Քաղաքականություն

Օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ

Օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ

Ներընդդիմադիր անպտուղ, նիկոլահաճո և զազրելի գզվռտոցը, ի հակառակ պետության դուռը չոքած բազում կենսական դարդերի, ոչ միայն չի դադարում, այլև օրեցօր առավել անմակարդակ և եղկելի է դառնում։

Երկրորդ նախագահի ճամբարում պալատական հեղաշրջման արդյունքում «ֆավորիտ» դարձած մի խումբ արդեն մի քանի ամիս է, ինչ կարողանում է իրենով լցնել Ռոբերտ Քոչարյանի թիմի քարոզչությունն ու օրակարգը՝ հետին պլան մղելով առավել ծանրակշիռ և խոհեմ գործիչների։

Նախկինում քաղաքական խոսույթով, լավ մարդկային բազայով, խաղացողների պատկառելի նստարանով այս ճամբարն այժմ գերադասում է իշխանությունների դեմ խոստացված համառ պայքարը փոխարինել Երրորդ նախագահի և Հանրապետականի դեմ գարշահոտ և նիկոլաբույր հակաքարոզչությամբ՝ վատնելով ընդդիմության առանց այդ էլ սահմանափակ ռեսուրսները, շեղելով հանրային ուշադրությունն առավել առաջնահերթ խնդիրներից, խորացնելով հասարակության հիասթափությունը բոլոր քաղաքական գործիչներից և այսպիսով, կամա թե ակամա, գիտակցաբար թե անգիտակցաբար, ջուր լցնելով Փաշինյանի քաղաքական հաշվարկների վրա։

Սույն պահվածքը ոչ միայն բարոյականության, այլև բանականության հետ աղերս չունի։

Մի կողմից՝ երկրում մոլեգնող տեռորը, գեոպոլիտիկ աճուրդում վերահաս մուրճի վերջին հարվածը, ազգային ինստիտուտների կազմալուծմանն ուղղված հերթական արարը պիտի որ տեղ չթողնեին այլ օրակարգերի համար։

Մյուս կողմից՝ քաղաքական դաշտի վերադասավորումները, նոր և ազդեցիկ կենտրոնների ձևավորումը և այս ճամբարի՝ ընդդիմության առաջատարի դեղին շապիկն ամեն գնով պահելու իդեա-ֆիքսը պիտի որ ուղղեին իրենց էներգիան և ռեսուրսները սեփական մրցունակությունն ավելացնելու ուղղությամբ։

Այլևս Պոլիշինելի գաղտնիք է այն փաստը, որ Երկրորդ նախագահի տեսանելի առաջնահերթությունը քաղաքական դաշտում ունեցած կապիտալի պահպանումն է և դրա սահուն փոխանցումը ժառանգորդին։

Այնինչ թե՛ իր կողմից լեգիտիմացված հակահանրապետական դիվերսիաները, թե՛ վերոնկարագրված ներքաղաքական զարգացումները վտանգում են այս երկու ռազմավարական նպատակների իրագործումը։

Եթե այսպես շարունակվի, «brain-drain»-ը և ռեսուրսների արտահոսքն այս ճամբարից դեպի ավելի մրցունակ կենտրոններ՝ թվում է այլևս անխուսափելի։ Պատկերավոր ասած, եթե նախկինում ավելի շատ ՀՅԴ-ն ուներ Երկրորդ նախագահի կարիքը, ապա այժմ այդ քաղաքական վեկտորը մտնում է ռևերսիվ փուլ։

Ի տարբերություն մեզ, ակնհայտորեն նախընտրական տրամաբանության մեջ մտած մեր գործընկերներին այս ամենը պետք է որ ավելի անհանգստացնի, քան Երրորդ նախագահի և ՀՀԿ-ի դեմ անբացատրելի և հիվանդագին մոլեռանդությամբ իրականացվող հակաքարոզը։

