Իրավունք

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը, տեղեկանալով Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի կողմից իր ծանոթի օգտին կայացված ոչ բարենպաստ վճռի մասին, պատրաստակամություն է հայտնել ստանձնել նրա շահերի ներկայացումը և բողոքարկել վճիռը։ Վճիռը բեկանելու համար փաստաբանը դիմում է ներկայացրել իրավասու դատարան և, տեղեկանալով, որ գործը վարույթ է ընդունել իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող դատական իշխանության ներկայացուցիչը, իր ծանոթի օգտին վճիռ կայացնելու խնդրանքով դիմել է նրան: Վերջինս, խոստանալով կայացնել ակնկալվող ելքով դատական ակտը, դրա դիմաց պահանջել է 3.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին փաստաբանն իրենց ընդհանուր ծանոթի միջոցով տեղեկացրել է հիշյալ անձին, ով ընդունել է կաշառքի առաջարկը, սակայն համաձայնվել է տալ 2.000.000 ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից;

Դրանից հետո փաստաբանը, խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակելով դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից ապօրինի գործողության համար կաշառք ստանալուն, 2025 թվականի ապրիլին դստեր միջոցով նշված անձից ստացել է կաշառքի առարկա հանդիսացող 2.000.000 ՀՀ դրամը։

Միաժամանակ փաստաբանը, իր և հանցակիցների հանցավոր գործողությունները քողարկելու դիտավորությամբ, հետին ամսաթվով կազմել և կաշառք տվողին է ներկայացրել «իրավաբանական ծառայությունների մատուցման» վերաբերյալ ձևական պայմանագիր՝ այդ կերպ փորձելով օրինական տեսք հաղորդել նկարագրված հանցավոր արարքներին, որից հետո դատական իշխանության ոլորտում մշտապես պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձի կողմից կայացված վճռով չեղյալ է ճանաչվել Հայաստանի բանկերի միության ֆինանսական արբիտրաժային դատարանի վճիռը:

Դատական իշխանության ներկայացուցչի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար փաստաբանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի  3-րդ կետով, իսկ կաշառքի օժանդակություն կատարած անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 3-րդ մասի             2-րդ կետով: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով և գրավով։

 Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

27.11.2025

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:

Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննապադեպ»:

13.10.2025

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։

Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից։

Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․

  • դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
  • արագ ազատել ճանապարհը,
  • 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ, լրացնել մնացած տվյալները։

Այս գործառույթը միաժամանակ նվազեցնում է խցանումները, բարձրացնում է երթևեկության անվտանգությունը, խնայում է վարորդների ժամանակը։

30.09.2025

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է․
Երբ իմ և իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտավործվում, ես երկրի ղեկավար չեմ։

Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։

Բայց իմ, իմ ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ ամեն բան կարելի է թույլ տալ։

Հասկանում եմ, որ երկրի ղեկավարը ավելի մեծ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Բայց ընդդիմադիրներն էլ ունեն սահմանափակում։ Եթե ընդդիմադիրները չունեն ոչ մի սահմանափակում, երկրի ղեկավարը ինչպե՞ս պաշտպանի ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին և իր համախոհներին, ովքեր թիրախավորվում են նույն կերպ։

Անցնել ապօրինի մեթոդների՞։ Դա անթույլատրելի և անընդունելի է։

Պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար։ Դա էլ փորձեցինք, բայց աղմուկը նույնն էր, թե Հայաստանում սահմանափակում են խոսքի իրավունքը։

Քաղհայցերով դիմել դատարա՞ն։ Աղմուկը նույնն է, ճնշում են խոսքի ազատությունը։ Եվ բացի այդ, ո՞ւմ փողերով և որքան դիմել դատարան։ Չէ՞ որ դա ծախս է։ Ո՞վ է ֆինանսավորելու այդ ծախսը։

Անձնական, ընտանեկան, կուսակցական բյուջեով դա հնարավոր չէ։

Պետական բյուջեով՝ նույն աղմուկը կլինի։

Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլևս հանդուրժել։

Հետևաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։

Ընդ որում, իմ բոլոր համախոհներին և կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ։

Այլընտրանք չկա։ Կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ և մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ, կամ կլինի խոտորնակին խոտորնակ, գուցե ոչ մեկին մեկ, այլ 10–ին մեկ, թեկուզ 20–ին մեկ, բայց կլինի անպայման ու կլինի շատ ուժեղ։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ։

Բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները։

Հ․Գ․ Հաջորդ լուծումն այն է, որ քաղհասարակությունն ու հանրությունը իրենք պահանջեն ծանր վիրավորանքի քրեականացում։

Եվ սրա՛ շուրջ ձևավորենք հանրային կոնսենսուս։ Ինչպես կորոշեք՝ կարճ ասած»։

30.06.2025

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։

Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։

Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ո՛չ հեղափոխությունը, ո՛չ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։

Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է, և դա է նրան վախեցնում։

Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը, և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իր կողքին։

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխանակ պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»։

31.05.2025

ՀՀ-ն վերահաստատել է հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

ՀՀ-ն վերահաստատել է հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

Դեկտեմբերի 17-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հանդիպումը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և CTBTO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և մտքեր փոխանակել դրա ընդլայմանն ուղղված քայլերի շուրջ:

Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին՝ այս համատեքստում ընդգծելով Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կարևորությունը:

18.12.2024

Օրակարգում միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու հարց չկա

Օրակարգում միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու հարց չկա

Հայաստանի՝ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցը հետ կանչելու հարցն այս պահին օրակարգում չէ։ Այս մասին  սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատական ​​գործընթացը շարունակվում է, մենք սպասում ենք դատարանի որոշումներին։ Միջազգային իրավական գործընթացները չեն կարող հակադրվել խաղաղ գործընթացին: Նման հակադրությունները արհեստական ​​են։ Պատահական չէ, որ սա գալիս է Ադրբեջանից, որտեղից էլ առաջացել է այս գաղափարը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտահոգված է իրավական գործընթացներով։ Հայցերն ու որոշումները լուրջ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վարքագծի վրա: Գործընթացը շարունակելը կարևոր է, դա խաղաղ գործընթացի մի մասն է»,- նշել է նա։

Կիրակոսյանը պարզաբանեց, որ իրավական գործընթացը նախաձեռնվել է ոչ միայն հայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, այլ նաև միջպետական ​​պահանջատիրության առումով, դա նաև նարատիվների պատերազմ է։

«Այս գործընթացի շրջանակներում հերքվում են բազմաթիվ պատմություններ, որոնք երկար ժամանակ առաջ է քաշում Ադրբեջանը։ Բացի այդ, Հայաստանի դիրքերն ամրապնդվում են։ Դատական ​​հայցերը վերաբերում են ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես ողջ հայությանը։ Խոսքը տարածաշրջանում հայերի հետքերը ջնջելու փորձի մասին է»,- ընդգծեց նա։

Կիրակոսյանը հավելեց, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջների կարևոր մասը Արցախում հայկական մշակութային հուշարձանների պահպանությունն է։

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով դատական ​​վարույթի ընթացքում մենք պահանջ ենք ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության պաշտպանության մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դրսևորումներից է. պատմության ջնջումը կամ կեղծումը»,- ասաց նա։

Կիրակոսյանը հիշեցրեց, որ դատարանը բավարարել է Հայաստանի այս պահանջը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին միջանկյալ որոշում ընդունելով։

10.12.2024