Իրավունք

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար մնալ ճանապարհին

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել ճանապարհատրանսպորտային պատահարների արագ արձագանքման նոր հնարավորություններ, որոնք էապես հեշտացնում են վարորդների գործողությունները պարզ վթարների դեպքում։

Նախաձեռնության նպատակն է աջակցել վարորդներին կատարել օրենսդրական փոփոխություններով սահմանված պահանջը՝ պատահարից հետո ճանապարհը ազատել առավելագույնը 20 րոպեում՝ խուսափելով խցանումներից և հնարավոր տուգանքներից։

Նոր հնարավորության շնորհիվ վարորդները կարող են․

  • դեպքի վայրում ASWA բջջային հավելվածով լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի,
  • արագ ազատել ճանապարհը,
  • 3 ժամվա ընթացքում ապահով վայրում, արդեն ինտերնետ հասանելիությամբ, լրացնել մնացած տվյալները։

Այս գործառույթը միաժամանակ նվազեցնում է խցանումները, բարձրացնում է երթևեկության անվտանգությունը, խնայում է վարորդների ժամանակը։

30.09.2025

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է․
Երբ իմ և իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտավործվում, ես երկրի ղեկավար չեմ։

Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։

Բայց իմ, իմ ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ ամեն բան կարելի է թույլ տալ։

Հասկանում եմ, որ երկրի ղեկավարը ավելի մեծ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Բայց ընդդիմադիրներն էլ ունեն սահմանափակում։ Եթե ընդդիմադիրները չունեն ոչ մի սահմանափակում, երկրի ղեկավարը ինչպե՞ս պաշտպանի ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին և իր համախոհներին, ովքեր թիրախավորվում են նույն կերպ։

Անցնել ապօրինի մեթոդների՞։ Դա անթույլատրելի և անընդունելի է։

Պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար։ Դա էլ փորձեցինք, բայց աղմուկը նույնն էր, թե Հայաստանում սահմանափակում են խոսքի իրավունքը։

Քաղհայցերով դիմել դատարա՞ն։ Աղմուկը նույնն է, ճնշում են խոսքի ազատությունը։ Եվ բացի այդ, ո՞ւմ փողերով և որքան դիմել դատարան։ Չէ՞ որ դա ծախս է։ Ո՞վ է ֆինանսավորելու այդ ծախսը։

Անձնական, ընտանեկան, կուսակցական բյուջեով դա հնարավոր չէ։

Պետական բյուջեով՝ նույն աղմուկը կլինի։

Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլևս հանդուրժել։

Հետևաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։

Ընդ որում, իմ բոլոր համախոհներին և կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ։

Այլընտրանք չկա։ Կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ և մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ, կամ կլինի խոտորնակին խոտորնակ, գուցե ոչ մեկին մեկ, այլ 10–ին մեկ, թեկուզ 20–ին մեկ, բայց կլինի անպայման ու կլինի շատ ուժեղ։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ։

Բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները։

Հ․Գ․ Հաջորդ լուծումն այն է, որ քաղհասարակությունն ու հանրությունը իրենք պահանջեն ծանր վիրավորանքի քրեականացում։

Եվ սրա՛ շուրջ ձևավորենք հանրային կոնսենսուս։ Ինչպես կորոշեք՝ կարճ ասած»։

30.06.2025

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։

Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։

Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ո՛չ հեղափոխությունը, ո՛չ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։

Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է, և դա է նրան վախեցնում։

Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը, և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իր կողքին։

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխանակ պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»։

31.05.2025

ՀՀ-ն վերահաստատել է հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

ՀՀ-ն վերահաստատել է հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին

Դեկտեմբերի 17-ին Վիեննայի ՄԱԿ գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդին:

Համատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդել է մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի և գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հանդիպումը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի և CTBTO-ի միջև առկա համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ և մտքեր փոխանակել դրա ընդլայմանն ուղղված քայլերի շուրջ:

Մշտական ներկայացուցիչը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը զանգվածային ոչնչացման զենքի չտարածման օրակարգին՝ այս համատեքստում ընդգծելով Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կարևորությունը:

18.12.2024

Օրակարգում միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու հարց չկա

Օրակարգում միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ պահանջները հետ կանչելու հարց չկա

Հայաստանի՝ միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցը հետ կանչելու հարցն այս պահին օրակարգում չէ։ Այս մասին  սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Դատական ​​գործընթացը շարունակվում է, մենք սպասում ենք դատարանի որոշումներին։ Միջազգային իրավական գործընթացները չեն կարող հակադրվել խաղաղ գործընթացին: Նման հակադրությունները արհեստական ​​են։ Պատահական չէ, որ սա գալիս է Ադրբեջանից, որտեղից էլ առաջացել է այս գաղափարը։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը մտահոգված է իրավական գործընթացներով։ Հայցերն ու որոշումները լուրջ ազդեցություն են ունենում Ադրբեջանի վարքագծի վրա: Գործընթացը շարունակելը կարևոր է, դա խաղաղ գործընթացի մի մասն է»,- նշել է նա։