«Միասին աշխատելու» փոխարեն՝ «սկենք միասին» գործելաոճը թելադրելու փորձերը մեզ համար մերժելի են։ Հայտնի է, որ ջրահեղձ լինողն իր անկանոն շարժումներով և խուճապով՝ փրկության հասած մարդուն երբեմն փորձում է տանել իր հետ։

Մենք օգնել պատրաստ ենք, բայց ձեզ հետ միասին սկել՝ ոչ։

Ընտրությունը ձերն է, բայց շատ ժամանակ չունենք։

 ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

02.08.2025

Միքայել Սրբազանը նամակ է փոխանցել կալանավայրից

Միքայել Սրբազանը նամակ է փոխանցել կալանավայրից

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Միքայել Սրբազանի խոսքը կալանավայրից:

«Փառք Քեզ Աստված, փառք Քեզ, Յաղագս ամենայնի, Տեր, փառք Քեզ…

Կրկին գոհություն Ամենակալին, որ անարժանիս արժանի դարձրեց անցնելու քավության և փորձության այս ճանապարհը, միշտ իմ կողքին լինելով և Սուրբ Հոգով մխիթարելով: Որտեղ նեղությունն է, այնտեղ նաև Տիրոջ մխիթարությունն է:

Քաջալերվեցեք, քանի որ Տերը միշտ հաղթում է: Հաղթելու է նաև այժմ՝ գուցե և ինձ նման անարժան ծառաների միջոցով:

Սակայն կարծում եմ, որ չի ներելու ողորմելի կամակատարներին, ովքեր շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում …. Բոլորին անխտիր, ովքեր իրենց արատավորել են անարդարությամբ և կանխակալությամբ, սպասում է Կանոսսան*՝ լավագույն դեպքում: Եվ եթե կրկին զորանաք, կրկին պարտվելու եք, զի Աստուած ընդ մեզ է !!!

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
31.07.2025թ., ապօրինի կալանավորման 35-րդ օր»

Արա Զոհրաբյանը ներկայացրել է նաև Կանոսսա բառի բացատրությունը

Կանոսսան պատմականորեն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն նշվում է որպես վայր, որտեղ տեղի ունեցավ հայտնի «Կանոսսայի հանդիպումը» 1077 թվականին։

Այս հանդիպումը տեղի ունեցավ Հռոմի պապ Գրիգորի VII-ի և Հռենոսի կայսր Հենրիխ IV-ի միջև, որն ամենաընդունված իրադարձություններից մեկն է միջին դարերի պատմության մեջ։

Հենրիխ IV-ը ապաշխարել է, հագել է քուրձ և ոտաբոբիկ հասել է Կանոսսայի դարպասներին, որտեղ գտնվում էր պապը:

Սակայն Գրիգորի VII պապը հրաժարվել է ընդունել Հենրիխին։ Ըստ տեղեկությունների Հենրիխը երեք օր սպասել է ամրոցի դարպասների մոտ, այդ ընթացքում ծոմ պահելով և քուրձը չհանելով:

Ի վերջո, պապը նրան ընդունում է: Հենրիխը ծնկի է իջնում Գրիգորի պապի առջև և խնդրում է նրա ներողամտությունը: Գրիգորին ներում է կայսրին և կոչ է անում նրան վերադառնալ Եկեղեցու գիրկը։

31.07.2025

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի շարք օգտատերերի գրառումներից տպավորությունս հետեւյալն է․
Երբ իմ և իմ ընտանիքի անդամների, իմ համախոհների հասցեին ամենավերջին բառապաշարն է օգտավործվում, ես երկրի ղեկավար չեմ։

Իսկ երբ հակադարձում եմ՝ արդեն երկրի ղեկավար եմ, ով չպետք է իրեն նման բան թույլ տա։

Բայց իմ, իմ ընտանիքի անդամների ու համախոհների նկատմամբ ամեն բան կարելի է թույլ տալ։

