Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները խիստ կլինեն ակտիվացող քաղաքական ուժերի նկատմամբ. «պապկաներ» են հավաքվել. «Ժողովուրդ»

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները խիստ կլինեն ակտիվացող քաղաքական ուժերի նկատմամբ. «պապկաներ» են հավաքվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները նպատակ ունեն առաջիկա ամիսներին շատ խիստ լինել բոլոր այն քաղաքական ուժերի նկատմամբ, ովքեր կակտիվանան` 2026 թվականի խորհրդարանական ընտրություններով պայմանավորված:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ իրավապահների ուշադրության կենտրոնում են բոլոր քաղաքական ուժերը, նոր ստեղծվելիքներից սկսած մինչեւ ընդդիմադիր դաշտում ամենաակտիվները: Բոլորի հետ կապված իրավապահները «պապկաներ» են հավաքել, պատրաստ սպասում են, թե ով որտեղ կսխալվի, որ գործի դնեն կոմպրոմատները:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ իրավապահները ներքին կարգով տարբեր ուժերի ներկայացուցիչների են հրավիրելու բաժիններ՝ ճնշելու, նրանց նկատմամբ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով: Տեւական ժամանակ է իրավապահներն «աշխատել» են Սրբազան հայրերի ուղղությամբ, հրավիրվել են տարբեր բաժիններ, անձնական տարբեր բնույթի նյութեր են դրվել նրանց դեմ, ինչի համար վերջիններս որոշել են ընդառաջ գնալ Նիկոլ Փաշինյանի պահանջներին եւ Կաթողիկոսի հեռացման համար քայլեր ձեռնարկել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոգեւորականների նկատմամբ առաջիկայում ճնշումները գնալով ավելի են ուժեղանալու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ռուսաստանցի և ադրբեջանցի հնագետները պեղումներ են անում օկուպացված Արցախում

Ռուսաստանցի և ադրբեջանցի հնագետները պեղումներ են անում օկուպացված Արցախում

Ռուսաստանցի հնագետները, իրենց ադրբեջանցի գործընկերների հետ միասին, պեղումներ են անում օկուպացված Արցախում գտնվող Ազոխի քարանձավը (ավելի հին անվանումը՝ Որվանի անձավ -խմբ.), որը համարվում էր ԽՍՀՄ-ի ամենահին քարանձավը։
Ըստ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի քարե դարի հնագիտության բաժնի վարիչ և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Շունկովի՝ գիտնականները կիրականացնեն քարանձավի նոր թվագրում, որը կտրամադրի ավելի քան 2 միլիոն տարի առաջ Աֆրիկան ​​լքած մարդկանց տարածման վերաբերյալ ավելի ամբողջական տվյալներ

Ազոխի քարանձավը վեց քարանձավներից բաղկացած համալիր է Արցախում, որը հայտնի է որպես նախապատմական մարդկանց բնակավայր։ Այն համարվում է Կովկասի ամենահին մարդկային բնակավայրերից մեկը։  Նախկինում այն ​​թվագրվում էր մոտավորապես 800 հազար տարի առաջ։
Ըստ գիտնականի՝ դա հնարավորություն կտա ավելի ճշգրիտ տվյալներ ստանալ Աֆրիկայից դուրս հին մարդկանց տարածման վերաբերյալ, որը նրանք լքել են ավելի քան 2 միլիոն տարի առաջ։

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը․ Կավելաշվիլի

Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը․ Կավելաշվիլի

Աշխարհում լարված իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են զարգացնել իրենց կապերը, հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին իր հայ գործընկեր Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

«Ուրախ եմ Վրաստանում, պաշտոնական այցով հյուրընկալել բարեկամական և ռազմավարական գործընկեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության նախագահին։ Ինչպես գիտեք, այս տարի սա մեր երկրորդ հանդիպումն է։ Ապրիլի 29-ին ես պաշտոնական այցով գտնվում էի Հայաստանի Հանրապետությունում։ Ցանկանում եմ օգտվել այսօրվա հնարավորությունից և ևս մեկ անգամ հրապարակայնորեն շնորհակալություն հայտնել պարոն նախագահին ջերմ ընդունելության համար»,- հայտարարել է Վրաստանի նախագահը` կարևորելով 2024 թվականին կնքված ռազմավարական գործընկերությունը։

«Ուրախ եմ նշել, որ 2025 թվականը հատկապես արդյունավետ էր մեր երկրների միջև կապերի խորացման առումով։ Ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռք բերված արդյունքները հստակ ցույց են տալիս մեր համագործակցության արդյունավետությունն ու մասշտաբները», - հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին։

