Իրավունք

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

ԱՀ ԱԺ խմբակցությունները ՀՀ-ից պահանջում են կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ  ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտարարությամբ են հանդես եկել Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով եւ կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից եւ ահաբեկչական գործողություններից: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միեւնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը, որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների եւ ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել ՛՛խաղաղության դարաշրջանի՛՛ մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են  Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ   ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը եւ կասկածի տակ չդնել  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին եւ շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով եւ սկզբունքներով:

«Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն

13 մարտի, 2023թ.

ք. Ստեփանակերտ»։

15.03.2023

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել Երևանի քաղաքապետարանի նկատմամբ 2021 և 2022 թվականների ընթացքում ավտոբուսների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերում տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման առնչությամբ:

Հանձնաժողովից հայտնել են, որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման ընթացակարգերի հրավերների տեխնիկական բնութագրերով առերևույթ սահմանվել են այնպիսի պահանջներ, որոնց առկայությունը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել գնման ընթացակարգերի հնարավոր մասնակիցների համար անհավասար պայմանների ստեղծմանը և տնտեսական մրցակցության սահմանափակմանը:

Միևնույն ժամանակ արձանագրվել է տեխնիկական բնութագրերով սահմանված չափորոշիչների միայն կոնկրետ մեկ սուբյեկտի կողմից արտադրվող փոխադրամիջոցների չափորոշիչներին համապատասխանելու հավանականությունը, ինչը կարող է վկայել այլ տնտեսվարող սուբյեկտների հետ համաձայնության ձեռքբերման հնարավորության մասին:

18.10.2022

Վահագն Խաչատուրյանը տասնյակ օրենքներ է ստորագրել է

Վահագն Խաչատուրյանը տասնյակ օրենքներ է ստորագրել է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 18-ին ստորագրել է մի շարք օրենքներ:

Մասնավորապես, ստորագրվել են հետեւյալ օրենքները.

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պրոբացիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-              «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,

-              «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,

-              «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,

-              «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքները,

-              «Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը:

19.07.2022