Հասկանում եմ, որ երկրի ղեկավարը ավելի մեծ սահմանափակումներ ունի, քան ընդդիմությունը։ Բայց ընդդիմադիրներն էլ ունեն սահմանափակում։ Եթե ընդդիմադիրները չունեն ոչ մի սահմանափակում, երկրի ղեկավարը ինչպե՞ս պաշտպանի ինքն իրեն, իր ընտանիքի անդամներին և իր համախոհներին, ովքեր թիրախավորվում են նույն կերպ։

Անցնել ապօրինի մեթոդների՞։ Դա անթույլատրելի և անընդունելի է։

Պատի՞ժ սահմանենք ծանր վիրավորանքի համար։ Դա էլ փորձեցինք, բայց աղմուկը նույնն էր, թե Հայաստանում սահմանափակում են խոսքի իրավունքը։

Քաղհայցերով դիմել դատարա՞ն։ Աղմուկը նույնն է, ճնշում են խոսքի ազատությունը։ Եվ բացի այդ, ո՞ւմ փողերով և որքան դիմել դատարան։ Չէ՞ որ դա ծախս է։ Ո՞վ է ֆինանսավորելու այդ ծախսը։

Անձնական, ընտանեկան, կուսակցական բյուջեով դա հնարավոր չէ։

Պետական բյուջեով՝ նույն աղմուկը կլինի։

Հանդուրժել հայհոյա՞նքը։ Իմ անձի նկատմամբ դեռ հասկացանք, բայց կողմնակիցներիս ու ընտանիքիս անդամների հասցեին՝ չեմ կարող այլևս հանդուրժել։

Հետևաբար, իմ դիրքորոշումը հստակ է։ Կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, ես կվարվեմ նույն կերպ։ Կլինի հայհոյանք ու վիրավորանք՝ արձագանքելու եմ նույն կերպ։ Կլինի հարգանք, կարձագանքեմ հարգանքով։ Այլ բան խնդրում եմ չսպասել։

Ընդ որում, իմ բոլոր համախոհներին և կողմնակիցներին կոչ եմ անելու վարվել նույն կերպ։ Ակտիվորեն վարվել նույն կերպ։

Այլընտրանք չկա։ Կամ հանրային կոնսենսուս կլինի այս հարցի շուրջ և մենք կունենանք ինչքան էլ սուր, բայց քաղաքակիրթ բանավեճ, կամ կլինի խոտորնակին խոտորնակ, գուցե ոչ մեկին մեկ, այլ 10–ին մեկ, թեկուզ 20–ին մեկ, բայց կլինի անպայման ու կլինի շատ ուժեղ։ Այլ բան խնդրում եմ չսպասել։ Ինքս քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եմ։

Բայց սա այն հարցն է, որ ես չեմ որոշում, թող որոշեն քաղաքական հակառակ ճամբարում գտնվողները։

Հ․Գ․ Հաջորդ լուծումն այն է, որ քաղհասարակությունն ու հանրությունը իրենք պահանջեն ծանր վիրավորանքի քրեականացում։

Եվ սրա՛ շուրջ ձևավորենք հանրային կոնսենսուս։ Ինչպես կորոշեք՝ կարճ ասած»։

30.06.2025

Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցել է ՀՀ պետական մարմիններին

Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցել է ՀՀ պետական մարմիններին

Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին այսօր հատարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խումբը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։

Պաշտոնական այս ծանուցումն ուղարկվել է Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի անդամների կողմից ՀՀ պետական մարմիններին, այն հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995 թ. հունվարի 18–ին ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա։

Նշվում է, որ այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։

«Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ–ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։

Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Ծանուցման մեջ բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ–ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։

Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թ. հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։

30.06.2025

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Եկեղեցին բարձրացրել է իր բարոյական ձայնը, հրաժարվել է խոնարհվել աղետ բերած իշխանության առաջ

