Իրադարձություններ

Tasnim-ը հայտնել է՝ երբ են վերսկսելու Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Tasnim-ը հայտնել է՝ երբ են վերսկսելու Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները

Վիեննայում միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները կվերսկսվեն հինգշաբթի։ Այդ մասին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ ժամկետը համաձայնեցրել են Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին և ԵՄ արտաքին ծառայության քարտուղար, միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի համակարգող Էնրիկե Մորան:

Ավստրիայի մայրաքաղաքում դեկտեմբերի 3-ին ավարտվել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում բանակցությունների յոթերորդ փուլը։ Եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրներ՝ երկխոսությունը շարունակելուց առաջ լրացուցիչ խորհրդակցությունների համար։ Բանակցությունների ընթացքում Թեհրանը կողմերին ներկայացրել է միջուկային համաձայնագրի երկարաձգման նախագիծը՝ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկման և միջուկային ծրագրի վերաբերյալ երկու փաստաթղթի տեսքով։
 

ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն

ՊԵԿ նախագահն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն

Այսօր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչություն և մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող Կապան քաղաքի մաքսային հսկողության տարածք, տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Այցի ընթացքում ՊԵԿ նախագահն առանձնակի ուշադրություն է դարձրել տրանսպորտային միջոցների և բեռների մաքսային հսկողության կազմակերպման գործընթացներին, որի շրջանակներում կարևորել է մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ուղղված շարունակական ջանքերը՝ ընդգծելով աշխատանքներն արագ և որակով իրականացնելու անհրաժեշտությունը:

Մաքսային հսկողության տարածքում շրջայցի ժամանակ Ռուստամ Բադասյանը ծանոթացել է ապրանքների պահպանման հնարավորություններին և տեխնիկական հագեցվածությանը։

«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն»․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

«Մեր որդիներին դավաճան ասելու իրավունք չունեն»․Գյումրիում ևս ռազմագերիների հարազատները ճանապարհներ են փակել

Շիրակի մարզի գերեվարված զինծառայողների հարազատները ևս բողոքի ակցիաներ են իրականացրել՝ Գյումրիում փողոցներ փակելով։

Գրեվարված Հայկազ Հովհաննիսյանի եղբայրը՝ Արկադի Հովհաննիսյանը, Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք վրդովվել և հուսալքվել են գերիների վերաբերյալ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի 
հայտարարություններից։

«Մեր տղաներին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու դավաճանության մեջ, պահանջում ենք վերադարձնեն և քննություն իրականացնեն։ Ինչպե՞ս կարելի է հայտարարություններ հնչեցնել, թե գերիները իրենց համար չկան, գոյություն չունեն։ Պետությունը պարտավոր է տղաներին հետ բերել»,-ասաց նա։

Արկադի Հովհաննիսյանի  խոսքով՝  իրենց հետ փորձել են բանակցել միայն ոստիկանությունից,  փորձել են կապ հասատել մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, սակայն չի հաջողվել։

Արկադի Հովհաննիսյանն ասաց, որ փոխանցում է բոլոր հարազատների խոսքերը՝ իրենք չեն լռելու, պայքարելու են, մինչև որդիներին չվերադարձնեն։

Հիշեցնենք, որ գերիների և անհետ կորածների հարազատներն այսօր երեկոյան բողոքի ակցիա են արել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գա և հանդիպի իրենց հետ։ Ավելի ուշ նրանք մի քանի ժամով փակել էին Հանրապետության հրապարակ մտնող մի քանի փողոց։ 

Թրամփն «անհավասար հանդիպում» է անվանել Պուտին-Բայդեն գագաթնաժողովը

Թրամփն «անհավասար հանդիպում» է անվանել Պուտին-Բայդեն գագաթնաժողովը

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի միջև կայանալիք տեսաժողովն անվանել է «անհավասար հանդիպում» Վաշինգտոնի համար:

«Դա այն հանդիպումը չէ, որը ընդհանրապես պետք էր թույլատրել: Միևնույնն է, ինչ «Նյու Ինգլենդ Փեթրիոթս»-ին դուրս բերել դպրոցական թիմի դեմ»,-
 ասել է Թրամփը` ելույթ ունենալով ամերիկյան Newsmax հեռուստաալիքի եթերում:

Թրամփի կարծիքով՝ չնայած Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ դրական երկխոսությանը՝ իր քաղաքականությունը Մոսկվայի և Պեկինի հանդեմ ավելի կոշտ էր, քան Բայդենի վարչակազմի գործողությունները:

Հիշեցնենք, որ Բայդեն-Պուտին գագաթնաժողովը տեսակոնֆերանսի տեսքով նախատեսված է այսօր: Ուղիղ եթերով հեռարձակում չի նախատեսվում, սակայն լրագրողներին ցույց կտան առցանցա հանդիպման առաջին կադրերը:

Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները 9 տոննա մարդասիրական օգնություն են հասցրել Լեռնային Ղարաբաղ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին մարդասիրական օգնությունը հավաքվել է Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ-ի Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի բեռնատարներով հասցվել է Ստեփանակերտ:

Հումանիտար օգնության շրջանակում 5 000 երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ: 

Հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականներին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և հանգեցնել անվտանգային աղետների․ Նիկոլ Փաշինյան

Հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականներին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և հանգեցնել անվտանգային աղետների․ Նիկոլ Փաշինյան

Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների:

Պետականություն եւ պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,-գրել է Փաշինյանը:

Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Նախնական արդյունքներով՝ ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ է տարել Աշտարակում, Ջերմուկում, Արտաշատում, պարտվել՝ Ապարանում, Աբովյանում, Մասիսում. ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 36 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները:

Նախնական արդյունքներով Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: ՔՊ-ն Վաղարշապատում ստացել է 5776 ձայն: Իշխող ուժին հաջորդում է «Էջմիածին» դաշինքը, որը ստացել է 3872 ձայն:

ՔՊ-ն հաղթանակ է տարել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում՝ հավաքելով 14732 ձայն: ՀՅԴ-ն Աշտարակում ստացել է 2730 ձայն, «Հայրենիք» կուսակցությունը՝ 1176 ձայն:

Արագածոտնի մարզի Թալին համայնքում ՔՊ-ն ստացել է 5037 ձայն, «Զարթոնք»-ը՝2882, «Հայք»-ը՝ 1624, «Մեր համայնքը» դաշինքը՝ 1258 ձայն:

ՔՊ-ն վստահ հաղթանակ է տարել նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքում՝ ստանալով 19794 ձայն: «Օրենք և արդարություն» կուսակցությունը երկրորդն է՝ 9072 ձայնով:

Արարատի մարզի Արարատ համայնքում ևս ամենաշատ ձայները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը: Իշխող ուժի օգտին քվեարկել է 4988 ընտրող: Ձայների քանակով երկրորդը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է՝ հավաքած 4153 ձայնով:

Արարատի մարզի Մասիս համայնքում հաղթել է «Դավիթ Համբարձումյան» դաշինքը՝ հավաքելով 14943 ձայն: ՔՊ-ն ստացել է 13461 ձայն:

Լոռու մարզի Վանաձոր համայնքում ամենաշատ ձայները ստացել է «Մամիկոն Ասլանյան» դաշինքը: Դաշինքի օգտին քվեարկել է 12810 ընտրող: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկել է 8295 ընտրող: «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը հավաքել է 4809 ձայն: