Իրադարձություններ

Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցել է ՀՀ պետական մարմիններին

Կարապետյանի ընտանիքը ներդրումային վեճ սկսելու մասին ծանուցել է ՀՀ պետական մարմիններին

Հայաստանի Հանրապետությունը ծանուցվել է ներդրումային վեճի մասին՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության դեմ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին այսօր հատարարություն է տարածել «Տաշիր» ընկերությունների խումբը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ներդրումային վեճի մասին ծանուցումը նախազգուշացնող բնույթ է կրում։

Պաշտոնական այս ծանուցումն ուղարկվել է Սամվել Կարապետյանի և իր ընտանիքի անդամների կողմից ՀՀ պետական մարմիններին, այն հիմնված է Հայաստանի և Կիպրոսի միջև 1995 թ. հունվարի 18–ին ստորագրված ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագրի վրա։

Նշվում է, որ այդ համաձայնագիրը ներդրողներին հնարավորություն է տալիս դիմել միջազգային արբիտրաժ՝ պետության կողմից իրենց իրավունքների խախտման դեպքում։ Նման գործընթացները բացասական ազդեցություն են ունենում երկրի ներդրումային գրավչության վրա։

«Տաշիր» ընկերությունների խմբի կողմից հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ Կարապետյանների ընտանիքը պահանջներ է ներկայացնում Սամվել Կարապետյանի և նրա բիզնեսի դեմ սկսած վարչապետի արշավի պատճառով։

«Առաջին հերթին, Հայաստանի պետական պաշտոնյաները արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն և անվտանգություն Կարապետյանների ընտանիքի և նրանց ներդրումների համար Հայաստանում չեն ապահովել։ Երկրորդ՝ համաձայնագրի խախտմամբ ՀՀ պետական մարմինները ձեռնարկում են քայլեր ՀԷՑ–ի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հավասարազոր է ներդրումների բռնագրավման։

Եթե պատկան մարմինները շարունակեն խախտել համաձայնագրով և միջազգային իրավունքով իրենց ստանձնած պարտավորությունները, Հայաստանն առերեսվելու է միջազգային արբիտրաժային վարույթի և դրա արդյունքում ամբողջական փոխհատուցում վճարելու պարտավորության հետ»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։

Ծանուցման մեջ բաժնետերերը պնդում են, որ ՀՀ պաշտոնյաների գործողությունները կամայական են, խտրական, քաղաքական դրդապատճառներով և ուղղված են ՀԷՑ–ի միջոցով Կարապետյանների ընտանիքին սեփականությունից զրկելուն։

Բաժնետերերի խոսքով՝ այս գործողությունները խախտում են 1995 թ. հունվարի 18-ին Հայաստանի և Կիպրոսի միջև կնքված համաձայնագրով ստանձնած մի շարք պարտավորություններ, որոնք պետությունը պետք է կատարի։

Հայաստանը՝ IWSC 2025-ում. հայկական գինիների հաջողությունը

Հայաստանը՝ IWSC 2025-ում. հայկական գինիների հաջողությունը

Հայկական գինիները բարձր են գնահատվել IWSC 2025 միջազգային մրցույթում, որն անցկացվել է Վրաստանում՝ Գուրջաանիի գինու փառատոնի և Վրաստանի Գինու ազգային գործակալության հետ համագործակցության շրջանակում։ Մրցույթը ներգրավել է ավելի քան 400 հայտ, այդ թվում՝ գինիներ և ալկոհոլային խմիչքներ Վրաստանից, Հայաստանից և տարածաշրջանի այլ երկրներից: Հայաստանը նվաճել է ավելի քան 30 մեդալ, որից 4-ը՝ ոսկե, ինչը նշանակալի ձեռքբերում է մեր երկրի համար։

Ոսկին ստացել են՝
- Anamor Grand Reserve 100% Areni Noir Red Dry 2021-ը (Manukyan Brandy Factory) – շնորհվել է 96 միավոր՝ մուգ բալի, նռան, հապալասի բարդ բույրերի և եղեսպակի ու սպիտակ պղպեղի նուրբ շեշտադրումների համար: Գինին աչքի էր ընկնում իր փափուկ հյուսվածքով և հավասարակշռված համով։
- Noah of Areni Noa Reserve 2021-ի դեպքում դատավորները նշել են բարդ անուշաբույր պրոֆիլը՝ մոշի, հասած սալորի և քաղցր բալի նոտաներով, որոնք լրացվում են կաշվի և թարխունի նրբերանգներով:
- Moossah Red Dry Wine Areni Noir 2022-ը (Winged Lion)՝ համի նրբաճաշակության և հատապտուղների և բուսական նոտաների ներդաշնակության համար:
- Amber By Moossah 2022 (Winged Lion)՝ մեղրի, չոր մրգերի և ծաղկային նոտաների հարուստ բույրի համար:

