Քաղաքականություն

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան, բանջարեղենի և մրգի խանութները փակ են

Արցախի Հանրապետությունում այս պահի դրությամբ ցորենի և ալյուրի խնդիր չկա: Այս մասին ասել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը:

«Բավականին ապրանքատեսակներ արդեն խանութներում չկան: Բանջարեղենի և մրգի խանութները վաղուց փակված են: Այս պահին փորձում ենք պահուստային ֆոնդում եղած ապրանքները մատակարարների միջոցով տրամադրել խանութներին, պահպանվում է մատակարար-հիմնադրամ կապը: Ամեն կերպ փորձում ենք դուրս գալ ստեղծված իրավիճակից:  Պետք է սահմանափակումներ լինեն, որպեսզի կարողանանք հավասար բաշխել պարենը մեր համաքաղաքացիներին»,-նշել է Հ. Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում առկա են գարնանացանի, բանջարաբոստանային մշակության  համար նախատեսված սերմեր:

«Դրանք խանութներում արդեն կան: Պակասն անպայման կլրացնենք պահուստային ֆոնդից, ցանկերն արդեն վերցրել ենք: Փորձելու ենք ամեն կերպ կազմակերպել գարնանացանի աշխատանքները: Այս պահին ամենաբարդը դիզվառելիքի խնդիրն է: Չեմ կարող  հստակ ասել, թե պահուստային ֆոնդի շնորհիվ ինչքան աշխատանքներ կկարողանանք իրականացնել, բայց ամեն ինչ կանենք, որպեսզի ցանքսը հնարավորինս շատ կատարվի»,-հավաստիացրել է նախարարը:

Անդրադառնալով տեղական մսի  արտադրության հարցին՝ Հ. Սաֆարյանն հայտնել  է, որ կան որոշակի խնդիրներ տավարի մսի շուկայում:

«Խնդիրը պայմանավորված չէ նրանով, որ տավարի միս չկա, ուղղակի ճիշտ չէ անասունները մորթել այս ժամանակահատվածում, որը հետագայում մի ուրիշ խնդիր է առաջացնելու: Առկա է նաև անասնակերի պակաս, որի որոշակի մասը ներկրվում էր Հայաստանից: Այս պահին քիչ է նաև կաթը, որը սեզոնային բնույթ է կրում. գարնանը կաթնատվությունը կբարձրանա»,- եզրափակել է գերատեսչության ղեկավարը:

20.01.2023

Դեմքերը փակած ադրբեջանցիները մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենա

Դեմքերը փակած ադրբեջանցիները մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենա

Շրջափակման պատճառով ավելի քանի մեկ ամիս ծնողական խնամքից և ընտանիքից կտրված 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Երեխաները Գորիսից Ստեփանակերտ են տեղափոխվել ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, որտեղ տեղակայված են «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները և նրանց սպասարկող լրագրողները, մեքենան կանգնեցվել է ադրբեջանցիների կողմից։ Այնուհետև, մեքենային են մոտեցել քաղաքացիական հագուստով դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ՝ տեսախցիկներով, նրանցից ոմանք ներխուժել են մեքենա և նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին։

Ադրբեջանցիների սադրիչ գործողությունների հետևանքով մեքենայում իրարացում է առաջացել, որի հետևանքով երեխաներից մեկը ուշաթափվել է։

Ռուս խաղաղապահների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում նրանք հեռացվել են մեքենայից, մեքենան շարունակել է ընթացքը։ Այնուհետև, ճանապարհի շրջափակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։

Ադրբեջանի կառավարության գործակալների այս լկտի պահվածքը երեխաների անձնական կյանքի, հոգեբանական անձեռնմխելիության կամայական և ապօրինի միջամտություն է, նրանց պատվի և հեղինակության նկատմամբ ապօրինի ոտնձգության: Այս հանցավոր գործողությունները ամբողջությամբ բացահայտում է նրանց իրական նպատակներն ու ցանկությունները։

Ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ էթնիկ ատելությունը չի ճանաչում սահմաններ՝ թիրախավորելով անգամ անչափահաս երեխաներին։ Այս սադրիչ և հանցավոր գործողությունը ևս մեկ անգամ ապացուցում է ճանապարհի արգելափակված լինելու փաստը և դրանով անվտանգ երթևեկելու անհնարինությունը՝ անգամ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ։

19.01.2023

Սյունիքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար

Սյունիքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր մասնակցել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընի ղեկավարած պատվիրակությունը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ և եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը փոխվարչապետը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է.