Կիրակոսյանը պարզաբանեց, որ իրավական գործընթացը նախաձեռնվել է ոչ միայն հայերի ոտնահարված իրավունքները վերականգնելու համար, այլ նաև միջպետական ​​պահանջատիրության առումով, դա նաև նարատիվների պատերազմ է։

«Այս գործընթացի շրջանակներում հերքվում են բազմաթիվ պատմություններ, որոնք երկար ժամանակ առաջ է քաշում Ադրբեջանը։ Բացի այդ, Հայաստանի դիրքերն ամրապնդվում են։ Դատական ​​հայցերը վերաբերում են ոչ միայն արցախցիներին, այլ ընդհանրապես ողջ հայությանը։ Խոսքը տարածաշրջանում հայերի հետքերը ջնջելու փորձի մասին է»,- ընդգծեց նա։

Կիրակոսյանը հավելեց, որ Ադրբեջանի դեմ Հայաստանի պահանջների կարևոր մասը Արցախում հայկական մշակութային հուշարձանների պահպանությունն է։

«Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով դատական ​​վարույթի ընթացքում մենք պահանջ ենք ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության պաշտպանության մասին՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դրսևորումներից է. պատմության ջնջումը կամ կեղծումը»,- ասաց նա։

Կիրակոսյանը հիշեցրեց, որ դատարանը բավարարել է Հայաստանի այս պահանջը՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին միջանկյալ որոշում ընդունելով։

09.12.2024

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել

Արդարադատության միջազգային դատարանը Հայաստանին և Ադրբեջանին հակափաստարկներ ներկայացնելու վերջնաժամկետ է տվել

Արդարադատության միջազգային դատարանը մինչև 2025 թվականի նոյեմբերի 12-ը Հայաստանին և Ադրբեջանին վերջնաժամկետ է տվել՝ հակափաստարկներ ներկայացնելու գործում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի խախտման առնչությամբ:
Ըստ Դատարանի՝ խոսքն Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 2021 թվականի սեպտեմբերի 23-ին ներկայացված բողոքի հիման վրա հարուցված գործի մասին է:

Հաղորդվում է, որ հաշվի առնելով 2022 թվականի հունվարի 21-ի հրամանը, որով Դատարանը 2023 թվականի հունվարի 23-ը և 2024 թվականի հունվարի 23-ը սահմանել է որպես Ադրբեջանի կողմից փաստարկ և Հայաստանի կողմից հակափաստարկ ներկայացնելու համապատասխան ժամկետներ։

Ինչպես նշվում է զեկույցում, հաշվի առնելով Ադրբեջանի փաստարկը, որը ներկայացվել է այսպիսով սահմանված ժամկետում և 2023 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի կողմից բարձրացված նախնական առարկությունները, Հայաստանի կողմից նախնական առարկությունների ներկայացումը հանգեցրել է գործն ըստ էության հարցի քննարկման կասեցմանը։

2024 թվականի նոյեմբերի 12-ի իր որոշմամբ Դատարանը գտել է, որ իրավասու է քննել Ադրբեջանի կողմից ներկայացված դիմումը՝ բացառելով 1996 թվականի սեպտեմբերի 15-ից առաջ տեղի ունեցած ենթադրյալ գործողություններին առնչվող Ադրբեջանի պահանջները։

Ուստի Դատարանը Հայաստանի կողմից հակափաստարկ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի նոյեմբերի 12-ը և հայտարարել, որ հետագա ընթացակարգը վերապահում է հետագա որոշման համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանում դատավարություն էր սկսել ընդդեմ Ադրբեջանի՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի խախտման առնչությամբ։

20.11.2024

ՀՀ գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

ՀՀ գլխավոր դատախազը Հաագայում հանդիպել է Եվրաջասթի նախագահին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտել Եվրաջասթի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցող երրորդ հանդիպումը երկու կառույցների միջև զարգացող փոխգործակցության վկայությունն է:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի և Եվրաջասթի միջև համագործակցության համաձայնագիրը, որը  սեպտեմբերի 10-ին վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, իսկ սեպտեմբերի  23-ին Հայաստանը Եվրաջասթի հետ ստորագրել է աշխատանքային պայմանավորվածություն:

Հիշեցնենք, որ Համաձայնագիրը հնարավորություն է նախատեսում Հայաստանից Եվրաջասթ գործուղել Համագործակցության հարցերով դատախազ: Դատախազության ներկայացվածությունը Եվրաջասթում հնարավորություն կտա օպերատիվ կապ ապահովել ԵՄ անդամ և երրորդ պետությունների կոնտակտային անձանց հետ, հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված քրեական վարույթներով իրականացնել առավել արդյունավետ միջազգային-իրավական համագործակցություն:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Համաձայնագրի կիրարկման ուղղությամբ ընթացող աշխատանքները և անդրադարձել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Եվրաջասթ կատարած այցի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը հանդիպումներ է ունեցել նաև Եվրաջասթում Իտալիայի և Հունաստանի ներկայացուցիչների հետ:

06.11.2024