Հունիսի 20 -ի ընտրությունները կոչված էին լուծելու Հայաստանում ստեղծված ներքին անվստահության ու իշխանությունների լեգիտիմության հարցը, սակայն վերլուծաբանների համոզմամբ ճգնաժամն ավելի խորացավ։ Ընդդիմադիր ուժերի համոզմամբ Փաշինյանի կառավարությունը և ՔՊ կուսակցությունը փափուկ ուժի կիրառմամբ , հակաքարոզչությամբ և իշխանական բոլոր լծակների կիրառմամբ ուղղակի վերարտադրվեց։
« Հայաստան» դաշինքի անդամ Էդվին Թամազյանն ընտրությունները դիտարկել է որպես իր ներկայացրած քաղաքական ուժի կողմից ներկայացված վստահված անձ։ Նրա վկայությամբ, ընտրություններում տեղ են գտել ընտրակեղծիքների բոլոր հայտնի սխեմաները, որոնց համար փաշինյանական կառավարությունը քննադատում էր նախկիններին։
«Ես ականատես եմ եղել, թե ինչպես են նիկոլականները քաղաքացիներին ուղղորդում քվեարկել իրենց օգտին, տեղամասից քվեաթերթիկներ էին դուրս բերվում , մեր տեղամասը հոսանքազրկվեց ու մի քանի րոպե հայտնի չէր ինչ է կատարվում քվեատուփերի հետ»,- մտաբերում է Թամազյանը։ Քաղաքական գործչի գնահատականով, այդ օրը ընդդիմության ակտիվ գործիչների նկատմամբ վերևներից հրահանգ կար բռնություններ, սպառնալիքներ կիրառելու ու ամեն կերպ լռեցնելու։
Ընդդիմության ներկայացուցիչը հատուկ շեշտում է, որ մինչև հիմա ընտրական ցուցակներում առկա են մահացած կամ վաղուց ՀՀ տարածքում չբնակվող քաղաքացիների անուններ, որոնք հասկանալի է, որ տնօրինվում են իշխանությունների հայեցողությամբ և քվեարկվում նրանց օգտին ։
«Իմ ընտրատեղամասում նկատել եմ մարդկանց, որ ընտրաթերթիկը ձեռքներին մտել են տեղամաս, նկատել եմ կրկնակի քվեարկողների, դրա համար մի շարք բնակավայրերում ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկողների 100տոկոսանոց մասնակցություն, ինչը գործնականում անհնար է», - մեզ հետ զրույցում պատմում էր Էդվին Թամազյանը։
Թամազյանը ևս ընտրությունների օրը բռնության ու սպառնալիքների թիրախում է հայտնվել։ Երբ նա բարձրաձայնել է իր տեսած ընտրախախտումների մասին, նրան կանչել է ՔՊ նախընտրական շտաբի պետ Ռոմանոս Պետրոսյանը ու սպառնացել է հաշվեհարդար տեսնել հետը, եթե շարունակի միջամտել իրենց գործերին։
Կատարվածի վերաբերյալ իր դժգոհությունն արտահայտելու համար, Էդվին Թամազյանին ոստիկանությունը ուժով բերման է ենթարկել բաժին ու սպառնալիքներից հետո, վարչական տուգանքի ենթարկել։
«Ես նույնիսկ իմ իրավունքները պաշտպանելու հնարավորություն չունեցա, քանի որ ակնհայտորեն իշխանությունները ընդդիմախոսների դեմ են հանում ոստիկանական ու ԱԱԾ ուժերին՝ ճնշելու, վախացնելու ու լռեցնելու համար»,-նկատում է Թամազյանը։
«Հայաստան» դաշինքի անդամի հավաստմամբ ընտրություններից հետո էլ իշխանությունները շարունակում են ներկայացնել, թե իբր դեմոկրատական, արդար ու թափանցիկ ընտրություններ են տեղի ունեցել և իշխանությունը պահպանել է իր մանդատը՝ վերահաստատելով ժողովրդի վստահությունը։ «Դա ընդամենը քարոզչություն է, կեղծիք, որի հետևանքները դեռ մեր ժողովուրդը կտեսնի, Նիկոլ Փաշինյանը նոր մանդատով լեգիտիմացրեց իր ստորագրած ստորացուցիչ պայմանագիրը Արցախի վերաբերյալ ու շարունակելու է մեր երկիրը տանել դեպի պարտություններ»,- եզրահանգում է Թամազյանը։