Քաղաքականություն

Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեuիաներ իրականացնելու լեգիտիմություն․ Սուրեն Սուրենյանց

Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեuիաներ իրականացնելու լեգիտիմություն․ Սուրեն Սուրենյանց

«Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը դժվար է ընկալել որպես ինքնիշխան պետության ղեկավարի պատասխանատու խոսք։ Այն ավելի շատ հիշեցնում էր ներքաղաքական հաշվեհարդարի փորձ՝ տեղափոխված միջազգային հեղինակավոր հարթակ։

Փոխարենը ներկայացնելու Հայաստանի պետական շահերը, անվտանգության մարտահրավերներն ու տարածաշրջանային իրողությունները, Փաշինյանը եվրոպական ամբիոնը օգտագործեց սեփական ընդդիմախոսներին պիտակավորելու համար։

Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներին և իշխանության ընդդիմախոսներին ներկայացրեց որպես «պատերազմի կուսակցություն»՝ փորձելով նրանց կապել արտաքին ուժերի հետ և նրանց վերագրել Հայաստանի անկախությունը զոհաբերելու պատրաստակամություն։ Իրականում սա ոչ թե քաղաքական գնահատական էր, այլ քաղաքական պիտակավորում՝ ուղղված սեփական ընդդիմախոսներին միջազգային լսարանի առաջ վարկաբեկելուն։

Երբ երկրի ղեկավարը միջազգային հեղինակավոր ամբիոնից սեփական հասարակության մի հատվածին ներկայացնում է որպես վտանգավոր ուժ կամ արտաքին ազդեցության գործիք, նա փաստացի իր երկրի ներքաղաքական հակամարտությունը տեղափոխում է արտաքին հարթակ։ Այդպիսի քայլը ոչ թե ուժեղացնում է պետությունը, այլ ցույց է տալիս իշխանության քաղաքական թուլությունն ու անվստահությունը սեփական հասարակության նկատմամբ։

Փաշինյանի ելույթում ակնհայտ էր նաև մեկ այլ նպատակ։ Նա փորձեց Հայաստանի քաղաքական դաշտը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական դիմակայություն՝ իշխանությանը հակադրելով իբր «ռուսամետ պատերազմի կուսակցությանը»։ Այս նարատիվը վաղուց է օգտագործվում ներքաղաքական պայքարում, սակայն երբ այն հնչում է եվրոպական ամբիոնից, այն ձեռք է բերում բոլորովին այլ իմաստ։ Դա ավելի շատ հիշեցնում է հաշվետվություն արևմտյան հովանավորներին, քան ինքնիշխան պետության ղեկավարի ելույթ։

Փաստորեն, Փաշինյանը եվրոպական լսարանին փորձում էր համոզել, որ Հայաստանում գոյություն ունի քաղաքական ընդդիմություն, որը պետք է չեզոքացվի։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներքաղաքական պայքարը ներկայացվում է որպես աշխարհաքաղաքական պայքար, որտեղ իշխանության ընդդիմախոսները հայտարարվում են «պատերազմի կողմնակիցներ» կամ «արտաքին ուժերի ազդեցության գործակալներ»։ Սա վտանգավոր և անպատասխանատու քաղաքականություն է, որը ոչ միայն խորացնում է հասարակական բևեռացումը, այլ նաև արտաքին ուժերին ներգրավում է Հայաստանի ներքին քաղաքական հակամարտության մեջ։

Երբ երկրի ղեկավարը միջազգային ամբիոնից վարկաբեկում է սեփական ընդդիմախոսներին և նույնիսկ ազգային հիմնարար ինստիտուտներից մեկը՝ եկեղեցին, դա ոչ թե ուժեղ պետության նշան է, այլ իշխանության քաղաքական ճգնաժամի բացահայտ դրսևորում։ Այդպիսի պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանը փորձում է արևմտյան կենտրոններից ստանալ Հայաստանի ներսում ռեպրեսիաներ իրականացնելու լեգիտիմություն, «կանաչ լույս»։

11.03.2026

Մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով․ Քոչարյան

Մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով․ Քոչարյան

Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնորոշված էին, հիմա՝ մոտ 25-30 տոկոսը։ Այսինքն մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար՝ նույնիսկ որոշ չափով մաշեցնելով ինքներս մեզ, «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է Ռոբերտ Քոչարյանը

«Լավ է, որ կան ուրիշները։ Առաջ ԱԺ մտնում էին 5-6 ուժ, ներկայիս 3-ը նորմալ չէ։ Մեր ջանքերը, փողոցային պայքարը լավ պայմաններ է ստեղծել իշխանափոխության համար՝ որոշ չափով մեր մաշեցման գնով։ Բոլորը գալիս են ծրագրերով, դրանք լավն են, սիրուն են ներկայացված։ Հիմնական հարցը՝ ով կարող է դա անել, մարդ, որը ապացուցել է, որ կարող է դա անել, ընդունակ է, քաղաքական թիմ, որը պայքարող է, թե լրիվ նոր մարդիկ, որոնք այդ ցանկությունն ունեն, բայց դեռ չունեն փորձ, պրակտիկ տեսանկյունից քաղաքական պայքարում չեն դրսևորվել։

Մենք պետք է դիրքավորվենք որպես ուժ և ես, որպես առաջնորդ, որն ընդունակ է, արել է մի երկու անգամ, ճգնաժամային իրավիճակում բավականին լուրջ հաջողությունների հասել է և կարող է անել 3-րդ անգամ։ Սա մեր մեսիջը պետք է լինի ընտրողներին»,- նշել է երկրորդ նախագահը

07.03.2026

Ուիթքոֆը հաստատել է, որ կժամանի Ժնև՝ եռակողմ բանակցությունների և Ումերովի հետ հանդիպման համար

Ուիթքոֆը հաստատել է, որ կժամանի Ժնև՝ եռակողմ բանակցությունների և Ումերովի հետ հանդիպման համար

Նա այս հայտարարությունն արել է Պինչուկ հիմնադրամի կողմից կազմակերպված Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) ֆորումում։ Ուիթքոֆը միջոցառմանը միացել է տեսակապի միջոցով։

ԱՄՆ նախագահի դեսպանորդի խոսքով՝ իրանական հարցից բացի, որը Վաշինգտոնը փորձում է լուծել դիվանագիտական ​​ճանապարհով, նա նախատեսում է Ժնևում հանդիպել ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։

Նա հայտնել է, որ Ումերովը կկարողանա այցելել ԱՄՆ, բայց կողմերը նախ պետք է բանակցություններ անցկացնեն Ժնևում։

«Ինչպես ասացի, մենք պարզապես Ժնևում չենք հանդիպում։ Իրականում կարծում եմ, որ Ռուստեմը կարող է շուտով գալ Ֆլորիդա՝ մեզ հետ հանդիպելու։ Եվ կլինի եռակողմ հանդիպում։ Ես խոսում եմ ուկրաինական պատվիրակության, ռուսական պատվիրակության, իմ, Ջարեդի և մեր թիմերի միջև եռակողմ հանդիպման մասին, հավանաբար՝ առաջիկա 10 օրվա ընթացքում։ Ումերովի հետ հանդիպման նպատակն է շարունակել քննարկումը և ուսումնասիրել խաղաղության համաձայնագրի հասնելու տարբերակները», - ասել է նա։

24.02.2026