Իրադարձություններ
«Ալեն Սիմոնյանն Ադրբեջանին «զակազ» է տալիս, ասում է՝ էս երեխաներին «փրթիր», իմ երեխուն նվե՞ր տվեց թուրքին». անհետ կորածի հարազատ
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են անում գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատները։ Պատճառը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի զրույցից տարածված հատվածն է, որում վերջինս, խոսելով գերիների մասին, ասում է, թե նրանք իր համար գոյություն չունեն։
Գերիների հարազատներից Արսեն Ղուկասյանը լրագրողների և ԱԺ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների հետ զրույցում նշեց, որ իրենց որևէ պաշտոն պետք չէ, պայքարում են զինծառայողների վերադարձի համար։
«Մեզ մեր երեխան է պետք, որի մասին Ալեն Սիմոնյանն ասաց՝ մենք գերի չունենք․ ի՞նչ, մորթե՞ք, սպանե՞ք, վերացրե՞ք մեր երեխաներին․ դա՞ է ասում։ Ինքը փաստորեն դարձավ «զակազչիկ»։ Ադրբեջանին «զակազ» է տալիս, ասում է՝ էս երեխաներին «փրթիր», իմ երեխուն նվե՞ր տվեց թուրքին»,-ասաց նա:
Գերիների հարազատներից մեկն էլ նշեց, թե իրենց փորձում են վախեցնել, որ իրենց բոյկոտները, ըմբոստությունները տեսնում է նաև թշնամին:
«Թող թշնամին իմանա, որ մեր մեջ «նժդեհներ» կան: Դիմում եմ Թուրքիային ու Ադրբեջանին՝ եթե մեր ներքին թուրքն իրականացնում է թուրքահաճո քաղաքականություն, ձեր թելադրանքով որոշակի քայլեր է իրականացնում, վստահ եղեք, մեր ողջ ազգը կանգնելու է Արցախի վերադարձի համար, մենք՝ սգացող ծնողները, ունենք արժանապատվություն և կանգնելու ենք մինչև վերջ»,-ասաց նա:
Գերիների և անհետ կորածների հարազատների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը նշեց, որ իշխանություններից պահանջել են հրապարակայնորեն հայտարարել, որ համաձայն չեն Ալեն Սիմոնյանի դիրքորոշման հետ, հակառակ դեպքում կհամարեն, որ նաև իրենց դիրքորոշումն է:
08.12.2021
Լավրովը կոչ է արել նոր մակարդակի հասցնել անվտանգությունն ԱՊՀ երկրներում՝ ընթացիկ մարտահրավերների ֆոնին
Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքն անհրաժեշտ է նոր մակարդակի հասցնել Աֆղանստանում իրավիճակի սրման, արևմտյան երկրների կողմից հետխորհրդային տարածքում ռազմակենսաբանական ակտիվության մեծացման և այլ մարտահրավերների ֆոնին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով՝ միջազգային անկայունության, ԱՊՀ արտաքին սահմաններին լարվածության ուժեղացման ֆոնին, համագործակցության անդամ երկրների ուշադրության կենտրոնում մշտապես պետք է լինեն «անվտանգության ապահովման հարցերը՝ բոլոր դրսևորումներում»:
«Աֆղանստանում իրավիճակի սրումը և այլ մարտահրավերներ թելադրում են այդ աշխատանքը նոր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը ինչպես համագործակցության անդամ երկրներում, այնպես էլ ՀԱՊԿ-ի, ՇՀԿ-ի և Եվրասիայի այլ միջազգային միավորումների հետ ջանքերի համաձայնեցմամբ»,- ասել է Լավրովը ԱՊՀ 30-ամյակին նվիրված տեսաուղերձում:
Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ամեն տարի «ԱՊՀ գործունեության սպեկտրն ընդլայնվում է, համագործակցության նոր ոլորտներ են ձևավորվում»:
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմի համար թանկ է «Համագործակցության երկրների անփոփոխ աջակցությունը նացիզմի հերոսացման և պատմության կեղծման դեմ պայքարում»:
08.12.2021