Իրադարձություններ

Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը

Ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է Սերժ Սարգսյանը

Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս մասին հայտնում են Հանրապետական կուսակցության գրասենյակից։

Քննարկվել են կուսակցության հերթական՝ 17-րդ համագումարի պատվիրակների ընտրության ընթացքը, համագումարին ներկայացվող փաստաթղթերի նախագծերը, կուսակցության միջազգային գործընկերության ընդլայնման, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր։

ՀՀԿ Գործադիր մարմինը հորդորում է համագումարի պատվիրակներին՝ շարունակվող համավարակի պայմաններում դրսեւորել առավելագույն պատասխանատվություն ինչպես սեփական, այնպես էլ այլոց առողջության նկատմամբ։

Համագումարի անցկացման վայրում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները, ներառյալ անձնական պաշտպանության եւ հիգիենայի պարագաներով ապահովումը։

Համագումարի լուսաբանման հրավերը եւ լրագրողների հավատարմագրման պայմանները կհրապարակվեն դեկտեմբերի 13-ին։

Հիմա մենք այս քննարկմամբ խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հիմա մենք այս քննարկմամբ խթանում ենք, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կառավարությունն այսօր հերթական նիստին հավանություն տվեց Քաղաքացիական օրենսգրքում և մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծին, որի նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների նախատեսումն է։

Այսպիսով` մշակված նախագծերով կբացառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչը կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա։

Հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կադաստրի կոմիտեն լավ տեմպերով իրականացնում է օդային լուսանկարահանումներ Հայաստանի բնակավայրերի, և մենք ինչ–որ ժամկետի դրությամբ կունենանք ՀՀ–ում իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։  «Մենք չենք կարող ասել, որ այսօրվանից այս պահին գոյություն ունեցող ապօրինի շինությունները քանդվում են, որովհետև, հասկանալի է, որ լինի, պետք է որոշակի ժամանակային լագ թողնել»,–ասաց նա։

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ ամբողջ դաշտային աշխատանքներն ավարտված են, տվյալների մշակման փուլում են գտնվում։

Ինչ վերաբերում է ժամկետներին, թե որ օրվանից հետո չեն իրականացնի ապօրինի շինարարություն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այստեղ պետք է շատ հստակ լինեն և այնպիսի ժամանակային հատված չտան, որ մեծածավալ ապօրինի շինություններ լինեն։ «Հիմա մենք այս քննարկմամբ խթան ենք տալիս, որ բոլորը ամեն ինչ թողնեն, ապօրինի շինարարություն անեն, սենց բան ոնց կարելի է անել, չի կարելի նման բան անել։ Մենք հիմա իբր պայքարում ենք, բայց երաշխավորում եմ, որ ձեր նշած երեք ամսվա ընթացքում աննախադեպ մեծ ծավալի ապօրինի շինարարություն կսկսվի»,–ասաց նա։

ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

ՄՊՀ-ում քննարկվել են մտավոր սեփականության պահպանության ոլորտում համագործակցության հարցերը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանն այսօր հյուրընկալել են Ռուսաստանի Դաշնությունում Ֆրանսիայի դեսպանության մտավոր սեփականության հարցերով խորհրդական Նելսոն Էմերիին և Վրաստանում և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների տնտեսական հարցերով կցորդ Ֆրանսուա-Անրի Կլոարեկին, տեղեկացնում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մտավոր սեփականության, մասնավորապես ապրանքային նշանների պահպանությանն առնչվող խնդիրներ: ՄՊՀ ներկայացուցիչները ներկայացրել են ապրանքային նշանների կիրառմամբ տնտեսավարող սուբյեկտի և նրա գործունեության նկատմամբ շփոթություն առաջացնելու միջոցով անբարեխիղճ մրցակցության դրսևորումների օրենսդրական կարգավորումները: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում տնտեսական մրցակցության պաշտպանության մարտահրավերների և դրանց ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ: 

ԵՊՀ–ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն

ԵՊՀ–ում բացվել է Ամերիկյան հետազոտությունների կենտրոն

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ մասնակցեց Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի բացմանը և Երևանի պետական համալսարանում «Ամերիկագիտություն» առաջին մագիստրոսական կրթական ծրագրի պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառմանը, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը։ 

2019 թ․, դրամաշնորհ ստանալով ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակից, ԵՊՀ-ը ձեռնամուխ եղավ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի և «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրի ձևավորման աշխատանքներին։ Այս ծրագրի իրականացման աշխատանքներում ԵՊՀ-ի գործընկերն էր Արիզոնայի համալսարանը։ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնը կծառայի որպես ԱՄՆ հասարակաքաղաքական իրողությունների շուրջ հետազոտությունների ու վերլուծությունների կարևոր կառույց։ Իսկ մագիստրոսական կրթական ծրագրով արդեն կատարվել է առաջին՝ 2021-22 ուստարվա ընդունելությունը։ 

«Այս մագիստրոսական կրթական ծրագիրը հայ ուսանողներին հնարավորություն է տալիս այստեղ՝ Հայաստանում, ուսումնասիրել Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը, դիվանագիտությունը, տնտեսությունը, հասարակությունը, և արդյունքում նրանք ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց շնորհիվ կարողանում են առավել լավ պատկերացնել ու հայ հասարակությանը պարզաբանել ամերիկյան հասարակաքաղաքական իրողությունները», - ասաց դեսպան Թրեյսին։

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովի բացմանը, որն անցկացվել է առցանց: Համաժողովը կազմակերպվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ: Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան հարյուր երկրի առաջնորդներ և ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը:

Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Ջո Բայդենը, որից հետո մեկնարկել են պանելային քննարկումները:

Համաժողովին մասնակցում են նաև հասարակական կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Երկօրյա քննարկումների օրակարգում են՝ ժողովրդավարության դեմ սպառնալիքներին դիմագրավելու, կոռուպցիայի դեմ պայքարին ու մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը «Հանուն ժողովրդավարության» համաժողովին նախատեսված է դեկտեմբերի 10-ին:

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։

Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լըմուանին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների կազմակերպմանն օժանդակելու համար՝ ընդգծելով, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է: 

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին։

Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։