Նրա խոսքով՝ երկու երկրների միջև բազմակողմանի համագործակցությունը օրինակելի է։

«Վրաստանն ու Հայաստանը դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ ներդաշնակորեն գոյակցելով։ Երկու երկրների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և ամուր բարեկամության վրա հիմնված դարավոր հարաբերությունները երբեք չեն սահմանափակվել միայն աշխարհագրական մերձեցվածությամբ։ Այս գործընթացում չափազանց կարևոր են ընդհանուր արժեքներն ու տեսլականը, որոնք միավորում են մեր ժողովուրդներին. պետականության, ազգային ինքնության և մշակութային ինքնատիպության պաշտպանությունը, որը գլխավոր առաջնահերթություն է թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի համար և ամուր հիմք է ստեղծում էլ ավելի սերտ գործընկերության համար։ Մեր երկրների միջև բազմակողմանի համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Ակտիվ երկկողմ հարաբերությունների շրջանակներում Վրաստանն ու Հայաստանը արդյունավետորեն համագործակցում են նաև բազմակողմ հարթակներում»,- ընդգծել է Միխեիլ Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերոջը Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած աջակցության համար։

«Այս համատեքստում հատկապես կարևոր է հայկական պետության կողմից Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող անսասան աջակցությունը, որի համար ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեր երկրին, պարոն նախագահ, թե՛ իմ, թե՛ վրաց ժողովրդի անունից», - նշել է Կավելաշվիլին։

Վրաստանի նախագահի խոսքով՝ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում Վրաստանը և Հայաստանը շարունակում են զարգացնել քաղաքական, տնտեսական և միջազգային կապերը։

«Հանդիպման ընթացքում ես նշեցի, որ արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի հաշվառմամբ՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանումը շարունակում է մնալ ավելի ու ավելի կարևոր։ Հարկ է ընդգծել, որ լարված համաշխարհային իրավիճակի պայմաններում մենք շարունակում ենք զարգացնել քաղաքական, տնտեսական և միջմարդկային կապերը», - ասել է Միխեիլ Կավելաշվիլին։

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունը կքննի Վահե Դոլմազյանը

Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել․ «2025 թ. հոկտեմբերի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Հակակոռուպցիոն դատարանից տեղեկացվեցինք, որ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդությունը մակագրվել է դատավոր Վ. Դոլմազյանին:

Հիշեցնենք, որ քննիչի կողմից այն ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 11-ին, և այսքան տևական ժամանակ պահանջվեց մակագրման «թեկնածու» գտնելու համար: Դատավորը, ում մակագրվել է այս ակնհայտ անհիմն միջնորդությունը, հանրությանը հայտնի է որպես հնչեղություն ստացած գործերով, բացառապես իշխանահաճո որոշումներ կայացնող Դատավոր: Առավել ուշագրավ է այն, որ Դատավորը, ստանալով նյութերը, արդեն իսկ էական խախտում է թույլ տվել՝ 24 ժամից պակաս ժամկետում նիստ նշանակելով: Ի դեպ, հրատապության հարցը սույն դեպքում առհասարակ բացակայում էր, քանի որ կալանքի ժամկետը լրանում էր հոկտեմբերի 18-ին: Այս գործողությունները ևս որևէ իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի հանգամանքը հաստատված է. իրավունքների նման ծավալի կոպիտ խախտումներն ակնառու են և աննապադեպ»:

«Սա քաղաքական դատաստան է ազգի ինքնության դեմ». Գարիկ Բաղդասարյան

«Սա քաղաքական դատաստան է ազգի ինքնության դեմ». Գարիկ Բաղդասարյան

Սեպտեմբեր 10, 2025

Հայ առաքելական եկեղեցու ու Սբ. Էջմիածնի նկատմամբ սկսված արշավը սպառնում է լուրջ քաղաքական ու հասարակական ճգնաժամ ստեղծել Հայաստանում ու արտերկրում։ Արտերկրի հայությունը ևս վրդովված է եկեղեցու ու հոգևորականների նկատմամբ պետության հալածանքներից։ 

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, չի տողավորվում իրավական կամ տրամաբանության շրջանակներում։Այսօր տեղի ունեցողը բացահայտ քաղաքական հաշվեհարդար է Հայ Առաքելական Եկեղեցու ու նրա հետևորդների դեմ։ 

Իշխանությունները ապացուցում են, որ չունեն սրբություններ ու բարոյական արգելքներ»,-մեզ հետ զրույցը նման կտրուկ որակումներով սկսեց Հայաստան դաշինքի անդամ, Սրբազան պայքարի աջակից Գարիկ Բաղդասարյանը, որը ներկայում բնակվում է ԱՄՆ-ում, սակայն շարունակում է պայքարը Հայաստանում տիրող ապօրինությունների, քաղաքական հետապնդումների դեմ և հատկապես եկեղեցու ու հոգևորականների ապօրինի կալանավորման դեմ։

Բաղդասարյանի դիտարկմամբ իրավական համակարգը վերածվել է քաղաքական հետապնդման գործիքի՝ զուտ իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող մեխանիզմի։ 