«Ձերդ Գերազանցություններ, հարգարժան դեսպաններ, Մեծարգո տիկին Վիկտորին, Հարգելի գործընկերներ,

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել բոլորիս այս կարևոր նախաձեռնության մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանն ու ԵՄ անդամ պետություններին Հայաստանի համար մարտահրավերներով լի այս բարդ շրջանում հատկապես Սյունիքում իրականացվող բոլոր ծրագրերի և ներդրված ջանքերի համար:

Սյունիքն իրապես կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է Կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Ավելին, ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը՝ այդ թվում տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին:

Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում շեշտել, որ մարզում կյանքի որակի բարձրացմանն ուղղված մեր համատեղ ջանքերը, բացի տեղային կարևոր սոցիալ-տնտեսական ազդեցությունից, հիմնարար նշանակություն ունեն նաև մեր երկրի կայուն զարգացման համար:

Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում: Սրա մասին է վկայում ոչ միայն այսօր մեկնարկող նախաձեռնությունը, այլ նաև այն, որ Եվրոպական միության Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մեր հինգ հիմնական ուղենիշներում որպես ինքնուրույն ուղղություններից մեկը հատուկ առանձնացված է Սյունիքի դիմակայունության բարձրացումն ու մարզի կայուն զարգացումը:

Կառավարությունը նաև շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի մեր ջանքերին՝ դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց: Գոհունակությամբ պետք է նշեմ նաև Սյունիքի մարզում 2 ՔՈԱՖ կենտրոնների հիմնման ծրագիրը, որով նորարար կրթությունը հասանելի կդառնա մարզի բնակիչների համար:

Ամփոփելով՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ Կառավարության և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավված գործընկերներին կատարված և պլանավորված մեծ և կարևոր աշխատանքի համար:Ես և մեր թիմը շարունակում ենք ձեր կողքին լինել ցանկացած հարցով: Շնորհակալություն»:

17.01.2023

Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ

Ուրուգվայի Սենատորների պալատը դատապարտել է Ադրբեջանի ներխուժումը ՀՀ

Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարությամբ դատապարտել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածք Ադրբեջանի ներխուժումը:

Ուրուգվայի Սենատորների պալատի հայտարարության մեջ նշված է.

Հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի միջև բախումների սրացումը և Հայաստանի տարածքի Ադրբեջանի ռմբակոծումները՝ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Սենատորների պալատը հայտարարում է.

Իր դատապարտումը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ Ադրբեջանի ներխուժման առնչությամբ,

Իր համերաշխությունը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման զոհ հանդիսացող հայ ժողովրդին, ինչպես նաև Ուրուգվայի՝ այդ ազգության քաղաքացիներին՝ ազդված մարդկային կյանքերի կորստով,

Իր մտահոգությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ճնշման և ռազմական բախումների կապակցությամբ,

Հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի զինվորականների կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին բազմաթիվ արձանագրությունների առկայության պայմաններում պահանջում է ամբողջական և անաչառ հետաքննություն, ինչպես բարձրաձայնվել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եվրոպական Միության, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության կողմից, ի թիվս այլոց,

Մերժում է սպառնալիքի և ուժի կիրառումը՝ որպես տարաձայնությունների լուծման միջոց,

Հույս է հայտնում, որ երկու երկրների միջև երրորդ երկրների միջնորդների ներգրավմամբ մեկնարկած դիվանագիտական բանակցությունները թույլ կտան համաձայնության հասնել՝ հիմնված միջազգային իրավունքի կիրարկման վրա և կապահովեն երկու երկրների միջև տևական խաղաղություն՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը և ինքնիշխանությունը,

Հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին պահպանել լիարժեք հրադադար՝ հիմնված 2020թ. Եռակողմ հայտարարության վրա և վերականգնել երկխոսության ուղին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ և այլ համաձայնեցված ուղիներով, միջազգային հանրության աջակցությամբ և երաշխավորմամբ՝ ՄԱԿ-ի սկզբունքների համաձայն, ինչպես արտահայտվել է մեր արտաքին հարաբերությունների նախարարության կողմից ս. թ. 14/9/22-ի հաղորդագրությամբ»։

20.10.2022

Ադրբեջանական հարձակումները նաեւ այն վայրերից են, որտեղ ներխուժել էին 2021թ. մայիսից. Թաթոյան

Ադրբեջանական հարձակումները նաեւ այն վայրերից են, որտեղ ներխուժել էին 2021թ. մայիսից. Թաթոյան

Ադրբեջանական հարձակումները ՀՀ խաղաղ բնակավայրերի նկատմամբ նաև ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած վայրերից են. Այսինքն` Սյունիքի ու Գեղարքունիքի այն վայրերից, ճսնապարհներից, որտեղ ներխուժել էին ու անօրինական տեղակայվել 2021թ. մայիսից: Այս մասին հյտարարել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նաեւ նշել է. «Օրինակ` նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև խաղաղ բնակիչների տներ:

Սյունիքում խաղաղ բնակավայրերը հարձակման են ենթարկում, կրակում են ինչպես Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհին, գյուղերի հարևանությամբ, այնպես էլ Սև լճի տարածք ներխուժած ու անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից:

