը բացահայտվել է

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ին, Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին քաղաքացին հաղորդում է ներկայացնել, որ իր հարևան՝ քաղաք Ալավերդու Ակներ թաղամասի բնակիչ 74-ամյա Լյովիկ Շ․-ն նախորդ օրվանից տուն չի վերադարձել։ 

Նույն օրը Ալավերդու համայնքային ոստիկանները, համագործակցելով Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նոյեմբերի 27-ին՝ ժամը 18.00-ի սահմաններում, Լյովիկ Շ․-ն այցելել է իր հարևան 75-ամյա տղամարդու տուն, որտեղ կենցաղային վեճի արդյունքում հարևանը փայտե ձողով հարվածել է Լյովիկ Շ․-ի գլխին, ինչի հետևանքով նա մահացել է:

75-ամյա տղամարդը խոստովանել է արարքը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող փայտե ձողը:Նա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժին։

Կազմված փաստաթղթերն փոխանցվել են Թումանյանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ:

29.11.2025

Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ

Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը գրել է․

Բռնությունը դատապարտելի է։ Անձնական տվյալների ապօրինի օգտագործումն անընդունելի է։ Մարդու իրավունքները ոտնահարող և բռնության կոչեր պարունակող ցանկացած հրապարակում, այդ թվում՝ մեկնաբանություն, անթույլատրելի է։

Սիրելի քաղաքացիներ, այս արարքներից յուրաքանչյուրն ըստ ՀՀ օրենսդրության պատժելի է։ Ցավոք, մեր հասարակությունն անմասն չէ իրավախախտումներից, և դա է պատճառը, որ այսօր հանրային առավել մեծ վտանգավորություն ունեցող իրավախախտումների մեջ մեղադրվող շուրջ 2845 անձ գտնվում է քրեակատարողական հիմնարկներում, իսկ հարյուրավորների նկատմամբ կիրառված են ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցներ։
Եկեք չմոռանանք, որ բոլորն ունեն իրավունքներ, այդ թվում` հանցագործության մեջ մեղադրվողները: Լինենք չափավոր մեր արտահայտություններում ու վարքագծում։ 

Բռնությունը ցանկացած դրսևորմամբ դատապարտելի է, սակայն ցանկանում եմ խոսել այն երևույթի մասին, որի հետ գործ ունենք այսօր: Համացանցում այս տեսանյութը շարունակվում է ակտիվ կերպով տարածվել, թիրախավորելով դրանում երևացող բոլոր երեխաներին, ինչպես բռնարարք կատարող, այնպես էլ բռնության ենթարկվող երեխային: Թիրախավորվում են նաև նրանց ծնողները։

Մեր պետությունը իրավական պետություն է, ուստի բոլոր հանցավոր երևույթներին արձագանքը պետք է տեղի ունենա իրավական ճանապարհով: Իսկ իրավական ճանապարհը հայտնաբերելն է հանցագործության դեպքը, բացահայտել հանցագործություն կատարած անձանց, պատժել նրանց և վերասոցիալականացնել: Պետք է նշեմ, որ շուրջ երկու ամիսների վաղեմություն ունեցող այս դեպքը գտնվել է պետական մարմինների ուշադրության կենտրոնում և դա է պատճառը նաև, որ երեխաների նկատմամբ կիրառված է եղել ամենախիստ խափանման միջոցը, որը կալանքն է, որի կիրառումը ըստ մեր օրենսդրության և միջազգային չափանիշների, միայն իրականացվում է խիստ բացառիկ դեպքերում: Հավելեմ, որ բոլոր անչափահասների նկատմամբ այժմ կան կիրառված խափանման այլ միջոցներ:

29.11.2025

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը վարույթ է ընդունել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատական իշխանության ներկայացուցիչը, իր ծանոթի օգտին վճիռ կայացնելու խնդրանքով դիմել է նրան: Վերջինս, խոստանալով կայացնել ակնկալվող ելքով դատական ակտը, դրա դիմաց պահանջել է 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին փաստաբանն իրենց ընդհանուր ծանոթի միջոցով տեղեկացրել է հիշյալ անձին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն համաձայնվել է տալ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից;

Դրանից հետո փաստաբանը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, 2025 թվականի ապրիլին դստեր միջոցով նշված անձից ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 2.000.000 ՀՀ դրամը։

Միաժամանակ փաստաբանը, իր և հանցակիցների հանցավոր գործողությունները քողարկելու դիտավորությամբ, հետին ամսաթվով կազմել և կաշառք տվողին է ներկայացրել «իրավաբանական ծառայությունների մատուցման» վերաբերյալ ձևական պայմանագիր՝ այդ կերպ փորձելով օրինական տեսք հաղորդել նկարագրված հանցավոր արարքներին, որից հետո դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կայացված վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը:

Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով, իսկ կաշառքի օժանդակություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի             2-րդ կետով: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

 Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

27.11.2025

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:

Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննապադեպ»:

13.10.2025