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Խոր ազգային ճգնաժամի պայմաններում՝ Արցախի կորստից, ավելի քան 120,000 հայրենակիցների տեղահանությունից և նոր տարածքային զիջումների սպառնալիքից հետո, կարելի էր ակնկալել, որ Հայաստանի ղեկավարությունը կցուցաբերի խոնարհություն, բարոյական հստակություն և կնպաստի ազգային միասնությանը։

Փոխարենը, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է աննախադեպ և պախարակելի հռետորական արշավ՝ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգևորականության։ Վերջին սրբապղծական արտահայտությունները ոչ միայն անհարիր են պետության ղեկավարին, այլև վտանգավոր և քայքայիչ՝ մեր պետականության հիմքերի համար։

Ի՞նչ է Եկեղեցու «մեղքը» Փաշինյանի աչքում։ Այն, որ համարձակվել է խոսել՝ բարձրացնելով իր բարոյական ձայնը մի ժամանակ, երբ շատ հաստատություններ լռեցվել են կամ ենթարկվել։ Այն, որ հրաժարվում է խոնարհվել մի իշխանության առաջ, որը պատասխանատու է ռազմական աղետի, հասարակական բարոյալքման և Հայաստանի ինքնիշխանության մաշման համար։

Այն, որ շարունակում է մարմնավորել ու փոխանցել դարավոր ազգային ինքնություն, որը ո՛չ հեղափոխությունը, ո՛չ ճնշումները չեն կարող վերացնել։

Պարադոքսալ է, սակայն Եկեղեցին պատերազմ չի հայտարարել պետության դեմ. պետությունն է, որ պատերազմ է հայտարարել Եկեղեցու դեմ։ Խիստ խոսուն է այն հանգամանքը, որ այս հարձակումները համընկել են Ամենայն Հայոց և Կիլիկիո Կաթողիկոսների մասնակցությամբ Բեռնում անցկացված՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջազգային համաժողովի հետ, որի նպատակն էր պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայ հոգևոր և մշակութային ժառանգությունը։

Եկեղեցին կրում է պատմության բարոյական ծանրությունը, ժողովրդի վստահությունը և մի ինքնություն, որն անցյալի քաղաքականությունից ու ներկայի աղետալի ձախողումներից վեր է կանգնած։ Փաշինյանը դա տեսնում է, և դա է նրան վախեցնում։

Սա առաջին դեպքը չէ մեր պատմության մեջ, երբ Եկեղեցին վեր է բարձրացել որպես ժողովրդի պահապան՝ քաղաքական փլուզման և գոյաբանական սպառնալիքի պայմաններում։ Դարեդար՝ օտար տիրապետությունների ու խորհրդային տարիներին, Հայ Եկեղեցին պահպանել է մեր հավաքական հոգին ու խոսել մեր անունից՝ այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող։ Եվ այսօր նա կրկին անում է այդ գործը՝ ոչ որպես քաղաքական ուժ, այլ որպես ազգի խիղճ։

Փաշինյանի ամոթալի հարձակումները Եկեղեցու դեմ պարզապես խոսքեր չեն։ Դրանք փորձ են՝ նվաստացնելու և ապօրինացնելու միակ հաստատությունը, որը շարունակում է մնալ անկախ իր վերահսկողությունից։ Սակայն որքան ուժգին են հարձակումները, այնքան ավելի տեսանելի է դառնում նրա անապահովությունը, և այնքան ավելի ժողովուրդը գիտակցում է, թե ով է իրապես կանգնած իր կողքին։

Սա պարզապես բախում չէ՝ Փաշինյանի կողմնակիցների և հոգևոր դասի միջև։ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար։ Եվ երբ իշխանությումը ընտրում է նսեմացնել Եկեղեցին՝ փոխանակ պաշտպանելու իր ժողովրդին, նա կորցնում է թե՛ բարոյական հեղինակությունը, թե՛ ազգային լեգիտիմությունը»։

31.05.2025