Հայ մասնակիցների հաջողության առանցքային տարրն է դարձել «Արենի» ավտոխտոն տեսակը։ Դատավորները նշել են, որ այն ցուցադրել է իր բազմակողմանիությունը ոճերի լայն շրջանակի միջոցով՝ դասականից մինչև ավելի նորարար, ընդ որոմ, լավագույն օրինակներն աչքի են ընկել իրենց նրբագեղությամբ, հավասարակշռությամբ և համի բարդությամբ: Հայ գինեգործները հաստատել են իրենց բարձր մակարդակը՝ շարունակելով ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում։

2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է

2021թ. ԱԺ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական դատավճիռն է կայացվել. Մեղադրյալը ԲՀԿ-ից է

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան:

Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է յուրաքանչյուրին շուրջ 5420-ական կամ 10840 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք:

Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2021թ.դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղարդական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը:

Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ:

Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա օլիմպիադայի արդյունքները

Երևանում ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 19-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի արդյունքներն ու պարգևատրվել են հաղթողները։ Ucom-ն այս տարի կրկին հանդես է եկել որպես միջոցառման գլխավոր աջակից։

Միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչն է Սինոփսիս Արմենիան, և այն անցկացվում է ՀՀ Վարչապետի հովանու ներքո, Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ։

Օլիմպիադան, որն անցկացվել է երկու փուլով, այս տարի ունեցել է 332  մասնակից 16  երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իսրայելից, Իտալիայից, Լիբանանից, Հայաստանից, Հորդանանից, Շրի Լանկայից, Չիլիից, Պերուից, Պորտուգալիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ֆրանսիայից:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլն անցել է 2024 թվականի նոյեմբերի 15-ին՝ Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ դուրս եկած 34 մասնակիցները, որից 10-ը Հայաստանից, պայքարել են գլխավոր մրցանակների համար՝ լուծելով բարդ ճարտարագիտական առաջադրանքներ:

Առաջին մրցանակակիր է դարձել Վիսենտե Կորվալանը` Չիլիից, երկրորդ տեղը զբաղեցրել է  Սեզար Ալբուրկերկը` Բրազիլիայից, երրորդ մրցանակին արժանացել են՝  Էմանուելե Սակին` Իտալիայից և Կարապետյան Հարությունը՝ Հայաստանից։

«Սինոփսիս Արմենիայի կողմից հիմնադրված միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադայի հիմնական նպատակն է բացահայտել մինչև 30 տարեկան առավել տաղանդավոր ճարտարագետներին և, միևնույն ժամանակ համոզվել, որ Հայատանում մեր ոլորտում ապահովում ենք մրցունակ և համաշխարհային պահանջներին բավարարող կրթության որակ», - ասել է Սինոփսիս Արմենիայի նախագահ, Սինոփսիսի առաջատար գիտնական դոկտոր Երվանդ Զորյանը։

«Կասկած չկա, որ միկրոէլեկտրոնիկան ու տեխնոլոգիական գիտությունները ծայրահեղ կարևոր են մեր բարեկեցիկ ապագայի համար։ Ես էլ, Ucom-ն էլ շատ ուրախ ենք մաս լինել այս միջոցառման, մեր աջակցությունը ցույց տալ ու խրախուսել երիտասարդներին ժամանակակից գիտելիքներ ստանալու, զարգացնելու և կիրառելու հարցում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Այս տարի Օլիմպիադան ընդգրկել է հետևյալ թեմաները՝   թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Ամենամյա միջազգային միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան հիմնվել է 2006թ-ին՝ նպատակ ունենալով խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, ստեղծել երիտասարդ մասնագետների համաշխարհային համայնք, հասկանալ միկրոէլեկտրոնիկայի գիտելիքների մակարդակը և արդիականացնել կրթական ծրագրերն, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տեսանելիությունն ու Հայաստանի մասին իրազեկվածությունը՝ որպես միկրոէլեկտրոնիկայի առաջատար կենտրոն։

 

Ալբանիայի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխվարչապետի պարտականությունների կատարումը կասեցվել է

Ալբանիայի՝ կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխվարչապետի պարտականությունների կատարումը կասեցվել է

Ալբանիայի փոխվարչապետի և ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար Բելինդա Բալլուկուն պարտականությունների կատարումը կասեցվել է, ինչպես նաև արգելվել է արտասահման մեկնել ընթացիկ հետաքննության շրջանակում:

Կոռուպցիայի դեմ պայքարի դատախազությունը հոկտեմբերի 31-ին Բալլուկուին տեղեկացրել է, որ նրա նկատմամբ հետաքննություն է իրականացվում 2020 թվականին ճանապարհաշինարարությանն առնչվող մրցույթների կանոնները խախտելու համար։ Նա հերքում է մեղադրանքները։

SPAK-ի [կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության հարցերով հատուկ դատախազ] խնդրանքով առաջին ատյանի հատուկ դատարանը անձնական անվտանգության միջոցներ [Բալլուկուի] նկատմամբ՝ նրա պարտականությունների կատարման և երկրից դուրս գալու արգելք է կիրառել: Անձնական անվտանգության միջոցներ են կիրառվել նաև հետաքննության տակ գտնվող երկու այլ անձանց նկատմամբ։