Մշտապես եմ ասել, որ ինքնին ադրբեջանական զինված տեղակայումները ՀՀ գյուղերի հարևանությամբ կամ ճանապարհներին հանցավոր է, դա արդեն իսկ իրական սպառնալիք է մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին, մեր ողջ երկրին:

Երեկվանից սկիզբ առած հարձակումները ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության բնական շարունակությունն են: Այդքան ապացուցել եմ, որ դա չի դադարելու, քանի որ Ադրբեջանում սեփական իշխանությունը պահպանելու միջոց է:

13.09.2022

2021-ի ընտրությունները բողոքարկվել են,լեգիտիմության դեֆիցիտ ունեին,ՍԴ-ն խիզախություն չի ունեցել արձանագրելու.Վարդևանյան

2021-ի ընտրությունները բողոքարկվել են,լեգիտիմության դեֆիցիտ ունեին,ՍԴ-ն խիզախություն չի ունեցել արձանագրելու.Վարդևանյան

2021 թվականի ընտրությունները բողոքարկվել են, լեգիտիմության դեֆիցիտ ունեին, այլ հարց է, որ Սահմանադրական դատարանը խիզախություն չի ունեցել արձանագրելու։ Այս մասին NEWS am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր պատասխանում բառացիորեն ներկայացնում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ընդդիմադիր ուժի՝ «Ելք» խմբակցության կողմից որեւէ կերպ չվիճարկելու փաստը. «Ի դեպ հենց այդ խմբակցության կամ դաշինքի անդամ հանդիսացել է հենց վերջինս»։

ԱԺ պատգամավորը հիշեցրեց, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրությունների արդյունքները վիճարկվել էին Սահմանադրական դատարանում.

«Հատկանշական է, որ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին ոչ միայն «Հայաստան», «Պատվիվ ունեմ» դաշինքների կողմից, այլեւ «Զարթոնք», «Հայոց Հայրենիք» կուսակցությունների կողմից: Այսինքն, ընդհանուր առմամբ ընտրությունների արդյունքները վիճարկվել էին թե՛ ըստ ԿԸՀ որոշման համապատասխան շեմը հաղթահարած քաղաքական միավորների կողմից, թե՛ շեմը չհաղթահարած քաղաքական միավորների կողմից: Սա խոսում է նրա մասին, որ ընտրությունների արդյունքների նկատմամբ անհրաժեշտ վստահություն, արդարության անհրաժեշտ բաղադրիչը չի եղել»։

Պատգամավորի խոսքով՝ դա նաեւ պայմանավորված է այն խախտումներով, որոնք արձանագրվել էին. «Հիշեցնեմ, որ առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ընտրությունների ընթացքում առկա է եղել Վարչական դատարանի որոշում, որով հստակ արձանագրվել էր վարչական ռեսուրսի չարաշահման փաստը Քաաղաքացիական պայմանագիրկուսակցության ներկայացուցիչների կողմից: Եվ սա նաեւ զետեղվել էր ՍԴ որոշման մեջ: Առաջին անգամ ՀՀ պատմության մեջ ՍԴ-ն արձանագրել է ատելության խոսքի աննախադեպ ծավալը, որը գեներացվում էր ՔՊ-ի կողմից: Առաջին անգամ Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել հենց Սահմանադրության նախագծի հիմնավորումն առ այն, որ մեկ խմբակցություն չի կարող ստանալ մանդատների այնպիսի ծավալ, որ առանց ընդդիմության ընդունի սահմանադրական օրենքներ կամ ընտրի սահմանադրական մարմինների պաշտոնյաների։ Այսինքն, այն իբր պնդումը, որ ընտրությունների արդյունքները չեն վիճարկվել ՍԴ-ում, ոչ միայն ակնհայտ սուտ են, այլեւ դժվար է ընկալել, թե ինչպես կարող է նման դիրքորոշում արտահայտվել բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ հանրությունը կարող է եւս մեկ անգամ իր հետեւություններն անել իրեն ներկայացվող տեղեկությունների վերաբերյալ: Կարծում եմ՝ նաեւ տեղին է նշել, որ ՍԴ-ում գործի քննությունը եւ սահմանադրական արդարադատությունը, որը տեղի էր ունենում, ամենալայն լուսաբանումը ստացած Սահմանադրական դատարանում գործն էր: Չգիտեմ՝ ինչ նպատակ էր հետապնդում հանրությանը մոլորեցնելու այս փորձը, կարծում եմ՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ»։

Արամ Վարդեւանյանը շեշըեց, որ 2021 թվականի ընտրությունների արդյունքները մի շարք ուժերի, այդ թվում՝ «Հայաստան» դաշինքի կողմից չեն ընդունվել.։

09.09.2022