Նա մտաբերում է Հայաստանում իր հետ տեղի ունեցած դեպքերը,հետապնդումն ու ճնշումները, երբ պետական մարմինների կողմից  թիրախավորվել էր իր քաղաքական հայացքների, կուսակցական պատկանելիության ու Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մերձավորներից լինելու համար։ Գարիկ Բաղդասարյանը շեշտում է, որ իրավապահ համակարգնէ նրան փակուղու առաջ կանգեցրել ու դարձել իր ու իր ընտանիքի համար ուղղակի կյանքի սպառնալիք, ինչի հետևանքով մնացել բացարձակ անպաշտպան։

«Սա է մեր երկրի ղեկավարության նկարագիրը, և պատահական չէ, որ հիմա հարվածը հասցվում է հենց Եկեղեցուն, որովհետև Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, եկեղեցին մեր ինքնությունն է, մեր պետականության հիմքն է, մեր քաղաքակրթական առանցքը, իսկ ով սատարում է եկեղեցուն, իշխանությունները համարում են վտանգավոր տարրեր, որոնց պետք ձերբակալել ու վերացնել»,-վրդովվում է է Բաղդասարյանը՝ վերհիշելով Էջմիածնում տեղի ունեցող բռնությունները՝ հոգևորականների ու եկեղեցու հավատավոր հետևորդների նկատմամբ։

Հայաստան դաշինքի անդամի կարծիքով հիմա ժամանակն է վերջնականապես վերաիմաստավորել ուր են տանում մեր երկիրը այսօրվա իշխանությունները և առաջիկա ընտրություններում ճիշտ կողնորոշվել՝ այլևս հնարավորություն չտալ Նիկոլ Փաշինյանին վերընտրվելու։

«Երբ պետությունը պատերազմ է հայտարարում Եկեղեցուն, նշանակում է՝ պետությունը պատերազմ է հայտարարում սեփական ժողովրդին, պատմությանը, սեփական արմատներին և ինքնությանը։Սա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կործանում»,-ընդգծում է Բաղդասարյանը։ 

Գարիկ Բաղդասարյանը կոչ է անում աշխարհասփյուռ հայությանը համախմբվել և աջակցել մեր եկեղեցուն ու պատասխանատվություն ստանձնել մեր պետության հանդեպ, քանի որ, իր ձևակերպմամբ, հիմա արդեն ոչ միայն առաջիկա ընտրություններում հաղթելու, այլ մեր ինքնության, պետության և ազգի գոյության հարցն է։

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական օբյեկտի ոչնչացման մասին

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական օբյեկտի ոչնչացման մասին

Իրանի «Բասիջ» կազմակերպության ղեկավար, բրիգադի գեներալ Ղոլամռեզա Սուլեյմանին հայտարարել է, որ վերջին 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանը կարողացել է ոչնչացնել 21 իսրայելական ռազմավարական օբյեկտ, և ներկայումս կազմել է թիրախների ճշգրիտ ցանկ՝ մինչև մեկ մետրի ճշգրտությամբ, հաղորդում է Mehr-ը։

Գեներալ Սուլեյմանին նշել է, որ «թշնամին կազմակերպեց 12-օրյա պատերազմ՝ միաժամանակ ակտիվացնելով անջատողական խմբավորումները՝ ներսից և դրսից ճնշում գործադրելու Իսլամական Հանրապետության վրա, սակայն նրանց ծրագիրը ձախողվեց»։

«Այդ 12 օրերի ընթացքում ամբողջությամբ ոչնչացվել է սիոնիստական ռեժիմի 21 կենսական և ռազմավարական օբյեկտ, և՝ հիմնվելով նոր հրթիռների վրա, մենք կարողացանք ավարտել մեր թիրախների ցանկը՝ մինչև մեկ մետրի ճշգրտությամբ։ Այսօր մենք լիովին գիտենք նրանց թույլ կողմերը և տեղեկացված ենք այն մասին, թե ինչ է տեղի ունենում օկուպացված տարածքների յուրաքանչյուր քառակուսի մետրի վրա», – ասել է նա։
Իրանցի գեներալը նախազգուշացրել է, որ եթե որևէ ագրեսիա կրկնվի, «Իրանը պատասխանատվության կենթարկի ոչ միայն սիոնիստներին, այլ նաև նրանց կողմնակիցներին»։

«Գնացեք և պարզեք, թե քանի երկիր է մասնակցել վերջին պատերազմում Իսրայելի պաշտպանությանը, և քանի հազար տոննա ռումբ ու պայթուցիկ նյութ են փոխանցել սիոնիստական ռեժիմին, որպեսզի նա դրանք գցի անպաշտպան ազգի վրա։ Բայց այս անգամ պայմանները այլ կլինեն», – հավելել է Սուլեյմանին։

Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանը և Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։

Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։

Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։