Բալլուկուն, որը Էդի Ռամայի գլխավորած իշխող Սոցիալիստական ​​կուսակցության առանցքային դեմք է, 2019 թվականից ի վեր եղել է ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարար, իսկ 2022 թվականից՝ փոխվարչապետ։ Ընդդիմադիր Դեմոկրատական ​​կուսակցությունը պահանջել է նրա հրաժարականը։

Չորեքշաբթի օրը խորհրդարանում ելույթ ունենալով՝ նա իր դեմ ուղղված մեղադրանքներն անհիմն է անվանել։
Վարչապետ Ռաման ևս իր աջակցություն է արտահայտել փոխվարչապետին, երբ ընդդիմությունը պահանջել է վերջինիս հրաժարականը։

Հայփոստ Մեդը սկանդալի կիզակետում է. բացահայտում է նախկին ղեկավարը

Հայփոստ Մեդը սկանդալի կիզակետում է. բացահայտում է նախկին ղեկավարը

Հոկտեմբեր 22, 2024

Անկախ փորձագետները փաստում են, որ քաղցկեղի, շաքարային դիաբետի և այլ հիվանդությունների բուժման համար նշանակվող բազմաթիվ դեղեր Հայաստանում գրանցված չեն, ուստի չեն կարող օրինական կերպով վաճառվել։ Բայց այդ դեղորայքն ազատ վաճառվում է դեղատներում կամ սեւ շուկայում։Եվ քանի որ գրանցված չեն, պետական ոչ մի կառույց չի ստուգում դրանց արդյունավետությունն ու անվտանգությունը։ Տարիներ շարունակ բժիշկներն ահազանգում են, որ այդ դեղերը կենսական անհրաժեշտություն են պացիենտների համար եւ պետք է գրանցվեն ու պատշաճ ստուգում անցնեն՝ բացառելու համար կեղծ դեղերի շրջանառությունը, սակայն պետությունը չի կարողանում լուծել հարցը։

Արտավազ Մազլումյանը պատմում է, որ 2024 հուլիսին անցկացված գույքագրման ընթացքում հայտնաբերել է, որ ՀայՓոստ Մեդի միջոցով փաստացի շրջանառվում են ապօրինի, չգրանված դեղեր։ Նա դրանց ցանկը ներկայացրել է Հայփոստ Մեդի ղեկավարությանը և հայտնել, որ գույքագրված դեղերից 3-ը, ըստ դեղգործակալության ցուցակի, գրանցված չեն, բայց փաստացի վաճառվում են ՊԵԿ դրոշմապիտակով և վաճառքը տեղի է ունեցել օրինական հարկային դաշտում։ Եվս 12 չգրանցված դեղամիջոցի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն, ինչը աբսուրդ է։

«Առողջապահության նախարարության, Տեսչական մարմնի և ՊԵԿ-ի գործողությունները ցույց են տալիս, որ դեղերի շուկայում վերահսկողությունը թերի է, կառույցները գործնականում չեն աշխատում և իրենց անգործությամբ թույլ են տալիս, որ չստուգված դեղերն ազատ վաճառվեն»,-ընդգծում է Արտավազ Մազլումյանը։ 

Դեղերի գրանցման գործընթացը երկար է տևում և թանկ արժե,ինչի պատճառով որոշ արտադրողներ չեն դիմում դեղերը գրանցելու համար։ Մյուս կողմից, բժիշկները, արդյունավետ բուժման նպատակով նշանակում են անհրաժեշտ դեղերը՝ անկախ դրանց գրանցված լինելու հանգամանքից։ Եթե դեղը ահանջված է, այն վաղ թե ուշ հայտնվում է շրջանառության մեջ և որպես կանոն զարտուղի ճանապարհներով՝ մաքսանենգ ներմուծում, չգրանցված վաճառք, անօրինական ցանցեր։

«Կարող եմ ասել, որ անօրինական ճանապարհներով դեղերը մտնում են երկիր հենց պետական հովանավորությամբ և շրջանառվում սև շուկայում»,-շեշտում է Մազլումյանը՝ ավելացնելով, որ Հայփոստ Մեդը փաստացի դարձել է սև շուկայի մասնակիցներից մեկը։

Խնդրի մասին բարձրաձայնումը և հետևողական քայլերը չգրանցված դեղերի շրջանառությունը կասեցնելու ուղղությամբ, Արտավազ Մազլումյանի համար լուրջ խնդիրներ են ստեղծել, որի պատճառով նրան հեռացրել են աշխատանքից՝ պարտավորեցնելով 5 տարի պահպանել ներքին ինֆորմացիան ՀայՓոստ Մեդի վերաբերյալ։

Օրերս մենք դիմել էինք ՊԵԿ և խնդրել, որ պարզաբանումներ տան չգրանցված դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողության խնդիրների և դրանց փաստացի վաճառքի վերաբերյալ։

ՊԵԿ-ից հայտնել են, որ թեմատիկ հարկային ստուգում կանեն և արդյունքների մասին կտեղեկացնեն։ Թե ինչ ժամկետում՝ հայտնի չէ