11 հոկտեմբերի, 2021, Երևան
44-օրյա պատերազմից ամիսներ անց զոհված ու անհետ կորած զինծառայողների բազմաթիվ ծնողներ դեռ իրենց որդիներից լուրի են սպասում։ Չնայած պաշտոնապես չի հաստատվել, սակայն, որոշ հարազատներ հավատում են՝ իրենց որդիները ողջ են ու գերեվարված։ Ծնողները պնդում են, որ նույնիսկ ապացույցներ ունեն։ Այսօր հարյուրավոր ծնողներ կրկին հավաքվել էին ՊՆ դիմաց և նախարարից պատասխան էն պահանջում։ Նրանց նպատակն է հասկանալ, թե ինչն է պետական այս անտարբերության հիմքը, ինչով են արժանացել նման արհամարհանքի, այն դեպքում , երբ իրենց զավակների կյանքը զոհաբերվել է հանուն ՀՀ։
«Մենք ամեն ձևով ապացույցներ ներկայացրել ենք իրանց, որ կան փաստեր, բայց ոնց ասում են՝ մինչև հիմա անտեսվում է դա: Մենք էդ էլ ենք հասկանում, որ եթե մի ծնողի հանկարծ իրանք աջակցեցին, իրանք պիտի պատրաստ լինեն բոլոր ծնողներին պատասխան տան», -ասաց անհետ կորած զինծառայող Հակոբ Հարությունյանի կինը՝ Կարինե Թևոսյանը:
Անգամ հարազատների մասունքներ ու ԴՆԹ նույնականացում ստացած որոշ հարազատներ են թերահավատ արդյունքների հետ կապված։
«Մենք մեր ինֆորմացիաներով հասկանում ենք, որ տղաները ողջ են, էն, ինչը որ ներկայացնում են, էդ ԴՆԹ-ները, որ տալիս են, դա էլ ա սուտ, մարդիկ կան փաստացի ապացուցում են, որ սուտ ա, որովհետև ապացույցներ կան: Իսկ ի՞նչ ա արվում, էդ երևի բոլորն են տեղյակ, որ ոչ մի բան չի արվում», - նշեց անհետ կորած զինծառայողի հորեղբայր Էդիկ Արևշատյանը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որ ներկայում զբաղվում է անհետ կորածների ծնողների իրավունքների պաշտպանությամբ, մեր հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ անհետ կորածներից շատերի ողջ լինելը չի հաստատվում պաշտոնապես, քանի որ պետությունը բավարար աշխատանք չի կատարում այդ ուղղությամբ, որևէ հետաքրքրություն չի դրսևորում այս խնդրի ուղղությամբ։ Կառավարություն պարզապես փակված է համարում այդ հարցը և անտեսում է այս մարդկանց իրավունքները, ցավը, վիշտը ու բացահայտ արհամարհում է։ Սահակյանը վստահ է, որ գերիների թիվը պաշտոնականից ավելի մեծ է, բայց ցավալին այն է, որ դա ոչ միայն չի հաստատում ադրբեջանական կողմը, այլև մեր պետությունը։ «Մենք ՊՆ-ին ենք տվել մեր եղբայրներին, թող նախարարն էլ մեզ պատասխան տա: Երեք օր է ուզում ենք նախարարին տեսնել, բայց չի ընդունում: Եթե այսօր էլ չընդունեց, բոլորով գնալու ենք Էջմիածին իր տուն ու տանն իրեն սպասենք»- հայտարարեց ակցիայի մասնակից Թաթուլ Ղուկասյանը, որը Ռուսաստանից է եկել ու արդեն մի քանի ամիս է փնտրում է եղբորը:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ իր ցուցումով շատերը դիմել են կարմիր Խաչ , որտեղ կրկին հաստատվել է մի շարք զինծառայողների ողջ և գերության մեջ գտնվելու փաստը, ուստի հարազատների հետ հետևողական են լինելու, որպեսզի հասնեն արդարության։