ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն Հատիս լեռան գագաթին իրականացվող հողային աշխատանքները կասեցնելու նպատակով։
«Մենք հիմք ենք ընդունել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը՝ գագաթին նոր հայտնաբերված ամրոցի վնասման վերաբերյալ։ Դիմել ենք, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետում միջոցներ ձեռնարկվեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու, եզրակացությունը ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար»,- նշեl է նախարարության մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը։
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի հիմնարկեքը Հատիս լեռան գագաթին տեղի ունեցավ հուլիսի 9-ին։ Արձանի գաղափարը և հատկապես դրա տեղադրությունը վիճահարույց է և քննադատության է արժանացել մասնագիտական որոշ շրջանակների կողմից։
Հայ առաքելական եկեղեցին եւս դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը: Եկեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացվել, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չնայած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսաշրջությունը: